Հրատարակութիւն

PDF

հանդիպում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ

Rate this item
(0 votes)

Կազմակերպութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ

Սեպտեմբերի 16-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ Հենրիկ Խալոյեանը Թաւրիզ կատարած իր այցի ընթացքում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ:
Սրբազան հօր հետ հանդիպմանը կազմակերպութեան նախագահին ընկերակցել է Թաւրիզի մասնաճիւղի նախագահ ընկ. Նժդիկ Աբրահամեանը, ինչպէս նաեւ՝ Ատրպատականի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը:
Առաջնորդ Սրբազանը ողջունել է Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահի ներկայութիւնը Ատրպատականի հայոց թեմում՝ շեշտելով իրանահայութեան մէկ ամբողջութիւն լինելը. «Ճիշտ է, աշխարհագրականօրէն հեռու ենք իրարից, պատմականօրէն երեք թեմերի ենք բաժանւել, սակայն իրանահայութիւնը մէկ ամբողջութիւն է այս երկրում, հայ եկեղեցու եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեան ներքեւ: Դարերից ի վեր մեր ներկայութիւնը Իրանում, հովանաւորութեամբ երկրի հոգեւոր եւ պետական կառոյցներին, առիթ է ընձեռել մեզ, ազատութեամբ զարգացնելու մեր ազգային մշակոյթի տարբեր ոլորտները: «Արարատ»-ը այն կարեւոր յարկերից մէկն է մեր կեանքում, որտեղ յատկապէս մեր երիտասարդ սերունդը հնարաւորութիւնն ունի արտայայտելու իր ազգային ստեղծագործ ուժը»,- նշել է սրբազան հայրը:
Ըստ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի՝ «Արարատ» կազմակերպութիւնը տասնամեակներ ի վեր զբաղւել է հայութեանը հետաքրքող հարցերով եւ հայկական մշակոյթի զարգացման գործով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել թաւրիզահայութեանը յուզող հարցերին, Կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղին վերաբերող թեմային:
Ընկ. Հենրիկ Խալոյեանը իր խօսքերում պատրաստակամութիւն է յայտնել ամենատարբեր միջոցներով օժանդակել թաւրիզահայութեան հասարակական կեանքի բարելաւմանը, ինչպէս նաեւ՝ նպաստելու Կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի աշխատանքների զարգացմանը:
Կազմակերպութեան նախագահն իր ելոյթի ընթացքում նաեւ անդրադարձել է համահայկական խաղերի կայացմանը՝ նշելով, որ թաւրիզահայերը սպասւած հիւրեր են Իրանի 52-րդ համահայկական խաղերին:
Նոյն գիշեր, տեղի է ունեցել ջերմ ընդունելութիւն, որի ընթացքում Կազմակերպութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը, սրբազան հօր եւ կազմապերպութեան Թաւրիզի վարչութեան ընկերների հետ քննարկել է Կազմակերպութեան աշխատանքների, ինչպէս նաեւ թեմի երիտասարդական կեանքը վերաշխուժացնելու ծրագրերը: