Հրատարակութիւն

PDF

Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ՝ Անկախութեան տարեդարձը նշւեց «Արարատ» մարզաւանում:

Rate this item
(0 votes)

     «ԱԼԻՔ», Կ. Դ. - ՀՀ Անկախութեան 24-րդ տարեդարձը՝ Սեպտեմբերի 21-ը, երէկ նշանաւորւեց ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում, ուր գործում են Հայաստանի պետական ներկայացուցչութիւններ:

     Իրանում, ՀՀ դեսպանութիւնը եւս երէկ սեպտ. 21-ի երեկոյեան նախաձեռնել էր ընդունելութիւն «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում:

     Օրւայ հանդիսութիւնը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իրանի պետական այրեր ու պատասխանատուներ, Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ ու դեսպանութիւնների դիւանագիտական ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հոգեւոր առաջնորդները, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները, երեք թեմերի Թեմական խորհուրդների, ազգային իշխանութիւնների ու մարզա-մշակութային միութիւնների եւ հասարակական տարբեր միաւորների ներկայացուցիչներ:

     Միջոցառման պաշտօնական մասը բացւեց Հայաստանի եւ Իրանի պետական հիմների կատարումով, որը իրականացրեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ «Մաշտոց» երգչախումբը:
     Ներկաներին հայերէն եւ անգլերէն լեզուներով ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսք ուղղեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: «Հայ ժողովրդի հազարամեակների պատմութիւնը եղել է յաղթանակների եւ կորուստների մի դժւարին ճանապարհ: Հայաստանի վերանկախութիւնից յետոյ, եւս անցած վերջին տարիները դիւրին չեն եղել: Չափազանց թանկ գին ենք վճարել յանուն պետականութեան ստեղծման եւ կերտման, ունեցել ենք բազում կորուստներ, մեծաթիւ զոհեր ու այժմ խորը երախտագիտութեամբ գլուխ ենք խոնարհում նրանց յիշատակի առջեւ»,- իր ելոյթում ընդգծեց ՀՀ դեսպանը:
     Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ նաեւ Իրան-Հայաստան բարիդրացիական յարաբերութիւններին:
Իրանի կառավարութեան անունից շնորհաւորական խօսքը փոխանցեց Իրանի էներգետիկայի փոխնախարար՝ Սաթար Մահմուդին:
     Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ երկու երկրների բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքով հիմնաւորւած փոխյարաբերութիւններին: Փոխնախարարը ընդգծեց, որ քրիստոնեայ Հայաստանի եւ իսլամական Իրանի սերտ ու բարիդրացիական յարաբերութիւնները կարող են օրինակ հանդիսանալ այլ երկրների հետ մեր յարաբերութիւնների գծով:
     Նա աւելացրեց, որ երկուստեք բազմոլորտ եւ յարաճուն յարաբերութիւնները ընդգրկում են քաղաքական, տնտեսական, առեւտրական ու մշակութային բնագաւառները: Սաթար Մահմուդին նշեց, որ թէեւ երկու երկրների առեւտրա-տնտեսական կապերը չեն համապատասխանում քաղաքական շատ ջերմ յարաբերութիւնների հետ, սակայն գոյութիւն ունեն երկուստեք ներուժ կարողականութիւններ, յարաբերութիւնների մակարդակը բարելաւելու համար:
     Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական հարուստ յայտագրով: Ելոյթով հանդէս եկան «Ակունք» պարային համոյթի սաները, գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեանի, զուգերգերով ելոյթ ունեցան Թեմա եւ Թենի Յակոբեանները: Նշենք, որ թէ՛ երգչախմբին, եւ թէ՛ մեներգիչներին դաշնամուրով ընկերակցում էր Արին Աւանէսեանը:
     Միջոցառման պաշտօնական բաժնի աւարտից յետոյ, «Այգեստան»-ում շարունակւեց տօնախմբային խանդավառ մթնոլորտ, որտեղ եւս երաժշտական մեներգերով հանդէս եկան Մանէ Թահմազեանն ու Էդւին Հայրապետեանը: