Հրատարակութիւն

PDF

«Փրկութեան քարտէզ» ֆիլմի ցուցադրութիւնը՝ Թեհրանում

Rate this item
(0 votes)

     «ԱԼԻՔ» - Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շարանում, նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Թեհրանի հայոց թեմի յանձնախմբի, երկու օրերի կտրւածքով տեղի ունեցաւ «Փրկութեան քարտէզ» ֆիլմի ցուցադրութիւնը, թէ՛ հայ եւ թէ՛ ոչ-հայ լսարանի համար:    

      Ֆիլմի ցուցադրութեան նպատակով 100-ամեակի Թեհրանի հայոց թեմի յանձնախմբի հրաւէրով, Թեհրան էին ժամանել ֆիլմի մտայղացման հեղինակ եւ պրոդիւսեր՝ Մանուէլ Սարիբէգեանը եւ իրանագէտ՝ Ժաննա Յակոբջանեանը: Այս երկու օրերին նրանց ներկայութիւնը եւ ֆիլմի մասին բացատրութիւնը առաւել լիցք էր հաղորդում ներկաներին:
     Թւականիս հինգշաբթի յունիսի 18-ի երեկոյեան, ֆիլմը ցուցադրւեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, անգլերէն լեզւով:
     Այդ օրւայ ֆիլմի ցուցադրութեանը ներկայ էին Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում հաւատարմագրւած Հայաստանի, Ռուսաստանի եւ Լիբանանի դեսպանները, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչներ, նաեւ պարսիկ մտաւորականներ:
     Ուրբաթ, յունիսի 19-ին, «Փրկութեան քարտէզ» ֆիլմը ցուցադրւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի բացօթեայ շրջափակում՝ հայերէն լեզւով եւ հայ հանդիսատեսի համար: Փաստագրական այս ֆիլմի հերոսները եւրոպացի հինգ հումանիստ կանայք են, ովքեր ականատեսն են եղել Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքներին ու իրենց կեանքի լաւագոյն տարիները նւիրել են հրաշքով փրկւած հայ երեխաների ու կանանց խնամքին:

     Ֆիլմի ցուցադրութիւնից առաջ ֆիլմի նկարահանման, մտայղացման եւ ինչու չէ անցած ուղու մասին, հակիրճ բացատրութիւններ փոխանցեց պրոդիւսեր Մանուէլ Սարիբէգեանը՝ նշելով, որ Հայաստանից բացի Իրանը առաջին երկիրն է, ուր ցուցադրւում է ֆիլմը:

     Ապա հանդիսատեսը աչալրջութեամբ հետեւեց ֆիլմի ցուցադրութեանը, որից յետոյ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Նա գնահատանքով արտայայտւեց փաստա-վաւերագրական ու պատմական անցքեր ներկայացնող ֆիլմի մասին, նշելով, որ ժամանակին քիչ չեն եղել այն օտարազգիները, որոնք լիցքաւորւած մարդկային եւ կրօնական հաւատքով, նպաստել են Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկւածներին:
     Սրբազան Հայրը նաեւ նշեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ կը մնայ նման բարերաների եւ յաւելեց, որ. «Լիբանանում կայ «Թռչնոց բոյն» կենտրոն, որտեղ հազարաւոր որբեր ժամանակին պատսպարւել են եւ այս օրերին նրանց ինչպէսեւ՝ Մարիա Եակոբսէնի ու ընդհանրապէս Եակոբսէն ընտանիքի եւ դանիական բարեսիրական բարերարների համար որպէս երախտագիտութիւն, Հայոց Ցեղասպանութեան թանգարան, ուսումնասիրութեան կենտրոն է հիմնւել, որի բացումը մէկ ամիս յետոյ կը կատարւի»: Թեմակալ առաջնորդի արտայայտութիւնից յետոյ ֆիլմի պրոդիւսերի ձեռամբ յուշանւէր յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ին: