Հրատարակութիւն

PDF

Տօնւեց Հ.Մ.«Արարատ»Կազմակերպութեան 73-ամեակը

Rate this item
(0 votes)

 

Երեքշաբթի յուլիսի 4 , 2017 թ.-ին տօնւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 73-ամեակը, մեծ թւով արարատականների և հիւրերի ներկայութեամբ, տարեդարձին ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, ազգային հասարակական գործիչները, «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմը, Թեմական խորհրդի  յարգարժան ներկայացուցիչները, հիմնադիր և ժամանակի նախագահները, ներկայիս Կենտրոնական Վարչութեան ընկերները և միութիւնների  վարչութիւնները  ու արարատականները իրենց հիւրերով:

 

Ձեռնարկը մեկնարկեց Տէրունական աղօթքով որը կատարեց «Արարատ» երգչախումբը տկն. Արփի Սիմորջեանի ղեկավարութեամբ, դաշնամուրի մօտ Ալին Թաշճեանը:

«Արարատ»-ի Սկաուտական միութեան դրօշակագարդը թմբկահարներով ներս բերեց դրօշը, միաժամանակ երգչախմբի միջոցով հնչեց կազմակերպութեան հիմնը ու ծածանւեց կազմակերպութեան դրօշը սկաուտների ձեռքով պտրաստւած սարքաւորման վրայ, նշելի է որ վայրի մուտքը զարդարւած էր սկաուտների միջոցով պատրաստւած դարպասով :

Օրւայ բացման խօսքը արտասանեցին  ընկերներ՝ Նարէ Խալոյեանը և Արգին Արիստակէսեանը:

Ապա մէկը միւսի հետևից հնչեցին հայկական երգեր:

 «Արարարտ» պարախումբը ելոյթ ունեցաւ երկու գեղեցիկ պարերով:

Այնուհետև իրենց ողջոյնի խօսքերով ամբիոնի մօտ հրաւիրւեցին  նախ Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը, հիւսիսային  Իրանահայութեան պատգամաւոր պրն.Կարէն Խանլարեանը և վերջում իր հայրական խօսքը  յղեց  ներկաներին առաջնորդ՝  Տէր Սեպուհ Սարգսեանը:

Ծրագրի հաղորդավարներն էին ընկերներ Արգին Արիստակէսեանը և Նարէ Խալոյեանը:

Գնահատւեցին Արւեստից միութեան աշակերտ-ուհիներ՝ Մօնթէ Իսմաիլեանը, Նունէ Նաւասարդեանը, Մաելա Բազիկը, Մհեր Բաղումեանը,Դրօ Նազարեանը և Սէրա Հայրապետեանը որոնք մասնակցել էին 2016 թւականին Երևանում կազմակերպւած «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» մանկապատանեկան նկարչութեան համահայկական վեցերորդ մրցոյթ-փառատօնին, նոյն մրցութեանը մասնակցել և հինգ մրցանակներից մէկի յաղթող է ճանաչւել՝  Քառոլին Ռոստոմեանը:

Ապա գնահատւեցին Մարզական միութեան օրիորդաց  երիտասարդական բասկետբոլի խմբի  22 ընկերներ իրենց լաւագոյն ձեռքբերումների համար, նաև  գնահատւեցին տեկւանդոյի ասպարէզում  չորս ընկերներ՝ Արթին Ղարիբեանը, Արին Բէյգին, Օրբէլ Սահակեանը և Արգէն Միրզախանեանը  որոնք ստացել են համաշխարհային սև գօտի:

Վերջերս մարզաւանում ճարտարապետ՝ Ռոստոմ Ոսկանեանի  անւամբ  շէնքի բացմանը, գնահատւել են  շինարարական բաժնում  նւիրատուներ և օժանդակներ առիթը պատեհ համարելով այսօր ևս իրենց նիւթական և աշխատանքային հնարաւորութիւնները ի սպաս դրած պարոնայք՝ Վահիկ Մանսուրեանը և Ռազմիկ Խոդաբախշեանը գնահատւեցին յուշամատեանով:

Այնուհետև 73-ամեակի գեղեցիկ կարկանդակը հատւեց ներկայ Կենտրոնական Վարչութեան և ժամանակի հիմնադիր անդամների ու նախագահների միջոցով:

Միջոցառումը ճոխացւեց  հրավառութեամբ:

Կենտրոնական վարչութեան նախագահը ուրախութեամբ յայտնեց որ՝ այսօր Թեհրան նահանգի ակումբների Ա կարգի երիտասարդական բասկետբոլի մրցաշարում յաղթական դուրս եկաւ Արարատ բասկետբոլի տղայոց խումբը, յայտարարութիւնը բուռն ծափահարութիւններով ողջունեցին ներկաները:

Ծրագրի վերջում  Սրբազան հօր միջոցով, սեղանը օրհնւելուց յետոյ ներկաները հիւրընկալւեցին և մասնակցեցին ուրախ ժամանցին որը տևեց մինչև ուշ գիշեր: 

 

 

Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկէր Գէորգ Վարդանի խօսքը օրւայ առիթով

 

Գերաշնորհ Սրբազան Հայր, Թեմական, Ազգային, հասարակական եւ կուսակցական կառոյցների յարգարժան ներկայացուցիչներ, սիրելի հիւրեր եւ «Արարատական» ընկերներ,

 

Շնորհաւորում ենք բոլորիս՝

 

Իրանահայութեան պատմութեան մէջ իր անհերքելի կնիքը դրոշմող «Արարատեան գնացք»-ը այսօր իր աշխատանքային տարեկան կեանքի 73-րդ կանգառին է հասել Ձեր ընկերական ու խանդավառ դիմաւորութեամբ:

 

Այստեղ մեր ծառայողական երթը լիցքաւորւում է բարեկամների խանդավառ բարեմաղթանքներով եւ

 

հոգին լիցքաթափւում աշխատանքային տենդոտ խրովքից...

 

Այստեղ ի տես ընկերական ջերմ մթնոլորտին ու խանդավառութեանը աւելին ենք հաւատում միութեան

 

հզօրութեանն ու միասնական ուժի անհողհողդ յաղթանակին...

 

Շնորհակալ ենք Ձեր անկեղծ ուրախութեան համար եւ երախտապարտ լաւ ու վատ օրերին մեզ Ձեր ընկերակցութեանը արժանացնելու համար:

 

Բարեկամներ՝

 

Այսօրւայ 73 ամեայ մեր կազմակերպութեան գործող ղեկավարներից եւ ոչ մէկը երբէք 73 տարեկան չի եղել, սա փաստն է երիտասարդ սերունդներին ունեցած մեր վստահութեան եւ սերնդափոխութեան նկատմամբ մեր ունեցած հաստատ հաւատքին:

 

Թէեւ մեր նւիրապետական կառոյցում նախատեսւած պաշտօնական ժողովների ընթացքին մանրակրկիտ քննարկման է ենթարկւում Արարատ կազմակերպութեան ընտրւած մարմինների գործունէութիւնը սակայն առաւել դրան լաւագոյնս համալրում է գործող անձնակազմի «Արարատական խղճի» արդարադատութիւնը եւ տարեկան այս հանգրւանները հաւանաբար այն հրաշալի ժամանակներն են որտեղ պիտի մէկ յայտարարի բերել տարւայ ընթացքին կտրած աշխատանքային ուղղին եւ արդար խղճով զննել ի կատար ածւած աշխատանքների դրական ու բացասական ազդեցութիւններն ու դրանցից բխած իրականութիւնները:

 

Այսօր քննելով կտրած ճանապարհը՝ ապրած օրերի արդէն լաւ ու վատ յուշեր դարձած շարանն է գրանցւում մեր աշխատանքային տետրակում եւ այդ բոլորի հանրագումարը խորքում կազմում է մէկ հարցի

 

դրական  կամ  բացասական  պատասխանը:  Հարց  որին  դրական  պատասխան  ապահովելու  համար  են

 

կեանքի կոչւել ազգային-հասարակական համակարգում աշխատող մեր միաւորները:

 

Որքանով ենք իրականացրել մեզ բաժին ընկած պարտաւորութիւնները հայապահպանման եւ հայեցի

 

դաստիարակութեան ամրագրման գործընթացում:

 

«Արարատ»-ի մեծ ընտանիքին անդամակցելով բոլորիս ոսկէ առիթ է նւիրւած, դաստիարակելու լաւ մարզիկներ՝ որ համայնքը հպարտութեան առիթն ունենայ, կարգապահ սկաուտներ՝ որ համայնքիս ղեկավարութիւնը ապագայի վախը չունենայ, արւեստի լաւագոյն զինւորներ՝ որ հայոց մշակոյթը զարգացման համար լիցք ունենայ, եւ երէցներ՝ որ սերնդափոխման ապահով ընթացքը մաղձ չունենայ:

 

Եւ անցած օրերի աշխատանքային տետրակն այսօր ծառայողական մեր կեանքի թանկագին յուշատետրն է համարւում: Այս յուշագրում մէկտեղւած են՝ ուրախն ու տխուրը, լաւն ու վատը, յաղթանակն ու պարտութիւնը, առաջխաղացն ու տեղքայլը: Դրանում է զետեղւած միասնական մեր երթի տարեկան պատմութիւնը, երթ, որը, սակայն, ինքնին ոչ թէ տարեկան է, այլ տարածւում է «Արարատ»-ի պատկառելի պատմութեան 73 տարիների երկայնքով:

 

Ներկայ դարում երբ ժողովուրդների ու ազգերի գլխին որպէս դամոկլէսեան սուր է կախւել համաշխարահնացման արհաւիրքը, աւելի քան երբէք պարտաւորւած ենք զգում մասնակից լինել ազգային հասկացողութեան ու մտածողութեան պահպանմանն ու ընդարձակմանը:

 

Այսօր երբ բոլոր հաւաքականութիւններում եւ անգամ ընտանիքի ամենասուրբ բջջից ներս, վտանգւել է հաւաքական կեանքի իմաստը ու դրա հիմքերը թիրախ են դարձել անձնական կեանք եւ հասկացողութիւն փառաբանող հասարակական ցանցերի, աւելին քան երբէք պարտաւոր ենք կառչած մնալ մեր աւանդոյթներին նրանց յարմարեցնելով օրւայ իրականութիւնների հետ, մեր երիտասարդներն ու պատանիները աւելի քան երբէք պիտի սնուցւեն ազգային գիտակցութեան իմացականութեամբ քանի որ համաշխարհային գիւղի հասկացողութիւնն արդէն տիրական է դարձել նորօրեայ տեխնոլոգիաների շնորհիւ:

 

Ազգային ու համայնքային պատասխանատուներին թոյլատրելի չէ թաղւել անծրագիր գործելաոճի հասարկութեան մէջ կամ թագնւել համայնքիս թւի նւացման պատճառաբանութեան վահանի ետեւում: Մարզամշակոյթային միութիւնները պարտաւոր են կրկնապատկել առկայ ծառայողական շղթան դիմագրաւելու համար մեր դէմ նետւած ապազգային ու աշխարհաքաղաքացիութիւն գարոզող մարտահրաւէրները:

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպւոթեան հիմնադիր անդամները ռահւիրաներն են ազգային գիտակցութեան ամրագրմանը միտող հայկական խրոխտ քայլքին, նրանք մեզ թանկ աւանդ թողեցին ժողովրդին ծառայելու եւ հայրենասէր ու գիտակից սերունդ դաստիարակելու իրենց պատւիրանով:

 

 

 

Իսկ մենք այսօր մէկ անգամ եւս այս մտերմիկ ու հարազատ շրջանակում ցանկանում ենք բարձրաձայնել բոլոր «Արարատականների» սիրտ ու հոգում դաջւած իրականութեան մասին՝

 

 

 

Շնորհապարտ երախտագիտութեամբ մեծարում ենք «Արարատ» կազմակերպութեան, մեզնից հեռացած հիմնադիր անդամների անմոռաց յիշատակը եւ եղբայրաբար խոնարհւում ենք՝ մեզ հետ ներակայ նրանց սերնդակիցների մեծութեան առջեւ:

 

 

 

Մեր անցեալի ու ներկայ մեծ ընկերներ, վստահ եղէ'ք որ շարունակելու ենք մեր ժառանգած աւանդը, ամենայն բծախնդրութեամբ պահպանելու եւ նրա զարգացմանը նւիրաբերելու մեր ողջ կարողութիւնները:

 

 

 

Թող ոչ ոք կասկածի մեր անկոտրում կամքի հզօրութեանը...

 

 

 

Թող ոչ ոք մեզ հետ խօսի «անսահամութեան» սահմանները շրջանցելու «անկարելիութեան» մասին...

 

 

 

Քանզի մենք Յոյսի, Սիրոյ ու Հաւատքի մէջ ենք գտել «Յաղթելու» գաղտնիքը...

 

 

 

Յիշենք մեր հիմնադիր ընկերների խորիմաստ կարգախօսը՝ «ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ» եւ ականջալուր մնանք դրանով մեզ փոխանցւող խոհրդին որն է՝

 

 

 

«Անկարելին» յաղթելու մէջ՝

 

 

 

Ունեցի'ր «ՅՈՅՍ»

 

 

 

Տարածի'ր «ՍԷՐ»

 

 

 

Կոփի'ր «ՀԱՒԱՏՔ»...