Հրատարակութիւն

PDF

«Շանթ» ու «Շանթիկ»-ը՝ 27 տարեկան են

Rate this item
(0 votes)

Սրանից 32 տարի առաջ, 1983 թւականին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ հիմքը դրւեց Մանկական թատրոնի, այնուհետեւ 1989 թւականին այս թատրոնի պատասխանտւութիւնն ու ղեկավարութիւնը յանձնարարւեց Ռուբիկ Մ. Պետրոսեանին: Նա հիմնադրեց «Շանթիկ» մանկական եւ ապա «Շանթ» պատանեկան-երիտասարդական թատերախմբերը, որոնք արդէն 27 տարեկան են:

 

Ռուբիկ Մ. Պետրոսեանը ամենայն բծախնդրութեամբ ու կարգապահութեամբ առանց նիւթական ակնկալիքի ղեկավարել է թատերախմբերը եւ բեմադրել 50-ից աւելի ներկայացումներ:
Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակի կողմից հարցազրոյց ենք վարել պրն. Ռուբիկ Մ. Պետրոսեանի հետ, քանզի շուտով հանդիսատեսի դատին կը յանձնւի նրա նոր ներկայացումները:

 

151028e01a- Խնդրեմ հակիրճ խօսէք «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի անցած ուղու մասին:
- Ես սկզբից աշխատել եմ որպէս բեմայարդար, ձեւաւորող, որը իմ մասնագիտութիւնս է: Իսկ գալով թատերական կեանքին՝ բախտ եմ ունեցել աշակերտելու համայնքիս հանրայայտ բեմադրիչ հանգուցեալ Արամայիս Աղամալեանին եւ հիմքը դրել թատերական ասպարէզիս:
Ինչպէս նշեցիք 1989 թւականից Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից ինձ յանձնարարւեց թատերական բաժանմունքի պատասխանատւութիւնը եւ նոյն թւականին բեմադրւել է առաջին գործս «Փոքրիկ երաժիշտ» խորագրով:
Ապա մտածեցի հիմքը դնել մանկա-պատանեկան «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի:


- Հանդիսատեսի համար «Շանթ» եւ «Շանթիկ» խմբերը մէկ խումբ է, արդեօք դա այդպէս է:
- Թէեւ «Շանթիկ»-ները մեր փոքր տարիքի, իսկ «Շանթ»-երը արդէն երիտասարդ դերասաններն են, սակայն մեր յաջողութիւնը նրանում է, որ երբեք հանդիսատեսը չի առանձնացրել այդ երկուսին, «Շանթ»-ը եւ «Շանթիկ»-ը համարելով մի ամբողջութիւն:


- Կարելի է խօսենք խմբերի ներկայ աշխատանքների, տարիքային բաժանումների եւ շաբաթական փորձերի մասին:
- «Շանթիկ»-ների տարիքային սահմանումն է 4-ից 12 տարեկանները, ունեցել ենք նաեւ 3 տարեկան շնորհաշատ փոքրիկներ: «Շանթ»-երի տարիքային սահմանումն է 12-ից վեր:

«Շանթիկ»-ների հետ փորձերը անց են կացւում հինգշաբթի, իսկ «Շանթ»-երի հետ երկուշաբթի օրերը:
Ցաւօք պիտի նշեմ, որ «Շանթիկ»-ները կազմալուծման սեմին են, աշակերտների թւի նւազման պատճառով:


151028e01b- Ներկայացումների նախապատրաստական աշխատանքներին, այս տարիների ընթացքում ովքեր են Ձեզ օժանդակել:
- Թէ ժամանակին, եւ թէ ներկայում, մեծ թւով անհատներ սիրայօժար օժանդակել են «Շանթ» եւ «Շանթիկ»-ին, որոնց թւում պէտք է նշեմ՝ Կիտուշ Արզուեանին, Էլօ Նազլումեանին, Ալիս Շահվերդեանին, Անահիտ Գրիգորեանին, Լուիզա Աւետիսեանին, Լորետա Աւետիսեանին, Լուսինէ Յովհանիսեանին, խմբերի ծնողական խորհրդներին եւ ... որոնց միշտ երախտապարտ կը լինեմ:


- 2010 թւականին խումբը Հայաստանում ձեռքբերումներ է ունեցել, խնդրեմ պատմել այդ ձեռքբերումների մասին:
- «Նռան հատիկ» փառատօնին մասնակցեցինք «Շանթ» խմբի հետ, ներկայացնելով «Շունն ու Կատուն», «Կիկոսի մահը» եւ «Չարի վերջը» պիեսները, թէեւ ունեցել ենք դժւարութիւններ, սակայն մեր ներկայացումները շատ լաւ են գնահատւել:


- Ձեր բեմադրութիւնները ընդհանրապէս ինչ թեմաներ են շօշափում եւ ինչ էք ներկայացնելու առաջիկայ բեմադրութեան ընթացքում:
- Նշեմ, որ մեր ներկայացումների մեծ մասը ներշնչւած են, Յովհաննէս Թումանեանի գործերից, քանզի Թումանեանի խօսքը պարզ լինելով հանդերձ շատ խորաթափանց է:
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած վերջին բեմադրութիւնից յետոյ, որը շատ բարդ եւ միաժամանակ պատասխանատու գործ էր, ահա մտադիր ենք «Շանթ» ու «Շանթիկ»-ի 27-ամեակի առիթով հանդիսատեսին ներկայացնել 4 բեմադրութիւններ հետեւեալ խորագրերով՝ «Վարկ ամուսնութեան համար», որը անդրադառնում է մեր համայնքային հարցերին, «Պաշտօնս է խռմփալ», իսկ մնացեալ երկուսի մասին թող դատի հանդիսատեսը:


- Վերջում կը ցանկանաք որեւէ բան աւելացնել:
- Թէեւ մշակոյթը պարունակում է արւեստի տարբեր ոլորտներ, սակայն թատերական արւեստը իմ կարծիքով բոլորի միատեղումն է, բայց դժբախտաբար այսօր մեր երիտասարդները շատ էլ չեն զբաղւում թատերական արւեստով: Յուսանք ոչ միայն չեն կազմալուծւելու մեր թատերական խմբերը, այլ՝ օրէցօր կը շատանան, ներգրաււելով մեր երիտասարդներին:
Շնորհակալութիւն՝ հարցազրոյցի համար:

Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ
կապի գրասենեակ