Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 11 Օգոստոս 2021 09:13
Rate this item
(0 votes)

Երէցների միութեան
"Գրական շրջանակ"-ի սոյն թւականի 12-րդ եւ 13-րդ տեսահանդիպումները տեղի ունեցան յուլիսի 10-ին ու 24-ին, մասնակցութեամբ 7 ընկերների։
12-րդ հանդիպումին խումբը անդրադարձաւ Պարոյր Սեւակի եղերական մահւան 50-ամեակին, տեղի ունեցած 17 յունիսի 1971-ին: Ապա ընթերցւեց մի քանի բանաստեղծութիւն։
Ընթերցւեց նաեւ Վահան Թոթովենցի "Մի կեանք ու մի սէր" պատմւածքից մի հատւած։
Տեսահանդիպման վերջաբանը հանդիսացաւ Մալխասի (Արտաշէս Յովսէփեան) "Ապրումներ" յուշագրական գրքից մի հատւած, որտեղ նկարագրւած է հեղինակի մուտքը Պարսկաստան, Արաքսի վրայով, սահմանային Ջուլֆա քաղաքից։

13-րդ հանդիպումը յատկացւել էր Համաստեղին։
Համաստեղը (1895-1966), բուն անունով Համբարձում Կելենեան, ծնւել է Արեւմտեան Հայաստանի Խարբերդ գաւառի Փերչենճ գիւղում։ 1914-ին մեկնել է Ամերիկա, ուր հետեւել է համալսարանական դասընթացների։
Իր երկերը հրատարակւել են 1917-ից, հիմնականում Բոստոնի "Հայրենիք"-ում։
Հայ գրականութեան ամենահարազատ գիւղագիրն է, ով կորցւած հայրենիքի, հայ գիւղի ու գեղջուկի կեանքը հարազատ պատկերներով ներկայացրել է։
Գրել է արձակ, բանաստեղծութիւն, թատերգութիւն։ Առանձին հատորներով լոյս են տեսել նրա պատմւածքների ժողովածուները, "Գիւղը", "Անձրեւը", ապա "Սպիտակ ձիաւորը" երկհատորը, "Այծետոմար", "Առաջին սէրը" եւ այլն։
1966 թւին Համաստեղը յանկարծամահ եղաւ Լոս Անջելէսում, իր ծննդեան 70 եւ գրական գործունէութեան 50-ամեայ յոբելեանին, իր խօսքը արտասանելու պահին։
Յ.Գ.
ՀՄԱԿ-ը 1982-ին վերահրատարակել է Համաստեղի "Սպիտակ ձիաւորը"։