Հրատարակութիւն

PDF

Մահազդ՝ Գուրգէն Մովսիսեան

Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ» կազմակերպութեան մեծ ընտանիքը

անհուն վշտով գուժում է ժամանակի

«Սևան» երգչախմբի վաստակաւոր խմբավար՝

Գուրգէն Մովսիսիանի

ցաւալի մահը

 

 

Համառօտ կենսագրութիւն գծեր

   Գուրգէն Մովսիսեանը ծնւել է 1943 թւին Իրանի Համադան քաղաքում, նահապետական մի ընտանիքում:

   Տարիներ անց ընտանեօք փոխադրւում է Թեհրան: Նասկզբում աշակերտել է իր մօրեղբօր՝ Մարտիկ Աւետիսեանին, ապա երաժշտագէտ երգահան Լուդւիկ Բազիլին, որից ստացած գիտելիքները ուղեցոյց են լինում իր ապագայ գործունէութեան ասպարէզում:

   Նա երիտասարդ տարիքից ծառայել է հայոց դպրոցներում որպէս երգի ու երաժշտական ուսուցիչ: Իր իսկ բնորոշմամբ այդ աշխատանքը՝ «Սրբութիւն է ու հաւատք, աղօթք է ու նւիրում նաև անսակարգ սէր է ու հաւատարմութիւն»:

   Գուրգէնը երգել է «Արարատ» երգչախմբում Վազգէն Փիրջանեանի խմբավարութեան օրօք: Նա հրաւիրւել է աշխատանքի ժամանակի «Ռուդաքի» օպերայի բաժնում, նախ որպէս երգիչ ապա խմբավարի օգնական, ինքը նաև երգել է նոյն վայրում մի շարք օպերաներում:

   1973 թ.-ին մեկնել է Վիեննա և հետևել է տեղի երաժշտանոցի դասընթացներին, կատարելագործելով խմբավարութեան և երաժշտութեան իր բնատուր ընդունակութիւնները: Վիեննաի հայկական մշակութային կենտրոնում վերակազմել է տեղի երգչախումբը և փայլուն ելոյթներ ունեցել: Վերադառնալով Թեհրան, աշխուժացրել է պետական երգչախումբը, միաժամանակ հրաւէր է ստացել «Արարատ»-ի կենտրոնական վարչութիւնից կազմելու և խմբավարելու «Սևան» երգչախումբը:

   1982թ.-ին 13 տարիներ շարունակ Գուրգէնը զբաղեցրել է «Սևան» քառաձայն երգչախմբի ղեկավարութիւնը: Իր դաստիարակած սերունդները ցայսօր շարունակում են նրա սերմանած գործը: Տարեկան հերթական ելոյթներում հնչեցրել է հայ և օտար հանճարների ստեղծագործութիւնները, մեծ բաւարարութիւն տալով, երաժշտասէր հանդիսատեսին:

   Նոյն ժամանակաշրջանում նա շարունակ հրաւէրներ էր ստանում Եւրոպայից և ծայրագոյն արևելքից: 1993 թ.-ին Հայաստանի մշակութային նախարարի հրաւէրով մասնակցել է «Աշտարակ» երգչախմբային փառատօնին ներկայացնելով փայլուն ելոյթ:         

   Թեհրանում իր ներդրումն է ունեցել տարբեր երգչախմբերի կազմութեան և ղեկավարման գործում: Օգնել է նաև Սպահան և Շիրազ քաղաքների երգչախմբերին:

   «Ոտքի դատարան է գալիս» և «Մամփրէ Արքան» թատերգութիւնների երաժշտութիւնները Գուրգէն Մովսիսեանի գործն է:

   Իրանի ժամանակի Մշակոյթի և արւեստի նախարարութիւնը նրան և մի քանի այլ երաժիշտներին պարգևատրել է ըստ արժանւոյն, նա վաստակել է երկրի ժամանակի լաւագոյն խմբավարի կոչումը ստանալով շքանշան և գնահատագիր: