Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 19 Նոյեմբեր 2016 11:34
Rate this item
(0 votes)

 

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ սոյն թիւ նոյեմբերի  7-ին «Արարատ» մարզաւանի Վաչիկ Ղարաբէգեան սրահում: Միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանի բացման խօսքից յետոյ շրջագայութիւնների յանձնախմբի պատասխանատու՝ ընկեր Ժանեթ Թարվերդեանը, ամփոփ բացատրութիւն տւեց կատարւած երեք շրջագայութեան մասին, որոնք էին՝ կէսօրեայ այց «Նեգարեստան» այգի, միօրեայ  ուղեւորութիւն Քաշան եւ եռօրեայ ուղեւորութիւն Թաւրիզ եւ Ուրմիա: Վերջինիս ընթացքին խումբը մասնակցեց Հ.Մ.Ա.Կ.-ի 33-րդ միջմասնաճիւղային խաղերին՝ Ուրմիայում: Ցուցադրւեցին պատկերներ շրջագայութիւններից՝ մասնակցողների ստւար թւի ներկայութեամբ:

Օրւայ բանախօսութեան թեման ներկայացրեց ընկեր Իւեթ Դանիէլեանը, ով «Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնողն է եւ իր խօսքը հէնց այդ խմբին էր վերաբերում: «Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքները կարճ ժամանակում լայն արձագանք են գտել մեր համայնքում եւ քանի-քանի աշխատակիցներ կամաւոր կերպով միացել են խմբին:

Իւեթ Դանիէլեանը մասնագիտութեամբ քիմիայի ճարտարագէտ է, աւարտել է Թեհրանի «Շարիֆ» եւ Երեւանի Ճարտարագիտական համալսարանները: Պատանի տարիքից մասնակցել է Ուրմիայի մասնաճիւղի «Արարատ» միութեան աշխատանքներին, եղել է վարչութեան անդամ, ապա հաստատւելով Թեհրանում իր մասնակցութիւնն է բերել  համայնքիս ազգային-հասարակական կեանքին եւ յայտնւել  պատասխանատու հանգամանքներում: Ընկեր Իւեթը ներկայիս անդամակցում է Երէցների միութեան Հանրային-հասարակական բաժանմունքին:

Բանախօսը մանրամասնութիւններ փոխանցեց «Թեւանիկ» խմբի ստեղծման եւ աշխատանքային փուլերի ծաւալման մասին: Խմբի անունը վերցրւել է Արցախցի կինօբեմադրիչ Ջիւան Աւետիսեանի համանուն ֆիլմից, որտեղ ցուցադրւում է պատերազմի ահաւոր ազդեցութիւնը առաջնագծին հարող անմիջական շրջանների վրայ:

Խումբը բարեսիրական նպատակով նախ օգտակար է հանդիսացել Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) կողմից Արցախում հիմնադրած «Սօսէ Մայրիկ» անւամբ   մանկապարտէզներին, որտեղ յաճախում են աւելի քան 500 մանուկներ: ՀՕՄ-ը, որ հիմնադրւել է 1910 թւին, կանանց բարեգործական կազմակերպութիւն է եւ Արցախում հասարակական լայն գործունէութիւն է ծաւալել:

Այնուհետեւ խումբը ՀՕՄ-ի միջոցով իր օժանդակութիւնն ընդարձակել ու կարիքաւոր ընտանիքներին եւս ներառել է իր գործունէութեան ծիրում:  Խմբի բարեսիրական գործունէութիւնը ընդարձակւեց, յատկապէս քառօրեայ պատերազմից յետոյ, երբ Արցախին զօրակցելու եւ զոհւածների ընտանիքներին օժանդակելու խնդիրը օրակարգի նիւթ դարձաւ:

Այժմ «Թեւանիկ» բարեսիրական խումբը զանազան միջոցներով սատար է հանդիսանում  արցախահայութեանը՝ լինի դա գիւղմթերքի սպառման, արւեստագէտների ձեռարւեստի վաճառման, զոհւածների ընտանիքների աջակցման, հագուստների առաքման եւ այլ միջոցներ:

Բանախօսի բացատրմամբ՝ խմբի բարեսիրական օժանդակութիւնը մեծ նշանակութիւն ունի սփիւնք-հայրենիք կապերի շրջագծում, որով այդ կապը լոզունքից վերածւում է գործնականի:

Բանախօսութեան ընթացքին պատկերներ էին ցուցադրւում խմբի աշխատնքներից:

Օրւայ ծրագրի վերջում նշւեց ամսւայ տարեդարձները եւ ներկաները հիւրասիրւեցին միութեան անդամների պատրաստած ուտեստներով:  Է.Յ.