Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2013 10:46
Rate this item
(5 votes)

 

Սկաուտիզմի պատմութիւնը՝ Լոնդոնից Թեհրան

    «Սկաուտական շարժումը սկիզբ է առել Անգլիայում՝ 1907 թւականին։ Հիմնադիրն է եղել գնդապետ Լորդ Բէյդըն  Բաւըլը»։

    Պոլսահայ մեծանուն մտաւորական, մանկավարժ Յովհաննէս Հինդլեանի խօսքերն այսօր էլ նրա աշակերտների շուրթերին են:  1909 թւականին  Հինդլեանի ստեղծած «Նոր դպրոցը», որը Պոլսում իր գոյութիւնը պահպանեց մինչեւ 1988 թւականը։   «Նոր դպրոցում» կարեւորւում էր  նաեւ ֆիզիկական դաստիարակութիւնը։ ՀինդլեանըՀայՍկաուտիզմիհիմնադիրնէ: Նրան են պատկանում այս խօսքերը՝ «Ամէն օր մի բարի գործկատարիր եւ գրանցիր յուշատետրիդ մէջ»: 

«Խոստումը մի վճարելի պարտք  է»:

    Որոշ աղբիւրների համաձայն, Հայ իրականութեան մէջ առաջին Սկաուտական միութիւնը հիմնւել է 1918-ին՝ Կ. Պոլսում եւ նոյն թւականին Հայաստանում՝ Օննիկ Եազմաճեանի, Վահան Չերազի եւ Տիգրան Խոյեանի միջոցով։

    1914 թւականին Եղիա Վելիջանեանը սկաուտական մի փոքրաթիւ խումբ է կազմում Իրանում։ 1919 թւականին  Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի շրջանաւարտ՝ Յովսէփ Աբգարեանը Ապրիլի 3-ին Նոր Ջուղայում հիմքն է դրել ամբողջ Իրանի Սկաուտական առաջին միութեան։

    2009 թւականի ապրիլի 3-ին լրացել է Իրանում Սկաուտական շարժման հիմնադրման 90-ամեակը։

    Իրանահայ սկաուտական առաջին ամսագիրը՝ «Ընկեր» խորագրով, լոյս է տեսել 1919 թւականի վերջում՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի տպարանում։

    Թաւրիզում Հայ սկաուտական կազմակերպութիւնը հիմնադրւել է 1925 թւականին՝ Արամ Ալոջեանի միջոցով, իսկ Թեհրանում 1929-ին Բաբգէն Եղիազարեանի ջանքերով:

    Տասնամեակներ յետոյ 1951 թւականին  հիմնադրւեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութիւնը, որը այժմ արդէն ունի շուրջ 380 անդամներ եւ միութեան նպատակն է կրթել եւ դաստիարակել հայ սերունդ՝ մտաւոր եւ ֆիզիկապէս հզօր սերունդ, որը հաւատարիմ իր տւած երդումներին՝ անմնացորդ կը ծառայի ազգին եւ հայրենիքին:

 

Հայ մշակութային Արարատ Կազմակերպութեան Սկաուտական միութիւնը

    1944 թւականի Յուլիսի 4-ին հիմնադրւեց Հայ Պատանեկան Մշակութային Միութիւնը: Վերոյիշեալ միութեան նպատակն էր դաստիարակել երիտասարդութեանը ֆիզիկապէս եւ բարոյապէս, նաեւ նրանց մէջ զարգացնել պատասխանատւութեան, կարգապահութեան եւ փոխադարձ օգնութեան գիտակցութիւնը, այդ նպատակով միութիւնը բաժանւեց 4 բաժանմունքի՝ մարզական, թատերական, գրական եւ երաժշտական:


    Միութիւնն իր կանոնաւոր աշխատանքները ոգեւորութեամբ եւ եռանդով շարունակեց մինչեւ 1947 թւականը, երբ ներգաղթի պատճառով միութեան անդամների թիւը վայրէջք կատարեց: 1950 թւականին 4 միութիւնների միացումով հիմնադրւեց Հ.Մ.«Արարատ» միութիւնը:

    Բայց այս միացումն ու համախմբումն էլ չի կասեցնում անդամների թւի նւազումը, այդ պատճառով պատանիներին եւ երիտասարդութեանը աշխատանքներին ներգրաւելու եւ, ինչու չէ նաեւ մշակութային կեանքին թափ հաղորդելու նպատակով, 1951 թւականի Ապրիլի 14-ին «Արարատ»-ի կառոյցի մէջ աւելանում է մի նոր բաժանմունք, որը հետագային կոչւում է Սկաուտական միութիւն:

Սկաուտական միութեան առաջին խմբակը կազմւել է 9 սկաուտներից Աւագ Խմբապետ՝ ԼէօնիդասՕհանեանի (Լօլօ) պատասխանատւութեամբ:

     1951 թւականին, «Արարատ»-ի առաջին սկաուտական բանակումը կայացել է Ուշանում:

     Բաժանմունքը կանոնաւոր կերպով ունեցել է իր հերթական զբաղմունքները: Նոյն թւականի Հոկտեմբեր ամսին տեղի է ունեցել պաշտօնական երդման արարողութիւնը:

     1952 թւականին բաժանմունքը կազմւած էր երկու Արիների եւ մէկ Արենուշների խմբերից: Յիշատակելի է, որ այդ ժամանակաշրջանում «Արարատ»-ի Սկաուտական կազմակերպութիւնը եղել է Իրանի կազմակերպւած միակ սկաուտական միաւորը:

     Այդ օրերին Սկաուտականի կազմակերպւած աշխատանքներն ու ձեռնարկները լայն արձագանգ գտան համայնքում, որով 1954 թւականի սկզբին միութեան անդամների թիւը աւելանալով, կազմւում են Արի-Արենուշների 12 խմբեր, Գայլիկ-Արծւիկների միաւորներ եւ Երէցների փաղանգը:

     Ցաւով պէտք է յիշատակել, որ 1954 թւի Օգոստոսի 14-ին լեռնագնացութեան ընթացքում զոհ դարձաւ նոյն շրջանի սկաուտապետ Աւագ Խմբապետ Ֆելիքս Մնացականեանը:

     Մատնանշելի է, որ 1956 թւականին Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղերը արդէն իսկ սկսել էին իրենց աշխատանքները:

     Սկաուտական միութիւնը իր աշխատանքների կողքին նաեւ զբաղւել է արւեստի բնագաւառում, սկաուտներին ծանօթացրել է հայկական ու համաշխարհային գրականութեանը: Այդ ուղղութեամբ 1957 թւականին կազմւել է թատերախումբ Վաչէ Ատոմեանի ղեկավարութեամբ, բեմադրելով մանկապատանեկան բազմաթիւ պիէսներ:


    1959 թւականին, առաջին անգամը լինելով տեղի է ունենում երկսեռ ընդհանուր բանակումը՝ ՄոբարաքԱբադում, որը կրկնւում է նաեւ 1960 թւականին:

    Այդ ընթացքում «Արարատ» միութեան անդամների թիւը վայրէջքի շրջան է ապրում, վիճակը բարեփոխելու նպատակով որոշւում է երիտասարդութեանը մասնակից դարձնել ղեկավարութեան մէջ, առաջանում է նոր մտայղացում՝ հիմնական փոփոխութիւն տալ միութեան կառոյցի մէջ: Այդ փոփոխութիւնը վաւերացւում է 1962-ի Ապրիլ 6-ի ընդհանուր ժողովում, «Արարատ» միութիւնը վերածւում է «Արարատ» կազմակերպութեան:

    Ըստ նոր կառոյցի, կազմակերպութիւնը կազմւում է միութիւններից,  որոնց աշխատանքը համադրում է Կենտրոնական Վարչութիւնը: Համաձայն այդ դրւածքի, Սկաուտական Միութիւնն էլ միւս միութիւնների նման, ունենում է իր ներքին կանոնագրութիւնը։ 


   Այդ միջոցին Սկաուտական միութիւնը, նոր դրւածքի եւ կառոյցի հետ համապատասխանեցնելու նպատակով, 3 ամիս դադարեցւում են աշխատանքները, իսկ դադարից յետոյ միութիւնն իր աշխատանքները վերսկսում է միայն 20 անդամով:

    1963 թւականի Մարտին, մարզական աշխատանքներին աւելի թափ ու եռանդ տալու նպատակով կազմակերպւում է սկաուտական առաջին ողեմպիական մրցութիւնները:

     1964 թւականին աշխուժանում է Միութեան լեռնագնացութեան աշխատանքը եւ երկրում առաջին անգամը լինելով ձմռանը սկաուտներից բաղկացած մի խումբ յաջողում են նւաճել Դամաւանդի գագաթը:

     Աստիճանաբար աւելանում է Արի-Արենուշների թիւը, միութիւնը եռանդով շարունակում է իր ընթացիկ աշխատանքները, եւ 1970 թւականին կազմակերպւում է 6-րդ համահայկական սկաուտական բանակումը «Մանզարիէ»ում:

     1974 թւականին, Սկաուտական միութիւնը որպէս կազմակերպութեան մասնիկներից մէկը, տօնում է «Արարատ»-ի հիմնադրման 30-ամեակը: Այդ առիթով կազմակերպւած ձեռնարկների շարանում էր առաջին Սկաուտական Համագումարը «Արարատ»-ում, որին մասնակցում էին միութեան նախկին պատասխանատուներն ու օրւայ աստիճանաւորները:

     1976-ի գարնանը Սկաուտական միութիւնը փոխադրւում է մարզաւան, ընդլայնելով իր աշխատանքներն ու ձեռնարկները, էլ աւելի նպատակսլաց կերպով քայլելու համար իր ճշտած նպատակի ճանապարհով:

     Ու ելնելով այդ նպատակից եւ յանուն միասնական աշխատանքի յարատեւման, 1975 թւականին մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզասրահում կայանում է Սկաուտական համահայկական երդման արարողութիւնը:

     Սկաուտների մարզական աշխատանքները Մարզաւանում շարունակելու նպատակով 1978 թւականի Յուլիսին վերսկսւում է սկաուտական ողեմպիական մրցութիւնները մարզաւանում։ Սկաուտական միութիւնը մինչ այս մասնակցել է Հ.Մ.Ը.Մ-ի կազմակերպած բանակումներին: Աթենում, Ֆրանսիայում և Հայաստանում: Սկաուտական Միութեան աշխատանքները կենտրոնացած են մարզաւանում: