Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 29 Հունիս 2015 14:55
Rate this item
(0 votes)

     6-րդ շրջանի Հայաստանի Համահայկական խաղերի Թեհրանի Գործադիր յանձնախմբի նախագահ Ժոզէֆ Նազարեանը, փոխնախագահ Արբի Սարգսեանը եւ նիւթականի պատասխանատու Արթուր Ջրաղացպանեանը, խաղերի կապակցութեամբ ներկայացրեցին վերջին տեղեկութիւնները:

     Յանձնախմբի նախագահ Ժոզէֆ Նազարեանը փոխանցեց, որ աւարտւել են մարզաձեւերի նախապատրաստական մրցումները, եւ ընտրւել են խաղերին մասնակցող լաւագոյն մարզիկները:
     Ընթացքի մէջ են պետական շրջանակների հետ բանակցութիւնները՝ նիւթական օժանդակութիւններ ստանալու համար, սակայն դեռեւս գործնական առումով դրական արդիւնքներ չենք ստացել:

     Հայաստանի Համահայկական խաղերի Կենտրոնական յանձնախումբը խոստացել էր անվճար հիւրանոց տրամադրել խաղերին մասնակցող բոլոր մարզիկներին, սակայն սոյն խոստումը չիրագործւեց եւ յանձնախումբս նիւթական եւ գործնական առումով որեւէ աջակցութիւն չստանալով հանդիպեց մի շարք դժւարութիւնների, սակայն յանձնախմբիս ջանքերով մարզիկների համար ապահովեցինք հիւրանոց:
     Յանձնախմբի փոխնախագահ Արբի Սարգսեանը փոխանցեց, որ ըստ Հայաստանի Համահայկական խաղերի յանձնախմբի անդամ Ալֆրէդ Հաւանի՝ ֆուտբոլ մարզաձեւի մրցումները տեղի են ունենալու Արցախում, ու կեցութեան եւ այլ ծախսերը հոգալու է տւեալ յանձնախումբը: Նա նաեւ փոխանցեց, որ նախապատրաստական որոշ մրցումները կատարւել են միութիւնների մարզական դահլիճներում, ընթացքի մէջ են նաեւ մարզիկների եւ պատւիրակութեան հագուստների դասաւորման աշխատանքները:
     Գործադիր յանձնախմբի նիւթական բաժնի պատասխանատու Արթուր Ջրաղացպանեանը յայտնեց, որ յանձնախումբը աշխատանք է տանում որպէսզի գտնւեն հովանաւորներ՝ նիւթական բացը լրացնելու համար: Յուլիսի 31-ին, մարզիկները մեկնելու են Երեւան՝ յարմարաւէտ եւ առաջնակարգ հանրակառքերով:
Վերջում յանձնախմբի նախագահ Ժոզէֆ Նազարեանի փոխանցմամբ՝ 5-րդ շրջանի Թեհրանի պատւիրակութիւնը գրաւեց երկրորդ տեղը եւ լիայոյս ենք, որ այս տարի եւս բոլոր մարզիկների համագործակցութեան եւ ջանքերի շնորհիւ դարձեալ կապահովենք նոյն տեղը եւ հաւատացած ենք, որ կը հասնենք մեր նպատակին:

6-րդ շրջանի Համահայկական խաղերի Թեհրանի Գործադիր յանձնախումբ