Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 10:07
Rate this item
(0 votes)

Դասախօսութիւն

ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումների մասին

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ սոյն թւականի երկուշաբթի մարտի 7-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեանի»-ի անւան  սրահում: Ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն «ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումները» թեմայով, որի համար հրաւիրւել էր շրջանիս Հայ Դատի յանձնախմբի նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմի անդամ՝ ընկեր Արամ Շահնազարեանը:

Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը, ով նախ շնորհաւորեց Կանանց միջազգային օրն ու տօնական միամսեակը, ապա ամփոփ կենսագրականով ներկայացրեց օրւայ դասախօսին եւ ամբիոնի մօտ հրաւիրեց նրան:

Յարգելի դասախօսի բնորոշմամբ՝   սահմանադրութիւնը  երկրի հիմնական օրէնքն է եւ օրէնսդրութեան հիմքը, նրանով են սահմանւում երկրի ղեկավարման համակարգը, քաղաքացու իրաւունքներն ու քաղաքացու պարտաւորութիւնները: Հետեւաբար սահմանադրութեան ցանկացած փոփոխութիւն ազդում է  քաղաքական դաշտի եւ քաղաքացիների կեանքի վրայ:

Դասախօսն ակնարկեց անցած դեկտ. 6-ին հանրաքւէով հաստատւած ՀՀ բարեփոխւած Սահմանադրութեանը, որի հիման վրայ Հայաստանը անցնում է խորհրդարանական կարգերի եւ մեծ փոփոխութիւններ են ակնկալւում ներքաղաքական ու հասարակական կեանքի բոլոր ոլորտներում:

Դասախօսն  այնուհետեւ բացատրեց, թէ՝ Հայաստանի առաջին Հանրպետութեան  կարճատեւ կեանքի ընթացքում՝ 1918-20 թթ., ներքին եւ միջազգային իրադարձութիւնները թոյլ չտւեցին սահմանադրութիւն ունենալ: Այնուհետեւ Խորհրդային Հայաստանը 70 տարի ենթարկւել է Խորհրդային Սահմանադրութեանը, թէեւ ձեւականօրէն գոյութիւն է ունեցել նաեւ Հայաստանի Սահմանադրութիւնը: Վերանկախումից յետոյ, թէեւ Առաջին նախագահը սկզբունքով հակադրւում էր սահմանադրութեանը, սակայն քաղաքական հոսանքների պահանջին տեղի տալով, 1995-ին, Հայաստանի Հանրապետութիւնը ընդունեց իր անդրանիկ Սահմանադրութիւնը, որը ձեւակերպւած էր նախագահական կարգերի հիման վրայ: 2003-ին, եւրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով բարեփոխւած Սահմանադրութիւնը հանրաքւէի դրւեց, սակայն չընդունւեց: Կրկին 2005-ին հանրաքւէի դրւեց բարեփոխւած Սահմանադրութիւնը, որի ընդունմամբ Հայաստանի վարչակարգը նախագահականից անցաւ կիսանախագահականի, բայց կրկին նախագահը մնաց երկրի թիւ մէկ դէմքը:

Հայաստանի գործող նախագահն իր պաշտօնավարման երկրորդ շրջանում սահմանադրութեան բարեփոխումների պահանջ դրեց, որին իր սկզբունքներից ելնելով ընդառաջ գնաց  ՀՅԴ-ն: Ըստ դասախօսի՝ Նախագահի կողմից կատարւած այդ յայտարարութեան բուն պատճառը ղեկավարման ճգնաժամի մէջ պիտի տեսնել:

Իշխող Հանրապետական կուսակցութիւնից (ՀՀԿ) բացի, Սահմանադրութեան բարեփոխմանը կողմ եղան ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, իսկ այլ կուսակցութիւններն ու խմբակցութիւնները միացան «Դէմ» ճակատին: Սահմանադրութեան բարեփոխումները ընդունւեցին հանրաքւէով: Այժմ Հայաստանի Հանրապետութիւնը  ունի ուժի մէջ մտած նոր Սահմանադրութիւն,  որի հիման վրայ երկրում պիտի հաստատւեն  խորհրդարանական կարգեր, որտեղ Հանրապետութեան նախագահը առաւել արարողակարգային դերակատարութիւն կունենայ:

Դասախօսը ընդհանուր գծերով բացատրեց բարեփոխւած Սահմանադրութեան դրական կողմերը, որի գործադրութեամբ  Հայաստանում ակնկալւում  է որակական փոփոխութիւններ, ներկայի իշխանութիւն-ժողովուրդ անջրպետի վերացում, սոցիալական արդարութեան եւ ժողովրդավարական կարգերի  հաստատում, ապա յոյս յայտնեց, որ նոր Սահմանադրութեան ստեղծած հնարաւորութիւններով,  Հայաստանի ապագան լինի այնպէս, ինչպէս որ ակնկալւում է:

Դասախօսութիւնը ներկաների մօտ առաջացրել էր բազմաթիւ հարցումներ, որոնց բաւարարեց դասախօսն իր սպառիչ պատասխաններով:

Միութեան վարչութիւնը շնորհակալութիւն յայտնելով յարգոյ դասախօսին, ներկաներին հրաւիրեց վայելելու բաժանմունքների կողմից պատրաստւած ուտեստները՝ընկերական ջերմ միջավայրում: