Հրատարակութիւն

PDF

«Երբ յոբելենական աշխատանքներն ու տրամադրութիւնը աւարտւեցին, հասկացանք որ ուզում ենք այդ փոքրիկ բարեգործական ծրագրերը շարունակել...»

Rate this item
(0 votes)

     Հայաստանում բնակւող մի խումբ իրանահայեր շաբաթ՝ յունիսի 13-ին, մեկնեցին Տաւուշի մարզի սահմանամերձ Պառաւաքար գիւղ, տեղի մանկապարտէզի փոքրիկների տարեվերջի հանդէսին մասնակցելու համար:

     Պառաւաքարը գտնւում է Ադրբեջանի սահմանին: Գեղեցիկ բնութեամբ հարուստ այս գիւղը ունի 1700 բնակիչ: Գիւղացիների հիմնական զբաղմունքը խաղողագործութիւնն ու անասնապահութիւնն է: Գիւղի դպրոցը ունի 215 աշակերտ, իսկ մանկապարտէզը՝ 35 սան, որոնցից 21-ը այս տարի արդէն առաջին դասարան պիտի գնան:
     Սահմանամերձ այս գիւղը, ինչպէս միւս սահմանամերձ գիւղերը, երբեմն յայտնւում է թշնամու կրակոցների թիրախում: Ուսուցչուհիներից մէկը նշեց, որ իրենք զգուշանում են մանկապարտէզի փոքրիկներին սահմանի կողմի բակը հանել, որովհետեւ կրակոցներ կան:

     Դժւարութիւններով հանդերձ՝ կեանքը Պառաւաքարում շարունակւում է: Մանկապարտէզի հանդէսին ուրախ մթնոլորտ էր տիրում: Ծնողների եւ հիւրերի ներկայութեամբ փոքրիկները ոգեւորւած ներկայացրեցին հանդէսի համար յանձնարարւած իրենց դերերը: Ներկաները ուրախ էին՝ վայելում էին փոքրիկների արտասանութիւնը, պարն ու երգը:

     Սփիւռքահայերի այս խումբը որոշել էր իր անձնական միջոցներով օգտակար հանդիսանալ սահմանամերձ այս գիւղին: Ծրագրի կազմակերպիչներից Արմինէ Մանուկեանը նշեց. «Մեր նպատակն էր, օգնութիւն ցուցաբերել, ոչ թէ մէկ կամ երկու հոգու, այլ դա լինէր ընդհանուր կամ գոնէ մի խմբի: Այդ պատճառով էլ ընտրեցինք Պառաւաքարը եւ տեղի մանկապարտէզը: Մեր երկու այցելութիւնների ընթացքում տեղեկացանք, որ մանկապարտէզը ինչի կարիքներ ունի եւ ըստ դրան՝ որոշեցինք մեր անելիքը: Մանկապարտէզի համար գնեցինք գրքեր, խաղալիքներ, ուսուցողական խաղեր, ինչպէս նաեւ տեղեկացանք, որ միւս տարի երեխաների մի նոր խումբ էլ պիտի դպրոց յաճախի եւ կարիք ունեն 18 մահճակալի»: Արմինէն նշեց, որ իրենք ընտրել են յատկապէս այս գիւղը, որովհետեւ սահմանամերձ գիւղերը աւելի շատ ուշադրութեան կարիք ունեն: «Ցանկացանք այստեղի փոքրիկներին մի քիչ ոգեւորութիւն ներշնչել եւ ուրախացնել»,- աւելացրեց նա:

     Նրանք նաեւ իրենց անձնական միջոցներով, կիսաքանդ տանը ապրող մի բազմազաւակ ընտանիքի նւիրել են նոր եւ աւելի բարեկարգ մի տուն՝ նոյն գիւղում: