Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 

 

 

2014 թ. Յուլիսի 15-19 տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արի 4, Արենուշ 2 և Արենուշ 4-ի միասնական բանակումը Գիլանի «Անզալի» քաղաքում:

Պատասխանատուներն էին՝

Արեն.2 Վ.Ա. Սիւնէ Դանիէլեան

Արի4 Ա. Արմէն Շահբէգեան

Արեն. 4 Ա. Արինէ Աղասեան

Օգնականներ՝

Արի 4 Ա. Էդւին Աղաբէգեան

Արեն. 2 Ա. Նարէ Իսայեան

Խմբին օժանդակեցին Պրն. Էդւին Աւագեմեանը և Տկն. Ռիթա Ալահւերդեանը:

            Բանակումի նպատակն էր զարգացնել սկաուտական գիտելիքները և ճանաչել Անզալին:

            Սկաուտական գիտելիքների զարգացման առումով անհատները ունեցել են զանազան դասարաններ 2-րդ կարգի և 3-րդ կարգի գրքերից: Անհատները այցելելով «ماسوله» և ուրախ ժամանց անցկացնելով ծովափում, մասամբ ճանաչեցին քաղաքը: Ինչպէս միշտ բանակումի օրեկան աշխատանքների մասէին կազմում պարատները և զանազան խաղերը: Ըստ աւանդոյթի երեխաները վերջին գիշեր ունեցել են խարոյկ, երգ, թատրոն և այլ աշխատանքներ որոնք անմոռանալի դարձրին բանակումը: Վերջին գիշեր բանակումի հիւր էին Դ.Խ. Արգին Օհանեանը և Դ.Խ. Արբի Շահբէգեանը: Բանակումը աւարտւեց յուլիսի 19-ին Արարատ Մարզաւանում սոյն կանչով՝

«Կեցցէ Արիները, կեցցէ Արենուշները, կեցցէ 2-4 երը»:

 

 

 

 

         Մեր մարզիկների յաջողութիւնը

      Թեհրանի ակումբային տղայոց բասկետբոլի առաջնութեան մրցաշարում, ուր տեղի է ունենում Թեհրանի «Հեյդառնիա» մարզահամալիրում, «Արարատ»-ի մինի բասկետբոլը թւականիս յունիսի 27-ին՝  74-48 հաշւով և յուլիսի 11-ին՝ 70-25 հաշւով հերթականաբար՝ «Ջահան Առա» և «Ռանգ Ալւան» թիմերին յաղթեց: Կրտսերների բաժնում թւականիս յուլիսի 4-ին «Արարատ»-ը նոյնպէս յաջողեց 62-57 հաշւով առաւելութեան հասնել «Փառսէ» խմբին:

          Ուրախութեամբ պիտի յայտնենք, որ «Արարատ»-ի երիտասարդ տղայոց բասկետբոլի խմբից ՝ Արմի Նազարեանը և Դրօ Տէրղուկասեանը ընդգրկւել են Իրանի տղայոց բասկետբոլի հաւաքականի կազմում: Շնորհաւորում ենք մեր մարզիկներին:

 

......................................................................................................................................................................

             Թեհրանի ակումբային բասկետբոլի կրտսեր աղջիկների խաղերի արդիւնքը:

Թւականիս յուլիսի 7-ին «Արարատ»-ը յաղթանակ շահեց «Մալառդ» թիմի դէմ 40-16 հաշւով և յուլիսի 21-ին 48-19 հաշւով յաջողութեան հասաւ «Մահմուդի» թիմի դէմ:

Շնորհաւորում ենք մեր մարզիկներին:

.Հ.Մ.«Արարատ»Կ

          Ամառը եւ ամառային աշխատանքները այն թեման է, որը խիստ հետաքրքրում է երեխաներին եւ նրանց ծնողներին: Ահաւասիկ, այդ դասարաններից են Հ. Մ. «Արարատ» մարզաւանում կազմակերպւող ամառային դասընթացները, որոնց ներգրաււած են մեծ թւով մանուկ-պատանիներ: Առիթը պատեհ համարելով՝ «Արարատ» մարզաւանում այցելեցինք կազմակերպւած տարբեր դասարանները, մօտկից ծանօթանալով տարւող աշխատանքներին եւ զրուցելով դասարանների պատասխանատու տկն. Քաթրին Քարիմեան-Մարտոյեանի հետ:
Զրոյցի ընթացքում Քաթրինն այսպէս ասաց. «Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնած դասընթացներին այս տարի մասնակցել են շուրջ 140 աշակերտներ՝ տարիքային երկու բաժանումներով, 4-ից 8 տարեկան, որոնք ունեն ամենօրեայ դասաժամեր եւ 8-ից 13 տարեկան, որոնք մասնակցում են դասընթացների շաբաթական երեք օր՝ ընտրելով իրենց սիրած մարզաձեւերը:
8-ից 13 տարեկան երեխաները ըստ իրենց ցանկութեան սովորում են բասկետբոլ, ֆուտբոլ, սկէյտ եւ թենիս. դրան զուգահեռ՝ նրանք օգտւում են լողարանից, իսկ 4-ից 8 տարեկանները ծանօթանում են տարբեր մարզաձեւերի: Նշեմ, որ այս դասընթացների նպատակն է ծանօթանալ մի շարք մարզաձեւերի, որպէսզի հետագայում պատանի-երիտասարդները կարողանան մասնակցել կազմակերպութեան մարզական խմբերին: Փոքրահասակները զբաղւում են մարմնամարզութեամբ, եօգայով, վալիբոլով, ռազմարւեստի կարատէ մարզաձեւով, ժայռամագլցմամբ, իսկ այս մարզանքների կողքին՝ ունենք այլ զբաղմունքներ: Դրանցից կարելի է թւարկել տարբեր խաղերի, խեցեգործութեան, մտային խաղերի, նկարչութեան, քանի որ ֆիզիկական աշխատանքներին զուգահեռաբար՝ տարւող մտային աշխատանքների շնորհիւ՝ երեխան սովորում է ճիշտ մտածել ու առողջ դատել: Սովորեցնում ենք երգ ու պարային շարժումներ:
Յիշեալ դասընթացներում փորձում ենք օգտւել լաւագոյն մարզիչներից: Դասընթացներին զուգահեռ՝ նշում ենք այն ազգային ու կրօնական տօները, որոնք համընկնում են դասարանների կայացման օրերին, ինչպէս, օրինակ, Վարդավառի տօնը, որը նշում ենք Ս. Խաչ մատուռում»:
Նա այսպէս շարունակեց. «Ամառային դասընթացները տեւում են 6 շաբաթ եւ լինում են երկու փուլով. առաջին 6 շաբաթը աւարտւելով սկսւում է 2-րդ շաբաթը, բայց 5 շաբաթ տեւողութեամբ»:
Դասընթացների պատասխանատուն այսպէս շարունակեց զրոյցը. «Այս դասարանների գծով պէտք է շնորհակալութիւն յայտնենք Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ Մարզական միութեան վարչութեանը, որոնք երեխաների համար նման առիթներ են ստեղծում: Նշեմ, որ ամէն առաւօտեան աշխատանքը սկսում ենք Տէրունական աղօթքով, որից յետոյ թեթեւ մարզանքներ, ապա երգեր ենք երգում եւ երեխաները աշխուժացած՝ սկսում են իրենց դասարանները. դասաժամերն են առաւօտեան 9:30-ից 12:30-ը»: Դասարանների պատասխանատուն վերջում այսպէս արտայայտւեց. «Նման հաւաքական աշխատանքներ շատ կարեւոր են երեխաների համար եւ առիթ են դառնում երեխաների մօտ զարգանայ միութենական կեանքը, որը շատ տարբեր է դպրոցական կեանքից»:
Ստորեւ ներկայացնում ենք Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ամառային դասընթացների մարզիչների եւ դաստիարակների անւանացանկը՝ ըստ մարզաձեւերի.
Ֆուտբոլ՝ Արթին Մինասեան
Բասկետբոլ՝ Ալ Ղանբարի
Բասկետբոլի մարզչի օգնական՝ Թենի Ասատրեան
Թենիս՝ Էրիկ Քամարզարեան
Թենիսի մարզչի օգնական՝ Ռոդրիկ Քամարզարեան
Սկէյտ՝ Հոսէյն Բաղալզադէ
Սկէյտի մարզչի օգնական՝ Նարեկ Աւետեան
Ժիմնաստիկ՝ Լէյլա Բահրամի
Եօգա՝ Էլհամ Այուբի
Վալիբոլ՝ Անի Խեչումեան
Ժայռամագլցում՝ Զահրա Ֆարաջի
Կարատէ՝ Մառլէն Ղարաբէգի
Օրֆ՝ Լիաննա Ղազարեան

4-8 տարեկան երեխաների դաստիարակներն են՝

Անի Նարթինեան
Աւենիա Ռոստոմեան
Անի Սեփանեան
Մեղմիկ Ջորջեան
Գեղանի Շահբազեան
Լուսինէ Փիրջանլու
Արսինէ Աբրահամեան
Հերմինէ Վարդանեան
Օդրին Ռոստոմեան
Օլգա Յակոբեան
Քարմէն Քարիմեան
Լինա Դաւթեան
Ալիս Խուդադադեան

Նիւթը կազմեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

            Հինգշաբթի 2014թ. յուլիսի 3-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 և 4 և Արիների հատւածի թիւ 4 խմբերը և երեք խմբերի Աստիճանաւորական կազմերի, կազմակերպել էին «Գիշերային» միասնական աշխատանք: Նպատակ ունենալով երեք խմբերի միջև ստեղծել մտերմութիւն յառաջիկայ միասնական բանակումի համար:

        Ծրագրում կար շարքային աշխատանք, վազքայլի փորձ և խաղ՝ Քոնսէ, որոնք նպաստելու է յառաջիկայ երդմանը և Ողեպիական մրցումներին, նաև տեղի ունեցաւ ժայռամագլցման տեսական ու փորձնական դասարան և Սկաուտները «Սասունցի Դաւիթ» սրահի մագլցման պատի վրայ միաժամանակ փորձեր կատարեցին:

         Ծրագրում էր նաև աղիւսախաղ, գիտելիքների մրցութիւն և թոկի խաղ:

Միասնական աշխատանքը շարունակւեց միւս օրը ուրբաթ միասնաբար նախաճաշելով: Աշխատանքը աւարտւեց օրւայ փակման արարողութեամբ:

                                                                                                                                                                                               Հ.Մ.«Արարատ»Կ.

Կրտսեր հատւածի թիւ 2 խմբի բանակումը տեղի ունեցաւ Թեհրանի «Արարատ» Կազմակերպութեան յարկի տակ

      Թւականիս յունիսի 3-ից  մինչեւ յունիսի 5-ը 2014թ. տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.կ.-ի Սկաուտական  Միութեան Կրտսեր հատւածի թիւ 2 խմբի բանակումը,  պատասխանատւութեամբ՝ Վ.Ա Արգինէ Միրզախանեանի եւ երկու աստիճանաւորական կազմով յանձինս Դ.Ա Սերինէ Ղազարեանի և Գայլիկ Արբի Մուրադեանի:

Մեր Խմբին աջակից եղան նաեւ արենուշ թիւ 2 խմբի պատասխանատուն , Կրտսեր հատւածի խորհրդատու կազմը , Կրտսեր 2 խմբի նախկին պատասխանատուն և Կրտսեր հատւածի պատասխանատուները :

Բանակումի նպատակն էր պահպանել բնութիւնը և  բանակումի աշխատանքները ծրագրւել էին ըստ նպատակի օրինակ  Երեխաները մասնակցեցին բնութեան և կենդանիների  մասին դասարանների և ինչուչէ նաև ցանեցին ծաղիկներ :

Երեխաների համար նկատի էր առնւել հետաքրքիր խաղեր օրինակ՝ Հետախուզական խաղ  նաև ձեռքի աշխատանքի, ցեխագործութեան և սկաուտական գիտելիքների դասարաններ :

      Վերջին գիշերը ըստ աւանդոյթի  ունեցել ենք Խարոյկ որին Ներկայ էին Գերագոյն կազը , Սկաուտապետ Խ.Նայրի Յարութիւնեանը և բոլոր այն անձինք որոնք օժանդակել էին մեզ բանակումի ընթացքում  :                             

 

 

 

 

     ՀՀ. Մշակոյթի վաստակաւոր գործիչ ՝ Գագիկ Կարապետեանը այսօր յունիսի 12-ին հրաւիրւել է Շանթ հեռուստաընկերութիւն ՝ «Առաւօտը Շանթում» նախագծին: Նա իր տպաւորութիւնը յայտնեց Թեհրան ժամանած իր այցի մասին և ամփոփ ներկայացրեց «Արարատ» կազմակերպութիւնը և ինչու չէ նաև պատկերացումներ փոխանցեց «Արարատ» Մարզաւանից, նշելով որ Իրանում հայերը ունէն մեծ առաւելութիւն և սիրւում են ժողովրդի կողմից: Նա շնորհակալութիւն յայտնեց իր նկատմամբ եղած ջերմ վերաբերմունքի և ուշադրութեան համար :

      Նշելի որ Գագիկ Կարապետեանը թւականիս ապրիլի 28-ից մայիսի 10-ը եղել է Թեհրանում և հիւրընկալւել է Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարի դպրոցի կողմից և պարապմունքներ է անցկացրել պարախմբի սաների հետ:

 

 

 

 

 

 

  Թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան ժամը 8:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայրութեան տօնը եւ Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
   Հանդիպմանը հրաւիրւած էր՝ Իրանի Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Ներկայ էին՝ հրաւիրեալներ, կազմակերպութեանս Կենտրոնական եւ Երէցների միութեան վարչական անդամ-անդամուհիները, նաեւ Հայաստանից Թեհրան ժամանած Հ. Հ. ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Սփիւռքի հետազօտութիւնների բաժնից երեք հետազօտողներ, որոնք հարցաթերթեր բաժանեցին ներկաներին հետեւեալ թեմայով՝ «Սեփական եւ այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազօտութիւն» ծրագրի կապակցութեամբ:

   Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Երէցների միութեան նախագահ Ժանետ Թարվերդեանը, նա անդրադարձ ունեցաւ մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ հայաբնակ աւանում տեղի ունեցած ծաւալւող իրադարձութիւններին, որը ցնցեց ողջ հայութեանը եւ արդիւնքում՝ քեսաբահայութիւնը ստիպւած եղաւ լքել աւանը՝ տեղափոխւելով Լաթաքիա եւ մօտակայ շրջաններ: Քեսաբահայութեան ճակատագիրը ողջ հայութեան ճակատագիրն է: Նա շարունակեց, որ ապրիլ ամիսը լի է ազգային եւ կրօնական տօներով եւ համայն հայութիւնը ոգեկոչում է Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը:

   Հանդիպման օրը զուգադիպելով Ապրիլի 7-ին՝ Հայ կանանց, Մայրութեան եւ գեղեցկութեան օրւան, Ժ. Թարվերդեանը ջերմօրէն շնորհաւորեց բոլոր հայ կանանց այս հրաշք տօնի առիթով եւ աւելացրեց՝ թող բոլոր հայ կանանց եւ մայրերին վիճակւի վայելելու մայրական կատարեալ երջանկութիւն:

   Նոյն առիթով Սիլւա Կապուտիկեանի «Մայրիկիս» բանաստեղծութիւնն ընթերցեց Երէցների միութեան անդամ Էդւարդ Յարութիւնեանը, ջութակի կատարմամբ ելոյթ ունեցաւ Պատրիկ Հախնազարեանը եւ «Հայոց մայրեր» բանաստեղծութիւնն ասմունքեց միութեան անդամ Քլար Աբուլեանը:

   Այնուհետեւ հրաւիրւեց դոկտ. Կարէն Խանլարեանը՝ օրւայ առիթով արտայայտւելու: Յիշեալը խօսքն ուղղեց Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին եւ ցուցադրւեց օրւան պատշաճ «Թաքուն հայեր» ֆիլմը: Բանախօսի միջոցով լայն բացատրութիւններ տրւեցին ֆիլմի կապակցութեամբ, եղան հարցեր, որոնց մասին սիրելի բանախօսի միջոցով տրւեցին բացատրութիւններ:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւն

 

 

 

 

   Կիրակի, թւականիս մայիսի 12-ին, առիթ ունեցանք հարցազրոյց ունենալ Մարզական միութեան տղայոց բասկետբոլի խմբի գլխաւոր մարզիչ պրն. Ղանբարիի հետ: Յիշեալը բացատրեց, որ «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խումբը այս տարի ամիսներ շարունակաբար մասնակցեց Թեհրանի բասկետբոլի առաջին կարգի ակումբային մրցութիւններին՝ 16 տարբեր թիմերի հետ, որը բաժանւած էր երկու խմբերի: Իւրաքանչիւր խմբին մասնակցում էին ութ թիմեր:

   «Արարատ»-ի տղայոց խումբը առաջին խմբի մէջ էր ներառւում: Նախնական մրցոյթներում «Արարատ»-ի տղայոց խումբը կարողացաւ գրաւել երրորդ տեղը եւ անցաւ առաջին փլէյ աֆ փուլին: Այս փուլը յաղթահարելու համար՝ թիմը պիտի ունենար առնւազն երկու յաղթանակ: «Արարատ»-ը երեք անգամ խաղացել է «Գազ» խմբի հետ, առաջին ու երրորդ խաղերը յաղթել է իսկ երկրորդը պարտւել է:

   Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Արարատ»-ը մրցեց «Շիմի դոռ Սալաֆ»-ի հետ: Ըստ մարզչի՝ այս թիմը պատրաստւած ու ուժեղ թիմ է, որը խաղում է Իրանի առաջին լիգայում: Նաեւ այն, որ այս ընթացքում որոշ խնդիրների պատճառով՝ չենք յաջողել կանոնաւոր պարբերական փորձեր ունենալ ու նաեւ մի քանի մարզիկների վնասւածքների պատճառով՝ չենք կարողացել ամբողջական կազմով հանդէս գալ:

   Ցաւօք՝ «Արարատ»-ը պարտւեց ու այսպիսով՝ չկարողացաւ անցնել եզրափակիչ փուլ ու չընդգրկւեց չորս թիմերի կազմում:


   Մարզիչը իր խօսքերում մատնանշեց, որ՝ «Արարատ»-ը բաւական դժւար խմբում էր յայտնւել: Բացի այդ՝ թիմը որոշ խնդիրներ ունի՝ տղաների կարճահասակ լինելու պատճառով: Կարելի է «Արարատ»-ի թիմի անդամներին բաժանել երկու բաժնի՝ առաջին խմբում ունենք երիտասարդ մարզիկներ, որոնք չունեն բաւարար փորձառութիւն, իսկ երկրորդ խմբում՝ աւելի բարձր տարիքով մարզիկներ, որոնց պատրաստակամութիւնն է նւազում:

   Դա լուրջ խնդիր է, որ պիտի քննարկել «Արարատ»-ի բասկետբոլի կազմի հետ եւ ելքեր գտնել: Հարկաւոր է սկսել նոր փորձեր, որպէսզի «Արարատ»-ը հասնի իր բարձունքին: Անշուշտ, թիմի մարզիկները ոչ մի ջանք չեն խնայել լաւագոյն խաղեր ներկայացնելու առումով: Յուսանք՝ կանոնաւոր փորձերի շնորհիւ՝ առաջիկայ մրցոյթներին տեսնենք թիմի նւաճումը՝ բարձրագոյն լիգաներ:

   Ինչպէս տեղեակ է մեր ընթերցողը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան՝ հերթական Կենտրոնական վարչութիւնների հանդիպումների համար գերխնդիր են ճիշտ գնահատւել համայնքում: Նոյն նպատակով են աշխատող քոյր միութիւնների հետ պարբերական հանդիպումները, մտահոգութիւնների եւ խնդիրների արծարծումը, լուծումների համար համագործակցութիւնների ուղիների ճշտումը եւ որդեգրումը:


   Առ այդ՝ երկուշաբթի, մայիսի 12-ին, «Արարատ» մարզաւանի լողաւազանների շրջափակում տեղի ունեցաւ արդէն աւանդոյթ դարձած համայնքիս քոյր միութիւնների վարչութիւնների հետ հանդիպումը: Հանդիպմանը ներկայ էին՝ Հ. Ուս. «Չհարմահալ», Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնների վարչական կազմերը, նաեւ հիւրաբար ներկայ էին Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անդամները:


   Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանը, որը հակիրճ ներկայացրեց կազմակերպութեանս միութիւնների եւ 70-ամեակի սեմին կատարւող աշխատանքներն ու ծրագրերը, ապա առիթ ընձեռեց քոյր միութիւնների վարչական անդամներին՝ ներկայացնելու իրենց աշխատանքները:

   Պատասխանատւական ոգով յագեցած մթնոլորտում արծարծւեցին եւ քննարկւեցին մեր համայնքին եւ միութիւններին յուզող հարցեր, որոնք բոլոր ներկաների սեփականութիւնը դարձան:


   Նման հանդիպումներ հնարաւորութիւն են ընձեռում ազգային նոյն նպատակին ծառայող համայնքիս միութիւններին՝ միասնաբար ելքեր փնտրելու եւ յաղթահարելու ցանկացած խոչընդոտ եւ նպաստում են աշխատանքների առաւել սահուն ընթացքին, որը, անշուշտ, ողջունելի է թէ՛ կազմակերպութեան, եւ թէ՛ անկասկած, միւս միութիւնների վարչութիւնների կողմից:


    Յուսանք՝ այս հանդիպումները շարունակական դառնալով՝ հարթ ուղիով ընթանան հայապահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակութեան աշխատանքները, որ տարւում է մեր միութիւններում:


  Վերջում համեստ հիւրասիրութեան ընթացքում ընկերական մթնոլորտում շարունակւեց խօսակցութիւնը եւ իր արդիւնաւէտ աւարտին հասաւ:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւն