Հրատարակութիւն

PDF

ՊԱՏԻՒ ԱՐԺԱՆԱՒՈՐԱՑ

Rate this item
(0 votes)

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան կողմից յղւած ուղերձը, օրւայ ընթերցման և հրատարակւելիք գրքոյկի համար

ՊԱՏԻՒ ԱՐԺԱՆԱՒՈՐԱՑ

Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան անունից ողջունում ենք ''Համազգային'' Հայ Կրթական և Մշակութային Միութեան մեծ ընտանիքի մեր գործընկերներին, իրենց այս յոյժ կարևոր նախաձեռնութեան՝ Յակոբ Կարապենցին նւիրւած միջազգային գիտաժողովի կազմակերպման կապակցութեամբ և կրկնակի ողջունում, բոլոր գիտաշխատող այն մտաւորականութեանը, որոնք, որպէս զեկուցաբեր հարստացրել են այս պատւաբեր գիտաժողովը:

Վստահաբար այսօր, գիտական մեթոդաբանութեամբ քննարկւելու և վերարժևորւելու է Յակոբ Կարպենց՝ «մարդ»ը ու պէտք է ասել աւելին՝ վերլուծւելու և վերասահմանւելու է աշխարհացրիւ մեր իւրօրինակ ազգի ու մերօրեայ համազգային իրականութեան լոյսի ներքոյ, «հայ արւեստագէտ-մտաւորական»-ի կենսափիլիսոփայական աշխարհը:

Այս անգամ աւանդական սփիւռքում ծնունդ առած, արևելեան աշխարհահայեացքով ''ինքնաճանաչման'' հանգրւանում, որպէս երիտասարդ մտաւորական, Իրանում ազգային գաղափարական շարժմանը միացած ու, որպէս կազմակերպութեանս հիմնադիր անդամ իր անջնջելի դրոշմը թողած «մարդ». ապա արևմտեան աշխարհամասում կեանքի ''ինքնահաստատման'' հանգրւանում՝ ստեղծագործական բեղուն կեանքով արարած, սակայն վերջին հաշւով Անկախ ''Հայրենիք''-ի գաղափարը վերացական ապրած, իսկ կեանքի նպատակային հանգրւանը լիարժէք ''ինքնարժևորած''՝ Անձ՝ կամ «Զարեան»-ական ասութեամբ՝ աւելի ճիշտ ''Անձնաւորութիւն'', «որը ստեղծել է իր ուժերին համապատասխան...» ու, որը այսօր որպէս մերօրեայ «տիպար մտաւորական» օրւայ քննարկման նիւթն է:

Իսկ անցեալ երկու դաժան տարիներն ու 44 օրերը, որպէս անկիւնադարձային ժամանակահատւած մեզ առաւել պարտադրում են յանուն կայացող ''Ազգ-պետութիւն'' կարգավիճակի որ իր արդի պատմութեան մէջ ևս ունեցել է աւելի աննկարագրելի անմարդկային սև օրեր ու ապա յաղթանակներ... ինչպէս միշտ կատարել մեզ վերապահւածը՝ մեր առաքելութիւնը, ի խնդիր մեր ազգի վերականգնման, ուր շատ մեծ և կարևոր է դերը մտաւորականութեան: Ուստի անհրաժեշտ է վերաիմաստաւորելով և վերարժևորելով մեր ''Ազգային Ծրագիր''-ը քայլել դէպի մեզ արժանի լուսաւոր ապագայ...
Ինչպէս Կարապենցի գրառածը՝ կազմակերպութեանս հիմներգում,
...«Գիր ու գրքի եւ գիտութեան վերելքում,
Քայլում ենք մենք միշտ աներեր դէպ յառաջ,
Եւ արւեստի չքնաղագեղ պարտիզում,
Անմահ մտքի մեծ խորհուրդն ենք որոնում:
Եւ ապագան մեր լուսակաթ, հրավառ,
Ժպտում է մեզ իր վարդագոյն շողերով,
Եւ մեծութեան խօսքը որպէս մի պատգամ,
Կանթեղի պէս առկայծում է մեր հոգում»