Հրատարակութիւն

PDF

«Նոր միտք»

Rate this item
(0 votes)

Կառուցողական քննարկման մթնոլորտ՝ Հայ Դատ, Հայոց Ցեծասպանութիւն, նոր սերունդ. Հ.Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր Միտքը» հիւրընկալեց դոկտ. Ռուբինա Փիրումեանին

Յուլիսի 14-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր միտք» խմբի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ քննարկման միջոցառում՝ «Հայոց Ցեղասպանութեան աղէտի ընկալման եւ անդրադարձը գրականութեան մէջ եւ պատմական յիշողութեան փոխանցման հարցը սերունդներին» թեմայով: «Նոր միտք» նախաձեռնութիւնը նպատակ ունի նոր մթնոլորտ ձեւաւորել նոր մտքերի դրսեւորման եւ համախմբման համար եւ պարբերաբար բանախօսական հաւաքներ կազմակերպելով փորձում է վեր հանել ազգային, հասակական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներին առնչւող հարցեր ներկայացնելով, թեմաներին առնչւող համապատասխան լուծումներ:

«Նոր մտքի» միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Նարբէ Աբուլեանը, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան անդամներից, միութենականներ եւ հիւրեր:

Խմբի անունից ծրագիրը մեկնարկեց խմբի անդամ իրաւաբան Արա Ջահանեանն, որի ընթացքում անդրադարձաւ խմբի ձեւաւորման նպատակներին, մասնաւորապէս, նշեց, որ խումբը ձգտում է քննարկման կառուցողական մթնոլորտ ստեղծել՝ տարբեր թեմաների եւ հարցերի առնչութեամբ՝ ներգրաււելով, հասարակութեան տարբեր խաւերին: Այնուհետեւ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ «Նոր միտք» յանձնախմբի հարցերով կապ Սիւնէ Ֆարմանեանն անդրադարձաւ դոկտ. Ռուբինա Փիրումեանի կենսագրութեանը:

Բանախօսութեան ընթացքում դոկտ. Ռուբինա Փիրումեանը համապարփակ ներկայացրեց թեման եւ աղէտին արձագանգելու փուլերի վերաբերեալ: Բանախօսն անդրադարձաւ աղէտի ընկալման տարբեր արձագանգներին, այդ թւում՝ ցեղասպանութեան ենթարկւած ազգի, մասնաւորապէս՝ հայերի ընկալումներին, որոնք նրա համոզմամբ լինում են տարբեր բնոյթների՝ զայրոյթ, վրէժ, վերականգնում, յուսալքութիւն, յիշողութիւնների չարաշահում եւ այլ տիպի արձագանգներ:

Դոկտ. Ռուբինա Փիրումեանը շեշտեց, որ տարբեր ծրագրերով փորձել է Հայոց Ցեղասպանութեան հարցը լուսաբանել եւ հասարակութեան ուշադրութեան կենտրոնում պահել, ինչպէս նաեւ՝ կիրառել իր հեղինակային ծրագրերը՝ երեխաներին Ցեղասպանութեան թեման ներկայացնելու եւ նրանց հասանելի ու ընկալելի դարձնելու նպատակով:

Օրւայ բանախօս, դոկտ.  Ռուբինա Փիրումեանն իր բանախօսութեան ընթացքում համապարփան անդրադար կատարեց նաեւ հայ ժողովրդի պատմական իղձերին ու վեհ նպատկներին, նշելով, որ վստահաբար անհրաժեշտութիւն կը լինեն փոխելու մեր մարտավարութիւն ու ռազմավարութիւն, եւ անհրաժեշտ է ձգտել գտնելու ամենաճիշտ ճանապարհը, սակայն ո՛չ երբեք գերնպատակը, այլ վեհ նպատակն անհրաժեշտ է մշտապէս պահել, պահպանել ու առաջնորդւել յանուն այդ նպատակի վերջնական իրագործման:

Դոկտ. Ռուբինա Փիրումեանն անդրադառնալով իր հեղինակային ծրագրերին նշեց, որ մանկավարժական բնոյթի ծրագրերի եւ ձեռնարկների միջոցով փորձել է ուսուցիչներին ներկայացնել Ցեղասպանութեան թեմային կապւած դասերի աւելի ճիշտ եւ հասանելի մատուցելու տարբերակները։ Նա ներկայացրեց թէ, որոնք են իր համոզմամբ՝ այն վստահելի մօտեցումներն, որի արդիւնքում երեխաները հոգեկան ընկճւածութիւն չեն ապրի Ցեղասպանութեան հարցին առնչւելուց:

Միջոցառման ընթացքում ներկաների եւ բանախօսի միջեւ ձեւաւորւեց հետաքրքիր եւ անմիջական քննարկման մթնոլորտ:

Միջոցառման աւարտին դոկտ. Ռուբինա Փիրումեանը իր վերջին՝ «Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» խորագիրը կրող գրքի մի քանի հատորներ նւիրեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեանը: Նոյն այն գիրք, որն անդրադառնում է «ԱԼԻՔ»-ի (1960-1971) թւականների խմբագրապետ դոկտ. Բաղդիկ Մինասեանի կենսագրական տւեալներին, ով իր կեանքի աւելի քան 10 տարիները անց է կացրել ստալինեան ճիրաններում, աքսորւելով Սիբիր:

Նշենք, որ դոկտ. Ռուբինա Փիրումեանը հայերէն լեզւի եւ գրականութեան դասախօս եւ UCLA համալսարանի համահետազօտողներից է: Նա Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ գիրքերի, դասագիրքերի եւ հետազօտական յօդւածների հեղինակ է: Իր գլխաւոր գործերի շարքում են «Աղէտի հանդէպ գրական հակազդեցութիւններ. համեմատութիւն հայկական եւ հրէական փորձառութիւններին» (1993), եւ հայերէն լեզւով «Հայաստանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Պոլշեւիկների յարաբերութեան շրջագիծին մէջ. 1917-1921» (1997), (թարգմանւած եւ հրատարակւած ռուսերէնով,) «Հայ Դատ»՝ 10-12-րդ դասարանի աշակերտների համար դասագիրքերի շարքը, ինչպէս նաեւ՝ «Հայ Դատի պատմութեան» ամբողջական դասագիրքեր՝ նախատեսւած Հայաստանի երկրորդական վարժարանների համար (2000): «Եւ նրանք, որոնք շարունակեցին ապրել Թուրքիոյ մէջ 1915-ից յետոյ»-ը (2008) եւ ամենավերջին հրատարակութիւնն է:

Նա ունեցած է դասախօսական լայն ասպարէզ եւ մասնակցել է բազմաթիւ միջազգային գիտաժողովների: Նա իր ասպարէզի ընթացքին կատարած իրագործումների համար արժանացած է Հայկական Կրթական Ֆոնտի մրցանակին, ինչպէս նաեւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի շնորհած Մեսրոպ Մաշտոց շքանշանին: