Հրատարակութիւն

PDF

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Նախագահական 3-րդ հանդիպում

Rate this item
(0 votes)

 Շաբաթ 15 յուլիսի 2017 թ.-ին Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Արարատ» մարզաւանում գումարւեց ընթացիկ նստաշրջանի, նախագահական երրորդ ժողովը: Հանդիպմանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան անդամները, չորս միութիւնների եւ վարիչ մարմինների նախագահ ընկերները:

Ընկ. Գէորգ Վարդանը, կատարւած գլխաւոր աշխատանքների ու հանդիպումների մասին զեկոյց ներկայացրեց եւ հանգամանօրէն խօսեց մտածւած աշխատանքների շուրջ: Հանդիպմանը խորհրդակցութեան նիւթ դարձան աշխատանքային վերնագրերը եւ մասնակիցներն իրենց տեսակէտներն ու խորհուրդները ներկայացրեցին դրանց նկատմամբ:

Ի շարս այլ նիւթերի կարեւորութեամբ անդրադարձ եղաւ հետեւեալ հարցերի մասին՝

  • Կենտրոնական վարչութեան ընթացիկ աշխատանքները, պետական հանդիպումներն ու պետական հնարաւորութիւններից օգտւելու առիթները,
  • Քաղաքապետարանից ստանալիք գումարի համար ընթացիկ հետապնդումները,
  • «Ռոստոմ Ոսկանեան» մարզահամալիրի հնարաւորութիւներով զինման աշխատանքների ընթացքը,
  • «Կոմիտաս» սրահի բեմի նորոգման ուղղութեամբ սկսած գործընթացքը,
  • Հետեւողական եւ երկարատեւ աշխատանքային գործընթացքը Մարզաւանի համար գազի երկրորդ բաժանորդագրում ստանալու ուղղութեամբ, որը պիտի նպաստի նորակառոյց համալիրի եւ մարզաւանի հարաւային բաժնի գազի սպասարկմանը,
  • Քաղաքապետարանից գովազդային ցուցատախտակների արտօնութեան ստացման համար ծաւալած աշխատանքներն ու դրանց արդիւնքները,
  • Կազմակերպութեան հաշւապահական համակարգի յարմարեցումը՝ Իրանի հարկային նոր օրէնքներին,
  •  Համահայկական խաղերի 50-րդ շրջանը շուքով կազմակերպելու նպատակով, շրջանառութեան մէջ դրւած մտքերը,
  • Ամանորի դիմաւորման հանդէսների կազմակերպման համար կեանքի կոչւելիք կենտրոնական յանձնախմբի հարցը,
  • Մարզական միութեան մարզիկների մասնակցութիւնը՝ Հայաստանում կայանալիք համա-Հ.Մ.Ը.Մ. –ական 10-րդ մրցախաղերին,
  • Գործող հանրակառքերի եւ մարզաւան երթեւեկութեան համակարգի բարեկարգման հիմնահարցը:

Հանդիպման ընթացքին միութիւնների եւ մարմնինների նախագահ ընկերները զեկուցեցին նաեւ իրենց կողմից տարւող աշխատանքների մասին: Նոյն օրակարգում մարզաւանի վարիչ մարմնի նախագահ՝ ընկ. Գէորգ Մկրտչեանը բացատրութիւններ տւեց մարզաւանի շինարարական աշխատանքների, կատարւած բարեկարգումների եւ ամառային ընթրիքների մասին:

Կազմակերպութեան գործադիր մարմինների նախագահների կազմը իր երրորդ հանդիպումին, մտքերի փոխանակման նիւթ դարձնելով ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, հաստատեց որ՝ Կազմակերպութիւնը սահուն ընթացքով առաջ է շարժւում իր ծառայողական գործընթացքում եւ գործադիր հարթակում չկան անհարթութիւններ կամ յարաբերական յատուկ բարդութիւններ:

Վերջում Կենտրոնական վարչութեան նախագահը շնորհակալութեամբ խօսեց արծարծւած մտքերի եւ առաջարկութիւնների մասին եւ վստահութիւն յայտնեց, որ ստեղծւած մտերմիկ եւ ընկերական մթնոլորտում հնարաւոր կը դառնայ միասնական ձեռքբերումների ապահովումն ու Կազմակերպութեան հաստատուն յառաջխաղացքը, նա ուժ ու կորով մաղթեց Կազմակեպութեան բոլոր անդամներին՝ լաւագոյնս ծառայելու միութեան նպատակներին:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի

Կենտրոնական վարչութիւն