Հրատարակութիւն

PDF

Սիրելի Արարատ ,շնորհաւոր 74 - ամեակդ

Rate this item
(0 votes)

 

 

 

 Երէկ ,չորեքշաբթի յուլիսի 4 ,2018 թ.-ի ժամը 20:00- ին տեղի ունեցաւ Հ.Մ. «Արարատ»Կազմակերպութեան հիմնադրման  և գործունէութեան 74 - ամեակի տօնակատարութիւնը ,«Արարատ»մարզաւանի Այգեստանի շրջափակում:

 

Միջոցառմանը ներկայ էին Առաջնորդական փոխանորդ՝ Տ.Եպիսկոպոս Մակար Աշկարեանը,ազգային մարմինների ներկայացուցիչները,Վարչականները,միութենականներն ու հիւրերը:

«Արարատ» երգչախումբը ղեկավարութեամբ՝  Արփի Նազարեանի ,Դաշնակագար՝ Ալին Թաշճեան,միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով ապա Սկաուտական միութեան թմբկահարները ներս բերելով Կազմակերպութեան դրօշը երգչախմբի կատարողութեամբ,Արարատի հիմներգի ներքոյ ծածանեցին Կազմակերպութեան դրօշակը:

«Հայաստան ջան» պարով, հանդէս եկաւ «Արարատ » պարախմբի թիւ3 խումբը:

Այնուհետև երգչախումբը կատարեց չորս երգեր՝

Եաման եար,Հոյ իմ նազանի եարը,Երևան   և Սարդարապատ:

Ցուցարդրւեց Կազմակերպութեան 2017  յուլիսի  առ 2018 յուլիսի  մէկ ամեայ աշխատանքային տեսաերիզը:

Այնուհետև օրւայ առիթով իր խօսքը արտայայտեց Կենտրոնական Վարչութեան նախագահ ՝ընկեր Գէորգ Վարդանը ,ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց Տէր Մակար Աշկարեանը օրւայ առիթով արտայայտւելու:

Այնուհետև հարթակ բերւեց 74- ամեակի գեղեցիկ տորթը և Կենտրոնական Վարչութեան հրաւէրով հատման համար  հրաւիրւեցին հիմնադիր անդամը նախքին  Կենտրոնական Վարչութեան նախագահները և  օրւայ  Կենտրոնական Վարչութեան ընկերները:

Ծրագրի աւարտին բոլորը հրաւիրւեցին  Ս.Խաչ մատուռի շրջափակում համեստ ընդունելութեան:

Մտերմիկ մթնոլորտում տարեդարձը շարունակւեց մինչև ուշ գիշեր:

Օրւայ հաղորդավարներն էին  ընկերներ ՝ Գարունէ Բանդարին և Էմիլ Սէթխանեանը:

 

Կենտրոնական Վարչութեան խօսք՝ Հ.Մ.Արարատ Կ.-ի 74-րդ տարեդարձին

 

 

Թեհրան- Իրան

 

2018- Արարատ մարզաւան

 

 

 

Գերաշնորհ Սրբազան Հայր, Թեմական, Ազգային ու Միութենական մարմինների յարգելի ներկայացուցիչներ, Արարատական ընկերներ եւ սիրելի հիւրեր, բարեկամներ,

 

Ընկերական անկեղծ օղակ ենք կազմել նշելու՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 74-րդ տարեդարձը:

 

Թւերն ունեն իրենց խորհուրդը ու դրանց մէջ խորանալով շատ բաներ են իմաստաւորւում: 1944 թւականին երբ աշխարհը վարակւած համաշխարհային պատերազմով ապրում էր անակնկալներով ու սահմանափակումներով խառն օրեր: Իրանահայութեան խիզախ ու հեռատես ռահվիրաների մի փաղանգ անձնականին ուշադրութիւն դարձնելու փոխարէն հաւաքականին անդրադառնալով՝ հիմիքը դրեց հայակերտման այն հնոցին որն այսօր զարգանալով եւ ընդարձակւելով հայկական իրականութեան մէջ իր ուրոյն ձեռագիրն է դրոշմում, համայնքի ու ժողովրդի կողմից նրա հասցէին ունեցած վստահութեան եւ համագործակցութեան շնորհիւ:

 

Թոյլ տւէք նախքան ամեն խօսք «Արարատ»-ի մեծ ընտանիքի անունից համեստաբար խոնարհւել մեր հիմնադիր ընկերների կամքի հզօրութեան ու նրանց մտային հորիզօնի վեհութեան առջեւ: Նրանցից ոմանք այսօր արդէն առյաւետ հեռացել են մեզնից բայց եւ բարեբախտաբար որոշները դեռ ընկերակցում են մեզ:

 

Այն օրերին կարելի էր ուրիշ ձեւ մտածել եւ այլ ուղղութեամբ լարել կամքն ու հզօրութիւնը: Բարեսիրական մի ինչ որ աշխատանքի հիմքը դնել կամ զբաղւել մարդասիրական ազգօգուտ այլ գործերով: Սակայն նրանց նպատակն աւելին էր քան մասնաւորին  հետեւելը, նրանք որպէս «Արարատ»-ի նպատակ բերեցին հետեւեալը՝

 

«...Հայ սերունդներին տալ ազգային առողջ գաղափարաբանութիւն եւ հասարակական առողջ ըմբռնումներ, արթուն պահել հայրենասիրութեան եւ ազգասիրութեան ոգին, մղել ազգային իրաւունքների պաշտպանման պայքարին, փոխանցել ժողովրդավարութեան էութիւնը, բարձրացնել ազատութեան պաշտպանութեան եւ հասարակական պարտականութիւնների գիտակցութիւնը»:

 

Եւ ահա այսօր 74 տարիներ անց մենք կանգնած ենք այստեղ.

 

Իրանցիների յարգանքի, պետութեան նրբանկատութեան, թեմական կառոյցի վստահութեան, ժողովրդի օժանդակութեան եւ միութենականների տքնաջան աշխատանքների շնորհիւ՝ փարթամ, ծաղկուն, շքեղ եւ ամենակարեւորը հայկականութիւն բուրող «Արարատ» մարզաւանում եւ հապարտ համեստութեամբ ուզում ենք զեկուցել որ.

 

Սկաուտական կեանքում՝

 

Մեր Սկաուտները պատրաստւում են Հայաստան մեկնել անկախութեան 100 ամեակին նւիրւած բանակումին մասնակցելու:

 

Մարզական ասպարէզում՝

 

Մեր ֆուտբալիստները կանգնած են Թեհրան նահանգի բարձրագոյն լիգայի առաջին չորս հզօրների շարքում:

 

Մեր բասկետբալիստ տղաները տուն բերեցին Իրանի «Յոյսի լիգայ» անւանակոչւած բարձրացոյն մրցութիւնների գաւաթը, հզօրագոյնի պատւանդանին կանգնելով:

 

Մեր բասկետբալիստ աղջիկները կանգնած են Թեհրան նահանգի առաջին լիգայի հզօրների շարքին:

 

Մեր վալիբալիստ աղջիկները համեստօրէն համարւում են Թեհրան նահանգի լաւագոյն մարզիկուհիներից:

 

Արւեստի աշխարհում՝

 

Մեր նազելի պարուհիները իրենց հայկական նազանքով ապշեցրել են բոլորին եւ ահաւասիկ տուն են վերադարնում Վրաստանից իրենց հետ բերելով պարի միջազգային փառատօնին լաւագոյններից լաւագոյնին տրւած՝ յաղթութեան գաւաթը:

 

Իսկ Երէցների օջախում՝

 

74 ամեայ այս կաղնու բունը համարւող մեր սիրելի ընկերները շարունակում են իրենց ազգանւէր ու տիտանական աշխատանքերով բարձր պահել՝ ազգային ինքնագիտակցութեան եւ պատկանելիութեան գերարժէքները...

 

Եւ դեռ նշւածները փոքրիկ նշոյլը պիտի համարել այն յաղթութիւնների բոյլից որոնց արժանեցել է մեր մեծ ընտանիքը շնորհիւ Ձեր պաշպանութեանն ու հոգատարութեանը, որի համար մեր երախտապարտ ու մշտական շնորհակալութիւններն ենք բարձրաձայնում:

 

Սիրելի բարեկամներ՝

 

Մեր օրագիրը ունեցել է նաեւ դառը պարտութեան տողեր: Կծկւել ենք՝ ընկերներ կորցնելու ցաւից, լացել՝ մրցութիւնը յանձնելու ափսոսանքից, տրտմել ենք երբ չենք յաջողել ուզածի պէս ծառայել համայնքին, ամաչել ենք երբ՝ պատասխան չենք ունեցել դրսեւորած մարդկային մեր սխալների համար... Կծկւել ենք, լացել, ամաչել. Բայց երբէք ենք ընկճւել ու յուսախաբւել, քանզի մեր պարտութիւններն ուսումնասիրելով ճիշտ ճամբաներ ենք գտել իսկ մեր սխալներին գիտակցելով քաջաբար ենք ներողամտութիւն հայցել: Ու դա արել ենք միասնութեան տեսլականով զինւած ու փորձել ենք լինել միասին ու կազմել միակամ ճակատ դժւարութիւնները դիմագրաւելու պահին:

 

Տարեդարձները մարդուս անցեալը, ներկան ու ապագան իրար հանգուցող պահերն են իսկ մարդկային կեանքը անցեալի, ներկայի եւ ապագայի հանրագումարը իր լաւ ու վատ, ուրախ եւ տխուր, յաղթութեան եւ պարտութեան պահերով կամ դրւագներով:

 

Արարատի 74 ամեայ անցած ուղղին ուսումնասիրելով ու նրա ներկան ճիշտ գնահատելով պիտի համոզւել որ անկախ բոլոր վերիվայրումներից նա հաւատարիմ է մնացել  իր նպատակային երթին եւ սերնդափոխւած ղեկավարութիւնները շարունակել են հայակերտման ուղղու վրայ պահել Կազմակերպութեան հսկայ գնացքը:

 

Այսօր եւս մեր ծննդավայր հայրենիք՝ Իրանը անակնկալներով յղի եւ պարտադրւած դժւարութիւններով ծանրացած օրեր է ապրում, հետեւաբար մեզ հարկ է միաւորելով մեր մտքերն ու կարողութիւնները աչալրջօրէն հետեւել տարածաշրջանային եւ համաշխարհային իրադարձութիւններին ու եթէ պէտք է փոփոխութիւններ տալով մեր ընթացիկ աշխատանքներում ու ապրելաոճում, լաւագոյնս ապահովել փորձենք իրանահայութեան ապահովութիւնն ու անդորրը: Չմոռանա'նք, որպէս Հայաստանի հետ միակ սահմանակից հայկական համայնքը, մեր գոյատեւումն ու կայունութիւնը պարտադիր ազդակ է համարւում ազգային պետականութեան բարգաւաճման համար:

 

Տարածաշրջանում առկայ ցնցումներից զերծ մնալը բնականաբար անհնար է սակայն մեր համայնքի ցնցումներն ընդունելու եւ դժւարութիւնները շրջանցելու ունակութիւնը կարելի է զարգացնել միասնական ծրագրերով որտեղ դերաբախշումը կատարւած կլինի ըստ կարողութիւնների եւ տարողութեան մակարդակի:

 

Արարատ Կազմակերպութիւնը պատրաստ է ինչպէս միշտ իր պարտականութիւնների բաժինն ստանձնել յանուն մեր ժողովրդի բարօրութեանն ու խաղաղ առաջընթացքին:

 

Հաւատացած ենք «Բարձրացի'ր բարձրացո'ւր»՝ մեր «Արարատական» քայլքին,

 

Հպարտ ենք «Սիրենք իրար»՝ մեր ծառայողական կոչումով,

 

Եւ վստահ ենք որ պիտի դիմագրաւել կարողանանք բոլոր մարտահրաւէրները՝ լինելով միասին եւ շրջանցել անկարելիների սահմանը Յոյսի, Հաւատքի ու Սիրոյ հզօրութեամբ,

 

Սկսել ենք մեր հիմնադիրների խրոխտ անցեալից, շարունակում ենք նրանց մօտ աշակերտած մեր ներկայով ու կկերտենք մեզ վայել Հայի Յաղթական ապագան...

 

Շնորհաւոր տարեդարձդ Արարատ

 

Յաջողութիւն բոլորիս:

 

 

 

 

 

Հ.Մ.«Արարատ» Կ.

 

Կենտրոնական Վարչութիւն