Հրատարակութիւն

PDF

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ ողջերթի հանդիսութիւն ի պատիւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի

Rate this item
(0 votes)

     «ԱԼԻՔ», Կ. Դ. - Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ի պատիւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի, որի առաքելութեան ժամկէտը աւարտւել է, երէկ՝ փետրւարի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր ընդունելութիւն:

     Միջոցառման սկզբում արդէն շրջանաւարտ Թեմական խորհրդի անունից ներկաներին, ինչպէս դեսպանին եւ դեսպանութեան դիւանագիտական կազմին ողջոյնի խօսք ասաց Արշաւիր Քեշիշեանը եւ հրաւիրեց նոյն շրջանի Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանին, արտայայտւելու:
     Պրն. Բաբախանեանը կարեւորելով դեսպանի դիւանագիտական ունակութիւնները, նշեց. «Որպէս Հայաստանի Հանրապետութեան դեսպան պաշտօնավարման ժամանակաշրջանում Գրիգոր Առաքելեանը իր գլխաւորած աշխատակազմի ընկերակցութեամբ ոչ մի ջանք չի խնայել Իրան-Հայաստան դիւանագիտական երկկողմ յարաբերութիւնների ծաւալման եւ ընդլայնման գործում, որը յոյժ կարեւոր է թէ՛ երկու պետութիւնների, եւ թէ՛ տարածաշրջանի յարաբերութիւնների դիտանկիւնից»:
     Ապա հրաւիրւեց արտայայտւելու դեսպան Գրիգոր Առաքելեանը, որն իր գնահատանքի խօսքն ուղղեց կազմակերպւած երեկոյթի համար, ընգծելով. «Հպարտ եմ, որ աշխատել եմ այնպիսի մի երկրում, որտեղ իրանահայութիւնը իր նկարագիրը եւ ազգային արժէքները պահպանելու հարցում հրաշքներ է գործում: Հպարտ եմ, որ դիւանագիտական առաքելութիւն եմ իրականացրել մի երկրում, որտեղ իրանահայութիւնը Հայ Դատի եւ պահանջատիրութեան հարցերում մշտապէս եղել է պատնէշի վրայ եւ առաջին շարքերում»:
     Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ նաեւ Իրան-Հայաստան բարձր մակարդակի վրայ գտնւող երկկողմ յարաբերութիւններին:
     Ընդունելութեանը հրաւիրւեց իր եզրափակիչ խօսքը ասելու Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը նշեց. «Աստծուն փառք ենք տալիս, որ անցնող վեց տարիներում Հայաստանի Հանրապետութեան դեսպանը իր դիւանագիտական աշխատանքը կատարեց այնպիսի ձեւով ու մակարդակով, որը երկու երկրների՝ Հայաստանի եւ Իրանի պատմութեան մէջ իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունեցաւ»:
     Թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ անդրադարձաւ դեսպանի ակտիւ ներդրմանը այն օրւանից, երբ Իրանում բացումը կատարւեց ՀՀ դեսպանատան, եւ յաւելեց. «Պրն. Առաքելեանի դիւանագիտական առաքելութեան յատկութիւնը իմաստաւորւել է նրանով, որ իր արմատները եղել են պատմական այս հողից՝ Իրանից: Պրն. դեսպանը արեւելագիտութեան իր մասնագիտութեամբ նախքան Իրան գալը իր ներդումն է ունեցել հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման ընթացքի մէջ»:
     Թեմակալ առաջնորդը նաեւ գնահատանքով արտայայտւեց դեսպանի տիկնոջ՝ Փառանձեմ Առաքելեանի համեստ անհատականութեան մասին:
Ողջերթի հանդիսութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թ. Հ. Թ. շրջանաւարտ եւ նորընտիր Թեմական խորհուրդների, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան, օրաթերթի եւ միութիւնների ներկայացուցիչներ:
     Սրբազան Հօր խօսքի աւարտին, թեմի կողմից՝ Սրբազան Հօր, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի ձեռամբ յուշանւէր յանձւեց դեսպանին:
     Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն: