Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 04 Հուլիս 2015 10:50
Rate this item
(0 votes)

     Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ յուլիսի 2-ին եւ 3-ին «Արւեստի դպրոց»-ը ներկայացնում է «Ի՞նչ է թատրոնը» բեմադրութիւնը, որի հեղինակն ու բեմադրիչն է Արւեստից միութեան թատրոնի բեմադրիչ եւ «Արւեստի դպրոց»-ի թատրոնի ղեկավար Սեդրակ Գոջամանեանը։

     Առիթը պատեհ համարելով, հարցազրոյց ենք ունեցել երիտասարդ եւ միաժամանակ Թեհրանի հայ համայնքի թատերական կեանքում իր ուրոյն տեղը զբաղեցնող Սեդրակ Գոջամանեանի հետ։

     Սեդրակ Գոջամանեանը իր հետ ունեցած զրոյցի ընթացքում, այսպէս արտայայտւեց. «Նախ նշեմ, որ դեկտեմբեր ամսին լրանում է, որպէս բեմադրիչ իմ գործունէութեան 10-ամեակը։ Ըստ իս՝ մեր հիմնական դժւարութիւններից է մեր համայնքի հանդիսատեսի սպասելիքը թատրոն հասկացութիւնից, որը չի համապատասխանում ոչ միայն միջազգային, այլեւ ընդհանրապէս թատրոնի նորմերի հետ, քանի որ սփիւռքեան իրականութեան մէջ թէ՛ գրականութիւնը, թէ՛ թատրոնը, եւ թէ՛ արւեստը ուղղակի սահմանւած են սփիւռքեան համայնքի իրականութեան մէջ, սրանք միջոց են քան նպատակ։ Եւ քանի որ միջոց են, ուստի պէտք է ծառայեն հէնց այդ միջոցին։ Մենք սովորութիւն ունենք թատրոնից պատգամներ ստանալ եւ սովորաբար եթէ այդ պատգամները ազգային կամ համայնքային չեն լինում, մեզ համար թատրոնը լինում է... անիմաստ։

     Աւելացնեմ, որ վերը նշւած պարագայում, թատրոնը լինում է տեքստի ընթերցում, այսինքն ոչ թէ բեմադրիչի, գրողի եւ դերասանի կարողականութիւնն է՝ ի յայտ գալիս, այլ դա հետեւում է այս ֆորմուլային, որ թատրոնի 30 տոկոսը տեքստն է, 30 տոկոսը դերասանութիւնն է, 30 տոկոսը բեմայարդարութիւնն է, իսկ 10 տոկոսը ռիթմն է»։
     Խօսելով առաջիկայ օրերին ներկայացւող թատրոնի մասին, Սեդրակն ասաց. «Պէտք է աւելացնեմ, որ ես մտածեցի, պատանեկան խմբի այս ներկայացումով, կարելի է հանդիսատեսին մի շարք տեղեկութիւններ փոխանցել, որոնց հիման վրայ՝ յետոյ հնարաւոր կը լինի աւելի մասնագիտացած ակնոցով թատրոնին նայել։ Մի խօսքով փորձել եմ իմ այս գործին ուսողական բնոյթ հաղորդել թէ՛ հանդիսատեսի, թէ՛ դերասանի համար: Նշեմ, որ այս ներկայացումը փոխառւած է Յովհաննէս Թումանեանի պատմւածքներից մէկից եւ «Ի՞նչ է թատրոնը» ներկայացման խորագիրը ճիշտ այդտեղից է ծնունդ առնում։ Աշխատել եմ այս գործի մէջ ներառել տարբեր մասնագէտների տեսակէտներ, սա յայտնութիւն չէ, այլ գոյութիւն ունեցող իրականութիւն»։

     Խօսելով Հ.Մ.Ա.Կ.-ի «Արւեստի դպրոց»-ի մասին, նա այսպէս շարունակեց. «Սրանից 4 տարի առաջ, «Արարատ»-ի Արւեստից միութիւնը հիմնեց «Արւեստի դպրոց»-ը, որը ներառում է թատրոն, նկարչութիւն՝ իր ճիւղաւորումներով, պար, որը հետագային պարի դպրոցի համատեքստում ներառւեց, եւ երգը։ Հիմնականում ես երկու տարի առաջ բեմադրել եմ «Մկստան»-ը՝ այս երեխաների հետ, որոնք այն ժամանակ մանուկներ էին, իսկ այսօր պատանի, նաեւ այս խումբը մասնակից է եղել Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի Կենտրոնական ծրագրին՝ մի ներկայացումով: Դժբախտաբար մի շարք դժւարութիւնների պատճառով, ես մէկ տարով բացակայեցի թէ՛ պարապմունքներից, թէ՛ փորձերից. այդ ժամանակահատւածում որպէս մասնագէտ ուսուցիչ ներգրաււել էր ոչ հայ մասնագէտ: Երբ վերադարձայ նորից սկսեցի աշխատանքը եւ այսօր մօտաւորապէս ունենք 45 աշակերտներ, որոնք երեք դասարանների մէջ են բաժանւած։
     «17 հոգի աւագների խումբն է, որոնց հետ եմ իրականացնում այս բեմադրութիւնը, 24 հոգի տարիքային 2-րդ խումբն է կազմում, իսկ մօտաւորապէս 12 հոգի փոքրերն են, որոնք ժամանակին թրծւելով պէտք է փոխարինեն աւագներին»:
«Ի՞նչ է թատրոնը» ներկայացումը աւագ դասարանի պատանիների գործն է։ Աւելացնեմ, որ այս դասարաններում կան երեխաներ, որոնք եթէ այս արագութեամբ շարունակեն իրենց յաջողութիւնը, իրանահայ թատրոնի անիւը շատ աւելի արագ կընթանայ: Իհարկէ կան խմբեր, որոնք եւս շատ յաջող աշխատանք են դրսեւորում, սակայն այս խմբի հետ ես կարողանում եմ իմ մտածածս իրականացած տեսնել»:

     Սեդրակ Գոջամանեանն իր հետ ունեցած զրոյցի ընթացքում այսպէս շարունակեց. «Իմ աշխատանքային առաջին իսկ օրւանից, նորարարութեան մասին էի մտածում:
Ըստ իս, իմ այդ հետապնդած նպատակը մասամբ արդիւնաւորւել է նախ «Մկստան» ներկայացումով, իսկ այսօր «Ի՞նչ է թատրոնը» ներկայացմամբ, որի գեղարւեստական բաժինները եւ պատկերները աւելի շատ են, քան թէ խօսքը: Այդ ամէն ինչի համադրութիւնը գոնէ որպէս ֆորմ ստացւում է, իսկ բովանդակութիւնը թողնենք հանդիսատեսին: Այս ներկայացման երաժշտութեան հեղինակն է Սեւան Շամիրեանը, որ տարիներ է, ինչ համագործակցում ենք միմեանց հետ. բեմանկարչութեան, բեմայարդարման եւ զգեստների յարդարման հարցով համագործակցել է «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան ուսուցչուհի Արմինէ Վարդանեանը, իսկ մի շարք նկարչութիւններ հէնց երեխաների աշխատանքն է: Մի խօսքով Յովհաննէս Թումանեանի այդ պատմւածքը պատկերւած է կտաւների վրայ եւ զգեստների վրայի նկարչութիւնները պարզում են թէ երեխաները այսօր ինչ տեխնոլոգիայի ազդեցութեան տակ են:
Սակայն այս ամենին պէտք է ի վերջոյ հանդիսատեսը իր ներկայութեամբ գնահատական տայ:
     Այս ներկայացման համար մօտաւորապէս 6 ամիս է ինչ աշխատանք ենք տանում, բայց ունենք դժւարութիւն, որ երեխաները զբաղւածութեան պատճառով չեն կարողանում շաբաթական կանոնաւոր փորձերի մասնակցել, եթէ փորձերի յաճախականութիւնը աւելին լինէր, այդ դէպքում ներկայացումների յաճախականութիւնը կաւելանար:
     Վերջում կարեւորութեամբ պէտք է նշեմ, որ մեր համայնքի թատրոնի հիմնական դժւարութիւնը հետեւեալն է, որ դերասանները խաղում են բեմադրիչի քարիքաթորները, դերասանը պէտք է ունենայ իր իւրովի խաղաոճը, որը պէտք է տարբերւի կերպարից կերպար: Այս դէպքում կարծում եմ կը յաջողենք»: