Print this page
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:05
Rate this item
(0 votes)

2015 թւականի հոկտեմբերի 2-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակում հարցազրոյց կազմակերպւեց Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի ղեկավար Սեւան Աբեդիի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:


- Խնդրեմ ներկայացրէք Ձեզ:
- Սեւան Աբեդին եմ, տարրական կրթութիւնս ստացել եմ «Արաքս» դպրոցում, այնուհետեւ ուղեցոյց-միջնակարգ օղակը յաճախել եմ Թեհրանի Երաժշտական դպրոց եւ ստացել եմ ջութակի ու դաշնամուրի բաժնի դիպլոմ:
Երեւանում եմ եղել 2007-ից 2014 թւականներին ուր ստացել եմ բարձրագոյն կրթութիւնս՝ Երեւանի Կոմիտասի անւան Պետական Կոնսերւատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարութեան բաժնում, պրոֆ. Դաւիթ Ղազարեանի դասարանում եւ ստացել եմ մագիստրատուրա գերազանց վկայագրով:


- Ինչպէս էք սկսել Ձեր գեղարւեստական գործունէութիւնը:
- Փոքր տարիքում Թեհրանում երգել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի «Սասունիկ» երգչախմբում, խմբավարութեամբ՝ Արփինէ Յարութիւնեանի, ապա «Ծիծեռնակ» երգչախմբում խմբավարութեամբ Ռազմիկ Օհանեանի, երգել եւ նւագել եմ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Արազ» երգչախմբում խմբավարութեամբ Թենի Յակոբեանի: Կարճ ժամանակ նաեւ երգել եմ «Արարատ» երգչախմբում խմբավարութեամբ Արաքս Խաչատրեանի: Դպրոցական տարիներին ջութակով համերգներ եմ ունեցել, թէ որպէս՝ մենակատար եւ թէ որպէս՝ նւագախմբի անդամ «Վահդաթ» համերգասրահում: Վերջին տարիներին Բէյրութ այցելութեան ժամանակ համագործակցել եմ որպէս խմբավարի օգնական իրենց խմբավարած երգչախմբերի հետ փորձերի ընթացքում: Ուսանողական շրջանում երգել եմ կոնսերւատորիայի Պետական երգչախմբում, այնուհետեւ խմբավարել եմ նոյն երգչախմբում, որի վերահսկիչներն էին պրոֆեսորներ՝ Յովհաննէս Չէքիճեանը, Տիգրան Հեքեքեանը, Յովհաննէս Միրզոյեանը եւ Դաւիթ Ղազարեանը: Նոյն շրջանում Երեւանում կարողացայ ի մի բերել իրանահայ եւ պարսիկ անդամներից կազմւած մի երգչախումբ, որի փորձերը կայանում էր կոնսերւատորիայում եւ սա լաւ փորձառութիւն էր ինձ համար:


- Ձեր մասնագիտութեան ծիրում ի՞նչ աշխատանքներ էք մինչ այժմ կատարել:
- Համագործակցել եմ Իրանում Աւստրիայի դեսպանատան մշակոյթի բաժնի հետ (OKF):
Ներկայ պահին համագործակցում եմ Թեհրանի ֆիլհարմոնիկ նւագախմբի հետ երգչախմբային բաժնում, որի ղեկավարն է Նադէր Մաշայեխին:
Շարունակում եմ նւագել եւ դասաւանդել վոկալ, սոլֆեջիօ, դաշնամուր, ջութակ, սակսիֆոն եւ հարմոնիկա մասնաւոր եւ խմբակային ձեւաչափով:


- Ե՞րբ հրաւիրւեցիք Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբ, ղեկավարելու համար, եւ ի՞նչպէս սկսեցիք աշխատանքը:
- 2014 թւականի օգոստոս ամսին վարչութիւնը դիմեց ինձ եւ յղեց հրաւէր այս պարտականութիւնը ստանձնելու համար, քառաձայն երգչախմբի նախկին ղեկավար Արաքս Խաչատրեանի Երեւան վերադառնալու պատճառով երգչախումբը իր աշխատանքը պէտք է սկսէր նոր խմբավարով: Դեկտեմբեր ամսից փորձերը վեր սկսւեցին:


- Ի՞նչպէս են ընթանում փորձերը եւ ի՞նչ հեռանկարներ ու ծրագրեր ունէք:
- Փորձերը կայանում են շաբաթական երկու պահ կիրակի եւ երեքշաբթի օրերը (շաբաթը 4 ժամ), «Արարատ»-ի կենտրոնատեղիում. սկզբում սօլֆեջիօ եմ պարապում ու միաժամանակ նոտա եմ սովորեցնում, ապա ձայնամարզութիւն կատարելուց յետոյ անցնում ենք երգացանկին, որը կազմւել է առաջիկայ համերգին համապատասխան:
Ցանկալի է, որ կարողանանք ներկայանալ տարբեր ժանրերում՝ դասական, ժողովրդական, փափ, ջազ եւ այլն: Ու ամենակարեւորն է, որ երգչախմբի թիւը յաւելում արձանագրի:


- Վերջում՝ եթէ որեւէ բան կը ցանկանաք աւելացնել, խնդրեմ:
- Շնորհակալ եմ Հանրային կապից, այսօրւայ հարցազրոյցը կազմակերպելու համար:
Ցանկանում եմ մի քանի բառով խօսել երգչախմբում երգելու մասին՝ նախ դա ամբողջովին խմբային աշխատանք է եւ զարգացնում է երգողի երաժշտական լսողութիւնը եւ ունակութիւնները, ծանօթացնում է բազմաձայն երգեցողութեան եւ նոտաների ու սոլֆեջիոյի հետ:
Երգն ու երաժշտութիւնը լինելով հնագոյն արւեստներից, հոգեբանօրէն կապւած է մարդու ներաշխարհին եւ արտացոլում է նրա զգացմունքները:
Առիթը պատեհ համարելով քաջալերում եմ երիտասարդ-երիտասարդուհիներին մասնակցել մեր փորձերին եւ ապրել խմբային, միութենական եւ հիմնականում երգչախմբային հաճելի կեանքը: