Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 14 Նոյեմբեր 2015 18:03
Rate this item
(1 Vote)

 

 

 

Հոկտեմբերի 14-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակում, հարցազրոյց կազմակերպւեց Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի Աւագ ուսուցիչ՝ Անահիտ Աւետեանի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:

 

 

- Խնդրում ենք ներկայացրէք ձեզ եւ ձեր գեղարւեստական անցեալն ու ներկան:
- Անահիտ Աւետեանն եմ (Մանուկեան) ծնւել եմ 1976 թւականին՝ արւեստասէր ընտանիքում: Մայրս եղել է «Իրանի ազգային բալետի կենտրոն»-ի մենապարուհի ու ես կարծես գէնետիկօրէն պարուհու զաւակ լինելով՝ փարւել եմ հէնց այս արւեստին, միշտ քաջալերւելով իհարկէ, մօրս կողմից:
Համալսարանական կրթութիւնս՝ համակարգչային ճարտարագիտութիւն (software) է:
Պար սովորելը սկսել եմ 5 տարեկանից, 1981 թ.-ից, Անահիտ Ջանբազեանի պարի դպրոցում, այնուհետեւ աշակերտել եմ իր շրջանաւարտ աշակերտներից՝ Ալիս Եդգարեանին, ապա՝ Սիւզի Խանջարեանին, մինչեւ 2001 թւական: Այդ ամբողջ 20 տարիների ընթացքում կողքիս է եղել մայրս՝ Վալերիկ Աբրահամեանը եւ իր շրջապատը՝ Աւագ Աբրահամեանը եւ Այիդա Ահմադզադէն, ովքեր ինձ շատ ուղղութիւններ են տւել:
2001-ին, պարի խմբի ընկերուհիներիս քաջալերանքներով, որոնք արարատական էին, սկսել եմ համագործակցութիւնս իբր փորձավար «Արարատ» պարախմբի հետ, այդ օրերին պարախմբի գեղարւեստական ղեկավարն էր Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստուհի, «Բարեկամութեան» համոյթի փորձավար՝ Կարինէ Ղազարեանը, որի շնորհիւ ես շատ-շատ մանրամասներ սովորեցի, ի մասնաւորի հայկական պարարւեստի ուղղութեամբ եւ պիտի հաստատ նշեմ, որ իմ բեմադրութիւնները իրագործելու առաջին քաջալերողը ինքն է եղել, որպէսզի ոճի մեծ փոփոխութիւններ սկսւի եւ ժամանակակից աշխոյժ պարեր բեմադրւի իմ միջոցով: Ինձ հետ միաժամանակ փորձավար էր հրաւիրւել Քրիստինէ Արզումանեանը, որը համագործակցել է մինչեւ 2007 թ.:
Ութ տարիներ համագործակցել եմ Կարինէ Ղազարեանի հետ եւ բազմաթիւ ելոյթներ իրագործել, արտերկրում նաեւ ունեցել ենք ելոյթներ՝ Հայաստանում՝ 2006 թ. եւ Լիբանանում՝ 2010 թ.:
Այնուհետեւ «Արարատ» պարախմբի գեղարւեստական ղեկավար է հրաւիրւել «Բարեկամութիւն» համոյթի փորձավար՝ Յակոբ Մարգարեանը, որի հետ փորձավար եմ աշխատել 2 տարի, մինչեւ 2012 թ.:
Սկզբից «Արարատ» պարի դպրոցի գեղարւեստական ղեկավարն է եղել Ժոռա Դիլանեանը, օգնական ունենալով Անահիտ Մարգարեանին, այդ շրջանի վերջում եւ Կարինէ Ղազարեանի ղեկավարման շրջանի սկզբից արդէն պարախմբի անդամ՝ Թինա Անտոնը որպէս օգնական էր օժանդակում պարախմբին, մինչեւ 2010 թ. ամռանը:
Մօտաւորապէս մէկ տարի իմ գործունէութեան սկսելուց յետոյ, քանի որ միշտ կողմ եմ եղել երիտասարդ ուժերին վստահել եւ կարողութիւններ ունեցողներին առիթ ընձեռնել, միախորհուրդ Կարինէ Ղազարեանի հետ, որոշեցինք փորձավարներ կարգել պարախմբի փորձառու անդամներից եւ յաջողեցինք ու այն ժամանակից մինչեւ այսօր հիմնական փորձավարները դարձան այսօրւայ ուսուցչական կազմը:
Այժմ կրտսեր խմբի՝ թիւ 3-ի ուսուցիչն է Լինետ Սարգսեանը, թիւ 2 խմբի ուսուցիչն է Նատալի Մուրադեանը, 11-ից 13 տարիքային, իսկ 13-ից մինչեւ 15 տարեկան խմբի, որը թիւ 1 է կոչւում, ուսուցիչը՝ Լինդա Սարգսեանն է, «Արարատ» անսամբլի հետ աշխատում եմ ինքս: Մեր կողքին նաեւ ունեցել ենք օգնականներ՝ Թալին Անտոնեան, Լեռնիկ Բաղրամեան, Նարինէ Բանդարեան, որոնք ներկայում երկրում չեն եւ այժմ Սիւնէ Շահվալադեանը թիւ 2 խմբի օգնականն է եւ սիրայօժար օգնական՝ Ալմարա Շահմիրեանը:


151114d01a- Ուրախութեամբ լսեցինք ձեր ձեռքբերումների մասին, խնդրեմ բացատրէք:
- 2014 թւականին ունենալով զոյգ 3 տարեկան որդիներ՝ Արթոյին եւ Լէոյին, մտայղացում առաջացաւ մէջս, որ կլասիկ պարային արւեստում առաջանալու համար անհրաժեշտ է ընձեռնւած հնարաւորութիւնից օգտւել, ուստի մասնակցեցի Boston Ballet Adult Summer Dance Program (ASDP) եւ Advance Class-ին, որը բաղկացած էր կլասիկ տեխնիկ եւ գործնական դասերից, ղեկավարութեամբ անգլիացի Royal Academy բալեռոն՝ Քրիստոֆեր Հըրդի եւ համաշխարհային պարող՝ Քրիստոֆեր Անդրսնի եւ ուրիշների հետ: Դասընթացները աւարտել եմ գերազանց վկայագրով: Երախտապարտ եմ ի մասնաւորի նշւած երկու դասատուներին, կլասիկ ժանրում տեխնիկ առումով ձեռքբերումներիս համար: 2015 թ. երկրորդ անգամւայ համար մասնակցել եմ նոյն դասընթացներին, նոյն ղեկավարութեամբ, պէտք է խոստովանեմ որ բացի պարից, ստացել եմ հոգեպէս եւ մտայնապէս նոր աշխարհայեացք: Ընդհանրապէս ներշնչւել եմ նոր մտայնութեամբ, որպէս արւեստասէր մարդ, փոխւել է իմ մէջ շատ արժէքներ՝ այս ասպարէզում, թէ՛ աշակերտների եւ թէ՛ համագործակիցներիս ու շրջապատիս նկատմամբ: Այս մասին կարելի է զրուցել մի այլ առիթով:
Հարկ է նշել, որ 2014 եւ 2015-ի Boston Ballet-ի դասընթացներին մասնակցելու համար ինձ թեւ ու թիկունք կանգնեց ամուսինս՝ Յովսէփ Աւետեանը, առանց այդ որի չէի կարողանայ ուրիշ երկրում երկու զաւակներիս հետ որեւէ դասարանի մասնակցել: Նաեւ այստեղ միշտ կողքիս է մայրս, այս երկու անձանց շնորհիւ կարողացել եմ մինչեւ այսօր շարունակել համագործակցութիւնս «Արարատ» պարախմբի հետ:


- Շաբաթական քանի՞ պահ է կայանում փորձերը, ո՞րտեղ եւ ի՞նչ ժանրերում էք պարապում:
- Այժմ 3 պահ, քանի որ պատրաստւում ենք ելոյթի համար, որը լինելու է նոյեմբերին, սակայն ընդհանրապէս փորձերը շաբաթական 2 պահ է, մարզաւանում: Մեր ուսուցման ժանրը ընդարձակ է, հիմքը կլասիկ է, ապա հայկական պարերի վրայ ենք կենտրոնանում, տարբեր ազգերի պարերն ենք ուսուցանում, նաեւ ժամանակակից (Contemporary) եւ մոդեռն (Fusion):
Այստեղ պիտի նշեմ, որ պարախումբը բացի իր տարեկան ելոյթներից, կազմակերպութեան զանազան միջոցառումներում ելոյթներ է ունենում: Օրինակ՝ միանգամայն վերջերս՝ 2014 թւականին, կազմակերպութեան 70-ամեակին նւիրւած ելոյթ կազմակերպւեց Ուրմիայի եւ Թաւրիզի մասնաճիւղերում:


- Բացի պարից, արդեօք աշակերտները մասնակցո՞ւմ են միութենական աշխատանքներին, թէ՞ նրանք միայն պարի դպրոց են յաճախում:
- Այո, բոլորը միութենական են եւ ապա պարախմբի անդամ, նրանց մէջ կան վարչականներ, նաեւ մաս են կազմում կազմակերպութեանս տարբեր յանձնախմբերում եւ գործօն մասնակցութիւն ունեն տարբեր ծրագրերի:


- Խնդրեմ բացատրէք թէ ի՞նչպիսի են ղեկավարւում պարի կազմակերպչական աշխատանքները:
- Մեր անունը արդէն խօսուն է՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբ, ուստի կազմակերպչական աշխատանքը ղեկավարում է նախ Արւեստից միութեան վարչութիւնը, նրանց կողքին կեանքի է կոչւել 4 հոգանոց յանձնախումբ, համադրութիւններ կատարելու նպատակով, իսկ մեր գրասենեակի պատասխանատու եւ պարի վարիչն է Շաքէ Մուրադեանը: Նա իր անվերապահ օժանդակութեամբ ու համագործակցութեամբ կատարում է լաւագոյնը: Պէտք է նշեմ նաեւ, որ մեր կողքին կանգնած են միութենական ընկերներ, որոնք ոչ մի ջանք չեն խնայում ինձ եւ մեզ օգնելու համար: Նաեւ պէտք է անպայման յիշեմ, որ հագուստների գծագրման եւ ձեւաւորման հիմնական աշխատանքը, մնացածի կողքին ծանրացած է ուսուցիչ՝ Լինդա Սարգսեանի ուսերին, եւ երաժշտութիւնները ու ելոյթի ծրագրաւորումը կատարում ենք ուսուցիչներով միասնաբար:


151114d01b- Գիտենք, որ պարի դպրոցի հիւրերն են եղել Հայաստանից ժամանած մասնագէտներ, կը պատմէ՞ք նրանց մասին եւ արդեօք լինելո՞ւ են նոր հրաւէրներ:
- Մենք պարում ենք «Բարեկամութիւն» համոյթի գեղարւեստական ղեկավար եւ ժողովրդական արտիստ՝ Նորայր Մեհրաբեանի ստեղծագործած պարերը, պարի պետական անսամբլի ղեկավար, ժողովրդական արտիստ՝ հանգուցեալ Վանուշ Խանամիրեանի ստեղծագործութիւնները նաեւ մեզ մօտ աշխատած գեղարւեստական ղեկավարների բեմադրութիւնները: Ես եւս ունեմ բեմադրութիւններ, նաեւ մեր ուսուցիչները ունեն իրենց բեմադրութիւնները, որոնք հանդիսատեսը անցեալ տարիների պէս առաջիկայ ելոյթին ականատես կը լինի:
Բեմադրութիւնների առումով միշտ մեր կողքին իր ցուցմունքներով կանգնած է Աւագ Աբրահամեանը, մենք պարել ենք նրա բեմադրութիւններից եւս:
Վերջին տարիներում Արւեստից միութեան հրաւէրով, խմբի հետ աշխատել եւ բեմադրութիւններ են կատարել ՀՀ ԻՒՆԵՍԿՕ-ի Սպորտային պարերի բաժնի ներկայացուցիչ՝ Քրիստինէ Յովակիմեանը եւ ՀՀ Մշակոյթի վաստակաւոր գործիչ՝ Գագիկ Կարապետեանը, որոնց համագործակցութեան մասին «Արարատ»-ի Հանրութեան հետ կապը յօդւածով տեղեկացրել է ժամանակին:
Առաջիկայի համար ունենք հրաւիրեալներ, որոնց մասին հաստատւելուց յետոյ կը տեղեկացնենք:


- Պարախումբը կանգնած է իր 20-ամեակի սեմին, ի՞նչ ծրագրեր ունէք առաջիկայում այդ կապակցութեամբ, եւ ե՞րբ է կայանալու խմբի տարեկան ելոյթը:
- Տարեկան ելոյթը կայանալու է նոյեմբերի 19-ին եւ 20-ին, պարսիկ կին հանդիսատեսի համար «Բեհնամ Դահեշփուր» բարեսիրական հաստատութեան համագործակցութեամբ եւ հայերի համար ելոյթը տեղի կունենայ նոյեմբերի 26-ին եւ 27-ին «Արարատ»-ի կենտրոնատեղիում:
Անմիջապէս տարեկան ելոյթից յետոյ սկսւելու է պարախմբի 20-ամեակին նւիրւած շարան ձեռնարկները:


- Եթէ աւելեցնելիք ունէք, խնդրեմ:
- Ամենակարեւոր կէտը, որ կուզէի աւելացնել, այն է, որ բացի տեխնիկ եւ ուսումը, պարարւեստի ուղղութեամբ շատ կարեւոր է սէրը եւ հաճելի մթնոլորտ ստեղծելը աշակերտութեան համար եւ մենք հէնց այդ ուղղութեամբ էլ աշխատում ենք եւ փորձում ենք համաշխարհային մասշտաբով առաջ գնալ թէ՛ ֆիզիկապէս, եւ թէ՛ հոգեպէս, փորձում եմ այդ մի քանի ժամւայ ընթացքում ամէն մարդ անջատւի իր առօրեայ դժւարութիւններից եւ իր հոգին ու ֆիզիկը սնի երաժշտութեամբ եւ շարժումներով եւ լիցքաթափւած վերադառնայ իր առօրեային:
Շնորհակալ եմ, որ Հանրութեան հետ կապը հարցազրոյցի առիթ տւեց ինձ:
Յաջողութիւն եւ ուժ ու կորով եմ մաղթում բոլոր աշխատող ձեռքերին, մեր աշակերտներին եւ ամբողջ կազմին՝ առաջիկայ աշխատանքների համար: