Հրատարակութիւն

PDF

Մայիս 28-ի, օրւայ բանախօս՝ ընկեր Գէորգ Վարդանի արտայայտած բանախօսութիւնը՝

Rate this item
(1 Vote)

  Մայիս 28-ի, օրւայ բանախօս՝ ընկեր Գէորգ Վարդանի արտայայտած բանախօսութիւնը՝

 

28 Մայիսի տօնակատարութիւն

 «Արարատ» մարզաւան

 28 Մայիս, 2018

 

     «Ձերդ  գերազանցութիւն,  որպէս  Հայաստանի  մայրաքաղաքի  զինւորական հրամանատար`  ողջունում  եմ  ձեր  գալուստը:  Ես  անսահման  երջանիկ  եմ,  որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս վայրկեանիս ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս  կը  հանեմ  այն  ժամանակ,  երբ  դուք  հրամայէք  պաշտպանել  մեր  աննման հայրենիքը»:

 

   Արշաւիր  Շահխաթունին  որպէս  Երեւանի  պարետ՝  դիմաւորում  էր Անկախացած  Հայաստանի  Կառավարութեանը  19  յուլիս  1918-ին  երբ  նրանք Թիֆլիսից մայրաքաղաքի դարպասներին էին հասել: 543 տարիների անկախազրկումից  յետոյ  կրկին անկախացել  էր  Հայաստանը 1918  թւականի  28  մայիսին  Ազգային  Խորհուրդի  յայտարարած  հռաչակագիր որոշմամբ:  Անկախաութիւն  որի  արգասիքն  էին  համարւում  Սարդարապատում, Ղարաքիլիսայում  (Վանաձոր)  եւ  Բաշապարանում  (Ապարան)  մահին  մահ պարտադրելով յաղթութեան հասած Հայոց բանակի՝ հրաշք սխրագործութիւնները:

 օ  օ  օ

   Առաջին համաշխարհային պատերազմի «անձեւ քաոս»-ի օրերին անկախացած Հայաստանը հանդարտ միջավայր, բարիացակամ հարեւաններ կամ բարեբաստիկ ներքին պայմաններ չէր վայելում:

   Անդրկովկասում ներկայ էին Քառեակ դաշինքի՝ Անտանտի երկրները, Աւստրո-Հունգարիան, Գերմանիան, Իտալիան ու նրանց անբաժանելի գործակից Թուրքիան: Որոնցից  ամէն  մէկը  աշխատում  էին  իրենց  ազդեցութեան  գօտին  ընդլայնել տարածաշրջանում եւ ապահովել պատկան շահերը ամէն գնով: Սա խանգարում էր Հայաստանին  ազատ  կապ  հաստատելու  Եռեակ  դաշինքի  անդամ  երկների՝ Ռուսատան,  Մեծ  Բրիտանիա  եւ  Ֆրանսիայի  հետ:  Սրան  զուգահեռ  Թուրքիան շարունակում  էր  իր  ծաւալապաշտական  քաղաքականութիւնը  այդ  օրերին  եւ աշխարհամարտի  աւարտից  յետոյ  անգամ  Սեւրի  դաշնագրի  ստորագրումին յարջորդող ժամանակներում:

   Վրաստանը  ընդհուպ  մինչեւ  զինգործողութիւններ  շարունակում  էր սեփականացրած պահել հայկական տարածքները եւ Ադրբէյջանը Ղարաբաղում իր սահմաններն էր ընդլայնում:

    Երկիրը  հեղեղւած  էր  գաղթականներով,  բնակչութեան  մօտաւորապէս  կէսը ջարդից մազապուրծ փախչած որբերն էին, անօգնական կանայք ու հիւանդ մարդիկ: 1918-ի  աշունից  մինչեւ  1919-ի  գարունը  սովի  ու  համաճարակների՝ գլխաւորաբար բծաւոր տիֆի հետեւանքով մահացան շուրջ 150’000 մարդ:

     Անկախութեան  յայտարարութիւնը  նախորդող  օրերին  երբ  Հայ  Ժողովուրդը կարծես  օրհասական  պահերն  էր  ապրում  նրա  գլխաւոր  ղեկավար  Արամ Մանուկեանը ճիշտ էր նախազգուշացրել երկրին.՝ «Մենակ  ենք  եւ  պէտք  է  ապաւինենք  միայն  մեր  ուժերին՝  թէ'  ճակատը պաշտպանելու եւ թէ' երկրի ներսում կարգ հաստատելու համար»...

 օ  օ  օ

   Եթէ  հրաշքի  ու  խենթութեան  ծնունդ  էր՝  սպանդի,  ջարդի,  գաղթի, պանդխտութեան ու դժոխային պայմանների կրակարանի փոշիներից որպէս փիւնիկ վերածնւած  անկախութեան  իրականացնելը,  ապա  հրաշածին  Հայ  ժողովուրդը կրկնակի  հրաշք  գործեց  առաւել  եւս՝  ստեղծելով  ժամանակի  քաղաքական, մշակութային  եւ  հասարակական  օրինաչափերով  ամենաարդիական  եւ ժողովրդավար պետականութիւնը:

   Ժողովուրդ ջան, Անկախ Հայաստանը 1919-ի յունիսին 366’000 քւէարկողների մասնակցութեամբ ձեւաւորեց  80  պատգամաւորներից  բաղկացած  իր  խորհրդարանը  դրա  կազմում ընտրելով  երեք  կին՝  Վարվառա  Սահակեան,  Պերճուհի  Պարտիզպանեան  եւ Կատարինէ  Զալեանին:  Յիշենք  որ  նոյն  օրերին աշխարհի  բազմաթիւ առաջատար երկրներում,  կանայք  քւէարկութեան  մասնակցելու  իրաւունքից  զրկւած  էին:

    Աւելացնենք  որ՝  խորհրդարանին  իրենց  պատգամաւորներով  անդամակցում  էին նաեւ  թուրք-թաթար,  ռուս  եւ  եզդի  համայնքները:  Հետաքրքիր  է  նաեւ  իմանալ  որ խորհրդարանը 1000-ից աւելի յօդւածներ է հաստատել օրէնսդրական ասպարէզում:

   Արհաւիրք ապրած Հայաստանում տպագրւում էին 60 անուն պարբերականներ-թերթեր, դրանցից 14-ը պաշտօնական, 38-ը կուսակցական եւ 8-ը անկախ:

    Դիանա  Աբգարը  աշխարհի  առաջին  կին  դեսպանն  է  համարւում,  նա  1920 թւականին Հայաստանի առաջին հանրապետութեան կողմից դեսպան է նշանակւել Ճապոնիայի եւ Հեռաւոր արեւելքի երկրների մօտ:

    Հայաստանում հիմնադրւել են համալսարաններ ու բազմաթիւ կրթօճախներ:

    Չմոռանանք,  միշտ  յիշել  որ  Հայաստանի  առաջին  Հանրապետութիւնը ընդամենը  երկուս  ու  կէս տարի  է  կեանք  ունեցել  եւ  հէնց  այդ  կարճ,  շա՜տ  կարճ ժամանակում  նրան  յաջողել  է  իրականացնել  ծրագրեր  ու  աշխատանքներ  որոնց համար  այսօր,  ամենահզօր  հնարաւորութիւններով  օժտւած  հարուստ պետութիւնները տասնեակ տարիների  ժամանակ  ու  հեքիաթային  գումարներ  են ծախսում, բայց եւ ոչինչ է ստացւում...

 օ  օ  օ

    Ցաւօք  երկար  կեանք  չունեցաւ  մեր  անկախ  պետականութիւնը:  1920-ի դեկտեմբերի  2-ին  կառավարութիւնը  բոլշեւիկեան  Ռուսաստանին  յանձնւեց, ժողովրդի  գոյութիւնը  փրկելու  հրամայականի  պարտադրանքով  եւ  Քեմալական Թուրքիայի փանթուրանական նկրտումները ամլութեան մատնելու նպատակով:

       Եկան  Խորհրդային  ժամանակները  որոնց  ընթացքին  Հայաստանը  ի  շարս Սովետական  միութեանը  մաս  կազմող  միւս  ժողովուրդների,  փակւած  երկաթեայ վարագոյրի  հետեւում  յանձնւեց  ռուսացման  քաղաքականութիւնը  մարմնաւորող ազգերի ձուլարանին: Իր ժողովրդի մեծագոյն հատւածից՝ սփիւռքից, «մեկուսացւած Հայաստան»-ը  ապրեց  ու  զարգացաւ  ոչ  որպէս  «Հայրենիք»  այլ՝  սոսկ  «Մայր Հայաստան»...

     Իսկ  սփիւռքը  օտար  երկինքների  տակ  ապրեց՝  «Հայրենիք»  հասկացութիւնը սրբագործած.  Նա  իր  հոգում  պարուրած  պահեց  ու  դրան  սերունդից  սերունդ փոխանակելով ապրեց ու զարգացաւ, միշտ յոյս ունենալով որ կգայ ժամանակը երբ կվերանան  պարտադրանքի  ուժով  տեղադրւած  վարագոյրներն  ու  «Մայր Հայաստան»-ը  կրկին  «Հայրենիք  սրբազան»  դառնալով աշխարհասփիւռ  ժողովրդի սեփականութիւնը  կը դառնայ,  եւ  այս  անգամ  ոչ  վերացական  այլ  իրական պայմաններում...

 օ  օ  օ

     Եկաւ  սպասւած  ժամանակն  ու  վերանկախացաւ  Հայաստանը:  Թէեւ եօթանասուն ամեայ փորձութիւնները սկզբնական տարիներին պատճառ դարձան որ  հայ  ժողովրդի  Հայաստանեան  եւ  սփիւռքեան  հատւածները  իրարու անհասկանալի  դառնալով  ծուռի  գնան,  բայց  հայերիս  բնորոշ՝  ազգային գիտակցութիւնը  սրբագրեց  սուր  կողմերն  ու  կարծես արդէն  բոլորս փորձում  ենք քայլել «Ազգային Պետականութեան կերտման» ուղիում:

    Հայաստանն  իր  21  Սեպտեմբերի  վերանկախացման  օրերից  սկսած  տարբեր հանգրւաններ ու անցումային փուլեր է ապրել, որոնցից վերջինը անցած ամիսներին՝ ժողովրդի կողմից ցուցաբերած, քաղաքացիական անհնազանդութեան արդիւնքում կատարւած  իշխանափոխութիւնն  է,  «իշխանափոխութիւն»  որը  ոմանց  կողմից սխալմամբ  «յեղափոխութիւն»  է  անւանւում.  Թէեւ  կատարւածը  իր  բնազդով յեղափոխական  կեցւածքի  դրսեւորում  կարելի  է  համարել  սակայն  ոչ  իր  բնոյթով, քանզի «յեղափոխութիւն» կոչւածը դեռ առջեւում է...

     Աշխարհը  ընդհանրապէս  իսկ  հայոց  սփիւռքը  մասնաւորապէս  քարացած  ու սրտատրոփ  հետեւում  էր  «հայաստան  խառնարանում»  ընթացող  շարժման հոլովոյթին: Հայ ժողովուրդը աղօթում էր ազգովին որ «խառնարան»-ից  «հրաբուխ» չժայթքի,  քանզի  «հրաբխող  լաււան»  շա՜տ  ձեռքբերումներ  պիտի  ածխացներ, առանց  այդ  էլ  թշնամիներով  շրջապատւած  ու  արիւնալի  անակնկալներով  յղի տարածաշրջանում,  աշխարհագրօրէն  անշարժացած  հայրենիքի  սահմաններից ներս...

    Ուրախ ենք  որ  իշխանաւորներն  ի  տես  ժողովրդի  մօտ  իրենց  վարկանշի անհետացմանը՝  կառավարութիւններին  վարակած  անվերադարձ  սխալներ  թոյլ չտալով ժողովրդի կամքին ենթարկւեցին: Եկէ'ք  յոյս ունենանք որ անցումային այս շրջանը  եւս  կաւարտւի  տրամաբանական  ժամանակահատւածում  եւ  արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայաստանը կունենայ ժողովրդի վստահութիւնը վայելող նոր կառավարութիւն:

     Սակայն ամեն դէպքում պէտք է գիտակցել՝ հայոց Ազգային Անվտանգութեան հրամայականից  ելնելով  է  որ՝  ուշադրութեամբ  պիտի  անդրադառնալ  «Սփիւռք» կոչւած հզօր իրականութեանը...

    Նրանք  որոնք  մտածում  են  Հայաստանի  անկախացումով,  սփիւռքն  այլեւս դադարում  է  հայրենանպաստ  լծակ  հանդիսանալուց,  թիւրիմացութեան  մէջ  են:

    Սփիւռքը պիտի վերակազմակերպել, նոր դերաբաշխումով եւ այդ վերադասաւորւած համակարգով ծառայել Հայ Դատին: Այդ բոլորը պիտի անել  յանուն հայրենիքին եւ հէնց հայրենասիրութեան ոգով սնւած ու լիցքաւորւած:

   Հայկական գաղութները առանձնաբար կարող են իրենց դերակատարութիւնը ունենալ  համազգային  հիմնահարցերի  լուծման  գործընթացքում,  իսկ  այդ ներկայութիւնը  պիտի  ապահովել  նպատակասլաց  դերաբաշխման  արդիւնքում, դերաբաշխում  բխած՝  խորը  ուսումնասիրութիւններից  եւ  համազգային մտածողութիւնից:

    Սփիւռքի  վերակազմակերպման  ու  նրա  հայրենանւէր  պահանջները իրագործող հունը անշեղ պահելու համար հարկաւոր է՝ ճանաչել պատմութիւնը, եւ սփիւռքեան ու հայաստանեան իրականութիւնները, ճանաչել համայնքային ներուժը, եւ  դաստիարակել  բանիմաց  սերունդ՝  ստանձնելու  համար  վաղւայ  ղեկավարի հանգամանքները:

     Այս բոլորը պիտի կատարել խորը գիտակցելով այն իրականութեանը՝ որ հայ ժողովուրդը  հազարամեակների  կենսափորձով  փաստել  է  իր  ատակութիւնը սեփական  ձեռքերով  ճակատագիր  տնօրինելու  հարցում,  նա  դրսեւորել  է՝ փառապանծ պատմութիւն, գալիք սերունդներին աւանդ թողնելով իր դիւցազնական կեցւածքը...

 Հետեւաբար  ականջալուր  նախնիների  սխրագործութիւններին  ու զոհաբերութեանը, հարկաւոր է վերանորոգել մեր աւանդական ուխտը.՝ Շարունակել հայոց անցեալից մեզ հասած հայկական արդար ու աննկուն երթը մի'նչեւ «վերջ»...

    Վե'րջ մեր թշնամիների, իսկ մեզ համար՝ «նոր սկիզբ»...

    Փա՜ռք՝ Մայիսեան յաղթանակը կերտողներին...

    Հազա՜ր փա՜ռք՝ նրանց ծնող ու սնող հայ ժողովրդին...

 Շնորհակալութիւն:

Գէորգ Վարդան