Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 01 Դեկտեմբեր 2014 13:01

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

38-րդ նստաշրջան
2005 թ. յունւար - 2007 թ. յունւար


* Մարզաւանի կալւածի կապակցութեամբ «Ասթանէ Ղոդսէ Ռազաւի»-ի յարուցած հարցի հետեւանքով, 2005 թ.-ի յունիսին, կազմակերպութիւնն «Դատական ուժ»-ի կողմից ստացաւ յայտ՝ ուղղւած Հ.Մ.Ա.Կ.-ին եւ Թեմական խորհրդին, դատարան ներկայանալու համար: Հարցին արագօրէն հետեւելու համար Թեմական խորհրդի հետ խորհրդակցութեան արդիւնքում կեանքի կոչւեց մի շտաբ, որը կազմակերպեց մի շարք աշխատանքներ: Տեղի ունեցած բազմաթիւ հանդիպումների, նամակագրութիւնների, քարոզչական աշխատանքների եւ հայ հասարակութեան անմիջական զգօնութեան արդիւնքում, տեղի չունեցաւ դատավարութիւնը, սակայն չլուծւեց հարցը, բայց հարցին պէտք է շարունակէին հետեւել Թեմական խորհուրդը եւ Կենտրոնական վարչութիւնը: Հարկ է նշել, որ այս աշխատանքում իրենց անվերապահ օժանդակութիւնը ցուցաբերեցին յատկապէս Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Գէորգ Վարդանեանը եւ իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանը:
Պիտի նշել նաեւ շրջանի ընթացքում եղած բանակցութիւնների շնորհիւ, յաջողւեց մարզաւանի տարածքի հարաւային բաժնից շուրջ 20,000 քառ. մետրը, որպէս ազգապատկան տարածք, պաշտօնապէս յապաւել «Ասթան»-ի պահանջից, որի համար պէտք է կալւածագիր ստանալ: Հարցին հետամուտ է Թեմական խորհուրդը:

141201d01a

* Այս շրջանում հիմնադրւեց օթոմասիոն համակարգ՝ կազմակերպութեան գրասենեակային, հաշւապահական, ապահովական եւ վարչական աշխատանքները համակարգչային ցանցի միջոցով վարելու համար:
* «22 Բահման»-ի տօնակատարութիւնների առթիւ 2005 թ.-ին մարզաւան հրաւիրւեց Մարմնակրթական կազմակերպութեան պետ եւ նախագահական ընտրութիւններում նախագահի թեկնածու՝ պրն. Մեհրալիզադէն, իսկ 2006 թ.-ին նրան փոխարինող պրն. Ալիաբադին, որոնք պատկան կազմակերպութեան կողմից կատարեցին որոշ նիւթական յատկացումներ, 2 պինգ-պոնգի սեղան եւ տեկւանդոյի փորձերի մրցագորգ: 2005-ին, Թեհրանի քաղաքապետ՝ դոկտ. Ղալիբաֆը մարզաւանում, բացումը կատարեց քաղաքապետարանի միջոցով կառուցւած արհեստական կանաչապատ մինիֆուտբոլի դաշտի: Նոյն տարում քաղաքապետարանը օժանդակեց նաեւ մարզաւանի կանաչապատման եւ ասֆալտապատման աշխատանքներին:
* 2005 թւականի մարտին, Սկաուտական Համաշխարհային կազմակերպութեան ընդհանուր քարտուղար՝ Լուք Փանիսուդը այցելեց մարզաւան եւ Սկաուտական միութիւն: Յիշատակելի է նաեւ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ՝ Պիտր Վլափանի եւ պատւիրակութեան այցելութիւնը՝ «Արարատ» մարզաւան, որը Իրան էր ժամանել ֆուտբոլի ուսուցողական ծրագրեր մշակելու համար:
* 2006 թւականի նոյեմբերին Հայաստանի գրողների եւ մտաւորականների եօթ հոգանոց մի պատւիրակութիւն՝ Հայաստանի Գրողների միութեան նախագահ՝ Լեւոն Անանեանի գլխաւորութեամբ, Իրանի պետութեան հրաւէրով Սպահանի համալսարանում մասնակցեց «Իրան-Հայաստան գրական մշակութային սեմինար»-ին, որից յետոյ նոյեմբերի 25-ին մարզաւանում, Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, առիթ ունեցաւ հանդիպելու իրանահայ գրասէր հասարակութեան հետ:

141201d01b

* Պարախմբի (գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Ղազարեան) պարուհիների 6 հոգանոց մի խմբակ 2005 թ.-ի նոյեմբերին մի պարի կատարումով մասնակցեց Հայաստանի Պարարւեստի գործիչների միութեան նախագահ՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ, պարարւեստի լեգենդ Վանուշ Խանամիրեանի մեծարման երեկոյին՝ Երեւանում, իսկ 2006 թ.-ի սեպտեմբերին, Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ, պարախումբը՝ 50 հոգով, ելոյթ ունեցաւ Երեւանի Ստանիսլաւսկու անւան Պետական ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում եւ Էջմիածնում:
* «Արարատ» երգչախմբի (ղեկավար՝ Արաքսիա Խաչատրեան) ելոյթներից յիշատակելի է Եղեռնի 90-ամեակին նւիրւած հոգեւոր երգերի համերգը՝ Ս. Աստւածածին եկեղեցում, որին հրաւիրւած էին նաեւ օտար երկրների դեսպաններ:
* 2005 թ.-ին, թատերական կեանքը աշխուժացաւ նորայայտ բեմադրիչ՝ Սեդրակ Գոջամանեանի «Ո՞ւր պիտի թաղւենք» բեմադրութեամբ, նւիրւած՝ Յակոբ Կարապենցի ծննդեան 80-ամեակին:
* Յաջորդ տարի նոյն բեմադրիչը մշակոյթի օրւայ առիթով բեմադրեց «Ես ծով ունեմ» ներկայացումը, իսկ «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի ներկայացումը նւիրւած էր հայոց տառերի գիւտի 1600-ամեակի եւ Եղեռնի 90-ամեակներին (ղեկավար՝ Ռուբիկ Մ. Պետրոսեան):
* Յիշատակելի է կազմակերպումը՝ Շահէն Սարգսեանին նւիրւած պարսկերէն գրքի շնորհանդէսի՝ «Կոմիտաս» սրահում, Հայաստանից հրաւիրւած «Cadence» հնգեակի ելոյթները՝ «Կոմիտաս» եւ «Վահդաթ սրահներում, Վարդան Պետրոսեանի եւ Յովհաննէս Բաբախանեանի մենաթատրոնները՝ «Կոմիտաս» սրահում եւ Թաթայի համերգը՝ մարզաւանի ֆուտբոլի դաշտում: Վերջինս նոր երեւոյթ էր առնւազն վերջին 30 տարում:
* Այս շրջանում, բասկետբոլի մարզաձեւում արհեստավարժ հիմունքներով գործում էին տղայոց եւ աղջիկների մէկական խմբեր: Յատկանշական է, որ 2005 թ.-ին, աղջկանց խումբը առաջին կարգի լիգայի մրցութիւններում՝ առաջին, իսկ 2006 թ.-ին սուպեր լիգայում՝ երկրորդ հանդիսացաւ, որը աննախադէպ էր առնւազը վերջին 20 տարում:
* 2006 թ.-ին Իրանի միջակումբային մրցութիւններում, Հ.Մ.Ա.Կ.-ի խումբը 4x100 մ. վազքում երրորդ հանդիսացաւ:

141201d01c

* Թենիսի մարզաճիւղում երեք մարզիկներ՝ Թալին Աբրահամեանը, Անի Նազարեանը եւ Մաթիլդա Մուրադեանը, մաս են կազմել Թեհրանի հաւաքականին՝ Իրանի թենիսի կանանց 8-րդ շրջանի ախոյեանական մրցութիւններում, ուր Թեհրանի խումբը շահեց առաջնութիւնը, իսկ Թալին Աբրահամեանը անհատական բաժնում առաջին հանդիսացաւ՝ ամբողջ Իրանում:
* 2005-ի օգոստոսին Հայաստանում տեղի ունեցաւ բասկետբոլի առաջին Համահայկական համաշխարհային խաղերը, որին մասնակցում էին նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի տղաների եւ աղջիկների խմբերը, վերջինս գրաւեց երկրորդ տեղը: Նոյն տարում Մարզական միութեան 35 հոգանոց պատւիրակութիւնը աղջիկների եւ տղաների բասկետբոլ եւ լող մարզաճիւղերում, մասնակցեց Հ.Մ.Ը.Մ.-ական 7-րդ խաղերին՝ Աթենքում, իսկ 2005 եւ 2006 թւականներին Թեհրանի եւ Թաւրիզի պինգ-պոնգի խմբերը մասնակցել են ԼՂՀ-ի նախագահի անւան մրցաշարերին:
* 2006 թ.-ին, որպէս միջազգային իրաւարարներ, Մարզական միութեան անդամ՝ Հերոս Աւանէսեանը մասնակցեց Ճապոնիայի բասկետբոլի միջազգային խաղերին, իսկ թենիսի մարզիչ՝ Արա Սուքիասեանը՝ Կատարի ասիական մրցութիւններին:
* 2006 թ.-ի ամռանը, Սկաուտական միութիւնը կազմակերպեց, Թեհրանից սկաուտական 30 հոգանոց մի խմբի մասնակցութիւնը ՀամաՀ.Մ.Ը.Մ.-ական 8-րդ ընդհանուր բանակումին՝ Հայաստանի Բիւրական քաղաքում, որին մասնակցում էին 23 հոգի «Արարատ»-ից, 5 հոգի «Նայիրի» եւ 2 հոգի «Սիփան» միութիւններից: Թեհրանի պատւիրակութիւնը արժանացաւ «Ամենալաւագոյն պատւիրակութիւն» կոչմանը:
* Այս շրջանում աւարտւեց Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիի շինարարական աշխատանքները եւ կնքւեց եռակողմ մի պայմանագիր՝ տեղի Թեմական խորհրդի, Կենտրոնական վարչութեան եւ մասնաճիւղի վարչութեան միջեւ՝ ըստ որի՝ շէնքը ամբողջութեամբ տրամադրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղին: Այնուհետեւ Կենտրոնական վարչութեան տրամադրած նպաստով կահաւորւեց այն, որից յետոյ 2005 թ.-ի յուլիսին, կատարւեց շէնքի պաշտօնական բացումը: