Հրատարակութիւն

PDF

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը տօնեց իր 71-ամեակը

Rate this item
(5 votes)

 

 

 

      Երէկ, 2015 թ. յուլիսի 4-ին մարզաւանի «Այգեստան»-ում տօնւեց «Արարատ»-ի 71-րդ տարեդարձը: Ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան Հայրը, Հոգեւոր Հայրը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները, հիմնադիր անդամները, ժամանակի կենտրոնական վարչութեան նախագահները եւ հոծ թւով արարատականներ:

       Միջավայրում տեղադրւել էր համապատասխան շնորհաւորական պաստառներ, մուտքի մօտ Սկաուտական միութեան սկաուտները պատրաստել էին գեղեցիկ դարպաս, հիւրընկալութիւնը յանձնւած էր Երէցների միութեանը որոնք մեծաթիւ յանձնախմբով պատրաստել էին համեստ ընդունելութիւն:

       Միջոցառումը բացւեց Տէրունական աղօթքով, Սկաուտական միութեան դրօշակագարդի շքերթը ծածանեց Կազմակերպութեան դրօշը, այնուհետեւ Արւեստից միութեան  «Արարատ» երգչախումբը օրդ.՝ Սեւան Աբէդիի ղեկավարութեամբ կատարեց «Արարատ»-ի հիմնը: Ապա, երգչախումբը կատարեց երեք երգեր, Արգամ Վարդանեանի դաշնամուրի ընկերակցութեամբ: «Արարատ» պարախմբի թիւ 2 խմբի աշակերտները հանդէս եկան երկու պարով որոնք ղեկավարել էին ուսուցչուհի Նատալի Մուրադեանը եւ Քրիստինէ Յովակիմեանը:

       Սկաուտական միութեան երկու հաղորդավարներ՝ Փատրիկ Նաւասարդեանը եւ Գաբի Բէրնարդին միջոցառման ընթացքին հնչեցնում էին խրախուսական խօսքեր:

        Հաղորդավարները բեմ հրաւիրեցին Կազմակերպութեան նախագահ ընկ.՝ Գէորգ Վարդանին օրւայ առիթով արտայայտւելու, այնուհետեւ բեմ հրաւիրւեց Գերաշնորհ Տ. Սեպուհ Սարգսեանին որը արտայայտւեց օրւայ առիթով: վերջում հիմնադիր ընկերները  եւ ժամանակի նախագահները հրաւիրւեցին կարկանդակը հատելու համար:

       Ապա ներկաները հրաւիրւեցին մատուռի շրջափակ, դիտելու 4 միութիւնների տաղաւարները եւ հիւրընկալւելու:

       Երաժշտութեան բաժինը յանձնւած էր սիրւած երգիչ՝ Արա Դաւթեանին:

       Տօնական մթնոլորտը շարունակւեց մինչեւ կէս գիշեր, ամենուր հնչում էր «Քեզ կանաչ ճանապարհ Արարատ» բարեմաղթանքը:

     

     Կազմակերպութեան նախագահ ընկ.՝ Գէորգ Վարդանի օրւայ առիթով արտայայտութիւնը:

     «Գերաշնորհ Սրբազան Հայր, Ազգային մարմինների մեծյարգոյ ներկայացուցիչներ, Արարատական ընկերներ, Սիրելի հարազատներ, Հիւրեր.

Այսօր Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան հիմնադրման 71-րդ տարեդարձն է...

     «Տարեդարձները» հետաքրքիր ու իւրայատուկ եւ միեւնոյն ժամանակ խորհրդաւոր ժամանակագրական պահեր են՝ անհատ մարդկանց ու մարդկային հաւաքականութիւնների կեանքում: Հետաքրքիր դասակարգմամբ «Տարեդարձը» իրար է շաղկապում ենթակայի՝ անցեալը, ներկան ու ապագան... Խորհրդաւոր իրականութեամբ ամեն մարդ եւ այս դէպքում՝ «Արարատ» անւանակոչւած մարդկային հաւաքականութիւնը իր տարեդարձին առիթ է ստանում յետդարձ ակնարկ ունենալ իր հիմնադրման նպատակներին ու անցած ճանապարհին, եւ կտրած ուղու արդար ու անաչառ քննարկման արդիւնքում նրան յաջողում է ճշգրիտ գնահատել իր ներկայ ներուժն ու աշխատանքային արդիւնաւորութեան բերումով՝ զբաղեցրած հարթակը եւ հէնց այդ ճիշտ գնահատականի հիմամբ ծրագրել իր ապագայ քայլերն ու մարտավարութիւնը...

     Անհերքելի փաստ է որ կազմաւորման առաջին օրերից, մարզամշակութային միութիւնները իրենց իւրայատուկ ձեռագիրն են դրոշմել Հայկական իրականութեան ընդհանրապէս իսկ մասնաւորապէս Իրանահայ պատմութեան էջերում: Միութիւնները՝ եկեղեցիների ու դպրոցների հետ միասին համալրել են ընտանիքներին ու սատարել են Հայկական օջախի շենացմանն ու յարատեւումին:

     Համաշխարհայնացման այս բարդ պայմանների ներքոյ երբ գեր մեծ ուժերն ու նրանց հովանաւորող ազգակուլ համակարգերը ազգային գիտակցութեան եւ նրա ինքնութեան ոչնչացմանն են ձգտում, Սուրբ եւ ազգանւէր աշխատանքի է վերածւում հաւաքագրւելը բարձր նպատակների շուրջ՝  քայլելու համար որպէս հայեցի դաստիարակութեան զինւորագրեալ, քայլք՝ որտեղ հարկաւոր է զոհաբերել անձնականը յանուն հաւաքականին:

     «Արարատ»-ի ապրած օրերի յուշագիրը լի է իրարամերժ իրականութիւնների ու դէպքերի հետաքրքիր համակեցութեամբ: Այդ էջերում խորհրդաւոր համերաշխութեամբ ի մի են եկել ու կողք կողքի են շարւել՝ լաւն ու վատը, խինդն ու լացը, յառաջխաղացքի ու տեղքայլի պահերը, յաղթանակներն ու պարտութիւնները...

     Իսկ մենք Արարատականներս այսօր մեր սիրասուն ընտանիքի 71-րդ տարեդարձին անկեղծութեամբ ենք յայտարարում որ՝ ուրախ ենք լաւերով եւ հպարտ յաղթութիւններով: Միեւնոյն ժամանակ չենք ուրանում պարտութիւններն ու սխալները որոնք սխալական մարդուս անբաժան մասնիկն են, մենք պատասխանատու գիտակցութեամբ ուսումնասիրում ենք դրանց ու փորձառութիւն ենք վաստակում մեր սայթաքումներից յանուն նորանոր յաջողութիւնների արձանագրման...

     71 տարեկան դառնալու իրականութիւնը՝ ինքնին անարարկելի փաստն է այն իրականութեան առկայութեանը որ «Արարատ»-ի ծաւալած աշխատանքների հանրագումարը եղել է դրական եւ արդիւնաւէտ, իսկ նրա ընթացքը եղել է նպատակային: «Արարատ»-ի մեծ ընտանիքին անդամակցող հայորդին միշտ հաւատարիմ է մնացել իր նպատակին, նա հայի յամառութեամբ ու համբերատարութեամբ տոկացել է ծանր պայմաններին ու չի դադարեցրել իր նպատակային երթը, այն է՝ ծառայել հայ ժողովրդի բարգաւաճմանն ու զարգացմանը նրա համար դաստիարակելով առողջ ու բանիմաց սերունդ որն օժտւած լինելով ազգային գիտակցութեան ու խորը համոզումների վահանով, ատակ է մեր այս արդիական օրերի բարդ ու նորաոճ մարտահրաւէրները դիմագրաւել համապատասխան եւ արժանաւոր կեցւածքի ընդունմամբ:

     Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութիւնը, Արարատի ողջ ընտանիքի անունից շնորհակալութիւն է յայտնում Ձեր ներկայութեան համար ու այս մտերմիկ եւ հարազատ շրջանակում անկեղծութեամբ է խոստովանում որ այս ընտանիքի զաւակները երբէք պիտի մոռանան որ՝

     Եօթ տասնամեակներից աւելի առաջ իրար շուրջ հաւաքւեցին մեր կնքահայր հիմնադիրները եւ ազգային վեհ նպատակներին ու հայապահպանման եւ հայեցի դաստիարակութեանը ծառայելու առանցքի շուրջ բոլորեցին մի խումբ հայորդիների, նրանք բանիմաց փորձառութեամբ նորաստեղծ հաւաքականութեանը անւանակոչեցին՝ Մասիսի սառուցեալ հնոցում կոփւած ու Նոյ նահապետի հաւատքով սրբագործւած «Արարատ» անւամբ: Իսկ նորաստեղծ հաւաքը՝ ժողովրդի նւիրումով, ազգային պատասխանատու անձանց եւ կառոյցների նրբանկատ ու բազմակողմանի պաշտպանութեամբ, եւ իր անդամների տքնաջան աշխատանքի շնորհիւ կեանք ծաւալեց ու հասունացաւ, հասունացաւ այնքան որ «Ընտանիք» դարձաւ...

     Եւ ահա մենք նոյն ընտանիքի զաւակներն ենք որ, երէկ՝ բալիկ, իսկ այսօր հայր ու մայր ենք դարձել՝ Արարատեան ընտանիքի այսօրւայ բալիկներին դաստիարակելու սուրբ պարտականութեամբ...

     Խորը գիտակցելով մեզ ժառանգ հասած աւանդի թանկ արժէքը պարտք ենք համարում նախ՝ շնորհապարտ երախտագիտութեամբ մեծարել «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր անդամների անմոռ յիշատակը, ապա՝ վերանորոգել մեր Արարատեան ուխտը՝ ժառանգած աւանդը ամենայն բծախնդրութեամբ պահպանելու եւ նրա զարգացմանը նւիրաբերելու մեր ողջ կարողութիւնները, իսկ ականջալուր մեր հիմնադիրների նպատակին ու կազմակերպական դաստիարակութեանը՝  հաւատացած ենք որ «Արարատ»-ը ազգային աւանդ է մեզ ժառանգ հասած ու մեր պարտքն է դրանով ծառայել մեր ժողովրդին ու հայկական արժէքներին:

Խոստանում ենք որ՝

Շարունակելու ենք 71 տարիների հայկական խրոխտ քայլքը, եւ «Արարատ»-եան անխախտ կամքով նւաճելու ենք մարզամշակութային նորանոր գագաթներ...

Իսկ այս ճամբին ինչպէս երկաթէ շերեփ քարոզող մեր երկաթեայ Խրիմեան Հայրիկն է ասում՝

«Մեզ վարանումներ չեն հարկաւոր, այլ՝ հաւատք, մեզ խօսքեր չեն հարկաւոր, այլ՝ գործեր, մեզ թերահաւատութիւն չէ հարկաւոր, այլ՝ եռանդ, մեզ տատանումներ չեն հարկաւոր, այլ՝ վճռականութիւն եւ յանդգնութիւն»:

Շնորհաւոր տարեդարձդ Արարատ:

Յաջողութիւն բոլորիս:

Հ.Մ.Արարատ Կ.

Կենտրոնական Վարչութիւն»