Հրատարակութիւն

PDF

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան 78-ամեակի միջոցառումը

Rate this item
(0 votes)

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանի ելոյթը կազմակերպութեան 78-ամեակի միջոցառման ընթացքում
Այսօր Հ.Մ.«Արարատ» կազմակերպութեան տարեդարձն է: Իրօք այսօր չեմ ուզում անդրադառնալ մեր կազմակերպութեան պատմական անցեալին, չեմ ուզում անդրադառնալ վերջին մէկ տարում անգամ իրականացած այն գործունէութեանն, որը երկու տարի համաճարակի դադարից յետոյ, հիմնական նպատակ էինք նպատակադրել՝ մեր կազմակերպութեան եւ համայնքի աշխուժացումը: Եւ այսօր հպարտօրէն հաւատացած ենք, որ մեծամասնաբար յաջողել ենք մեր նպատակն իրագործել:
Հիմնականում այսօր որպէս օրւայ խօսք ուզում եմ անդրադառնալ երկու խորհրդանշական հանգամանքների: Առաջինն յուլիսի 4-ի խորհրդին. ինչպէս գիտէք յուլիսի 4-ը այն օրն է, երբ 1944 թւականի երկրորդ համաշխարհային պատերազմի դժնդակ օրերին, միաւորւեցին ժամանակի 5 պատանեկան միութիւնները՝ որի արդիւնքում ստեղծւում է այդ փոքրիկ միութիւններից այս հսկայ կազմակերպութիւնը:
Ուրեմն այս օրւայ խորհուրդը եւ խորհրդանիշը ՄԻԱՒՈՐՈՒՄ-ն է, միասնական ոգին, որը պիտի օրինակ լինի ընդհանրապէս դժւարին օրերերի համար. այսինքն երբ մարդ անհատը կամ կազմակերպութիւնները ու նոյնիսկ ազգերը ունեն գեր-նպատակ, (ինչքան էլ մարդիկ լինեն որ թերահաւատ են այդ գեր նպատակի իրագոծմանը) իսկ եթէ կայ հաւատք ու այդ հաւատքի շուրջ համախմբւում են մարդիկ և ստեղծւում է միասնական ոգի ու համապատախան կամք՝ իրագոծելու ճշտւած նպատակը, յաջողութիւնը անխուսափելի է դառնում:

Բնականաբար, ինչպէս 78 ամեայ մեր կազմակերպութեան անցեալը՝ նաև մեր համայնքում եւ մեր ազգի պատմութեան մէջ լինում են դժւարին օրեր, յաղթանակի և բնականաբար պարտութեան օրեր կամ վայրեջքներ. բայց հենց վայրեջքներից է որ պէտք է ծնունդ առնի միասնական ոգին ու վերակերտւի նոր յաղթանակներ:

Այստեղ նաև չենք կարող չյիշել այն խաւին, որոնք իրենց անձնականը չեն գերադասել հաւաքականին, եւ պատրաստ են եղել իրենց թանկագինը նւիրաբերել ազգին և հայրենիքի որպէսզի մենք գոյատևենք. ու նոյնը եղել է հայրենիքում մեր ազգի համար, մեր համայնքում ու մեր կազմակերպութեան մօտ:

Երկրորդ խորհրդանիշը, որ կարևորութեամբ պիտի անդրադառնամ այն է որ, այսօր մեր միութենականների կողքին ներկայ են Հայաստանից ժամանած մեր արւեստից միութեան պարախմբի պարացոյցը և Արցախից մեզ մօտ ժամանած ՀՕՄ-ի ընկերուհիները, որոնք բերել են հայրենիքի ու Արցախի համն ու հոտը:
Բնական է որ հայրենիքի հողից կտրւած լինելը մեր ամենամեծ բարդութիւնն է, ու սփիւռքում բազմազան միութիւններ իրենց արւեստի, մարզական, սկաուտական եւ այլ ոլորտների խմբերով ու աշխատանքով փորձել են սերմանել սերունդների մօտ հայրենասիրութիւնն ու ազգասիրութիւնը եւ անցեալ երկար տարիներին այդ արժէքները եղել են վերացական. իսկ վերջին 30 տարում այսինք Հայաստանի անկախութիւնը վերակերտմամբ՝ փոխւել է իրավիճակը
և մեզ նման միութիւնները աւելի բարդ գործ ունեն կատարռլու, հայրենիք-Սփիւռք համագործակցութեան ու հոգեբանական կապն ապահովելու առումով:
Սիրելիներ, այսօր այն պահն է, որ ամէն մէկս մեր տեղայնական եւ մասնագիտական աշխատանքում առաւել կամք միտք եւ միասնականութիւն պէտք է դրսեւորենք եռամիասնութեան խորհուրդը իրականացնելու:

Շնորհաւորելով մեր բոլորի սիրած նախկին պատանեկան յետոյ երիտասարդական միութեան ու այսօր որպէս կազմակերպութիւն աշխատող Թեհրանում, Ատրպատականում, հարաւային Իրանում եւ սփռւած ամբողջ աշխարհով մէկ իր անդամներով... որոնք վերջին օրերին մէկ առ մէկ՝ նախկին նախագահներ և հին ընկերներ զանգել ու փոխանցել են իրենց շնորհաւորանքները. պարտք եմ համարում փոխանցել մեր սիրելի ընկերներին ու միաժամանակ յիշեցնել որ, Արարատ կազմակերպութեան առաքելութիւնն ու մեր ժողովուրդի եւ մեր բարձրագոյն ժողովների որոշումներն յուշում են մեզ, ու դրանք պարտաւորեցնող են՝ ամէն մէկիս համար, որպէսզի կարողանանք այդ որոշումները եւ մեր ճշտւած գեր նպատակները իրականացնենք:
Այդ գերնպատակներից կարելի է լինեն նպատակներ, որոնք ֆիզիքական են ինչպէս կառուցումը այս հոյակապ մարզահամալրի դէպքում, դարձեալ դժւարին օրերին. երբ բազմաթիւ մարդիկ են եղել որոնք հաւատացած չեն եղել, իսկ դա կատարւել է: Անգամ կառուցւելուց յետոյ, մարդիկ են եղել որոնք հաւատացած չեն եղել որ այս կառոյցը կարելի է գոյատեւի, պահպանւի իր 75 հազար քմ-ով ու իր բազմազան հնարաւորութիւններով, բայց դա պատահել է:

 

 

Այն ինչ ապագային է վերաբերում մենք ունենք ծրագրեր, որոնք երեւան են գալիս որպէս ինչ որ կառոյցի գաղափարով, ինչպէս յայտարարել ենք օրինակ Արարատի թանգարանը, որով պէտք է ցուցադրենք ոչ միայն մեր համայնքին, այլ Իրանի մեր հայրենակիցներին, իրանահայութեան մարզանքի եւ մշակոյթի դերին այս երկրում:
Սակայն կան գերնպատակներ որոնք դաստիրակչական են, կամ կրթադաստիրակչական, որոնց արդիւնքները երբեք երեւան չեն գալիս ֆիզիքապէս և որի ուղղութեամբ աշխատում են բազմաթիւ միութենականներ, ազգային կառոյցների ղեկավարող դէմքեր, կրթադաստիրակչական միաւորների մասնագէտներ... եւ յոյս ունենք, որ այս պէտք է շարունակւի եւ մեր ապագայ սերունդները, շարունակեն նոյն ճանբան եւ այսպէս աւելին հզօրանայ Արարատը եւ Արարատի կողքին իր քոյր միութիւնները ու այս ճամբով ծառայենք մեր ազգին ու հայրենիքին:

 

 

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը կազմակերպութեան 78-ամեակի տօնակատարութեան ընթացքում արտայայտած ելոյթի մէկ այլ հատւածում յատուկ կարեւորեց Համազգայի հայ կրթական միութեան եւ ՀՄԸՄ կառոյցների հետ կապերի ամրապնդմանը միտւած քայլերը, ՀՄԸՄ-ի ընդհանուր ժողովին կազմակերպութեան ներկայացուցչի մասնակցութիւնը:
Անդրադառնալով Կազմակերպութեան Արւեստից միութեան ձեռքբերումներին, մասնաւորապէս՝ բարձր գնահատեց հայաստանեան արւեստի ոլորտի տարբեր կառոյցների հետ նրանց համագործակցութիւնները պարախմբերի, թատերական խմբերի եւ այլոց հետ:
Կազմակերպութեան նախագահը ողջունեց մարզական միութեան ձեռքբերումները բասկետբոլի խմբերի վերականգման, ֆուտբոլի խմբի կազմման՝ «Արարատ ֆուտբոլ ակադեմիայի» հիմնման կապակցութեամբ եւ նրանց մասնակցութիւնը յառաջիկայում նախատեսւած համա-Հ.Մ.Ը.Մ ական մարզախաղերին:
Ընկ. Հենրիկ Խալոյեանը բարձր գնահատեց յատկապէս Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան աշխատանքների վերակտիւացումը՝ կորոնավիրուսի համավարակից յետոյ եւ կարեւորեց Սկաուտական միութեան համահայկական բանակումի գաղափարի իրականացման անհրաժեշտութիւնը՝ յոյս յայտնելով, որ տարբեր երկրերի ՀՄԸՄ-ական խմբեր կը յաջողեն մասնակցել նախատեսած բանակումին:
Անդրադառնալով երէցների միութեան գործունէութեանը Նախագահ Հենրիկ Խալոյեանը նշեց, որ երէցները վերականգնել են իրենց աշխատանքները կորոնավիրուսի նւազումից յետոյ սկսել են 40 հոգով եւ յաջողել են կազմակերպել 5 հազարից աւելի այցելութիւն ունեցող բազար, եւ աւելի քան 2 հազար այցելու արձանագրած մայիսի 28-ին միջոցառում:
Նրանք ըստ Հենրիկ Խալոյեանի՝ բարձր աշխուժութիւն են ցուցաբերում յատկապէս վերջին շրջանում կատարելով տարբեր տօնակատարութիւնների կազմակերպման յանձնառութիւնները:
Կազմակերպութեան նախագահն իր խօսքերում նաեւ անդրադարձաւ Կենտրոնական վարչութեան եւ Կազմակերպութեան կողքին կանգնած տարբեր մարմինների եւ գործունէութեանը: Բարերարների, որոնք ազգային կառուցների, այդ թւում՝ Արարատի թիկունքն ամուր են պահում, Վարիչ մարմնի, որն ըստ նրա կատարում են կազմակերպութեան ղեկավարման կարեւոր աշխատանք, հանրութեան հետ կապերի, Արխիւային յանձնախմբի աշխատանքները, եւ Խաժակ Արզումանեան ցուցասրահի ակտիւացման ծրագրերն, որտեղ վերջին մէկ տարւայ ընթացքում թւով 6 ցուցադրութիւններ են կազմակերպւել, եւ կազմակերպութեան կողքին կանգնած սիրելի պաշտօնեաների եւ բոլոր նրանց ջանքերն, որոնք նպաստում են Արարատ Կազմակերպութեան զարգացմանը: