Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալեց Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանին եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանին

Rate this item
(0 votes)

Յունւարի 28-ին Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալեց Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանին եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանին, որոնք այսօրերին հիւրաբար գտնւում են Թեհրանում մասնակցելու նախօրէին տեղի ունեցած համահաւաքին եւ այսօր՝ յունւարի 29-ին նախատեսւած դասախօսական միջոցառմանը:

Հանդիպման սկզբին Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը ողջունեց հիւրերի ներկայութիւնը եւ ուրախութիւն յայտնեց Թեհրանում նրանց հիւրընկալելու համար: Այնուհետեւ, անդրադարձաւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի ծրագրերին, աշխատանքներին եւ 78-ամեայ կազմակերպութեան գործունէութեանը:

Հանդիպման ընթացքում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը ներկայացրեց Արցախի Հանրապետութեան 47-օրեայ շրջափակման հետեւանքները եւ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացւող մարդու իրաւունքների խախտումները, շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը եւ դրանց հետեւանքով այլ հիմնարար իրաւունքների խախտման հարցերը:

Գեղամ Ստեփանեանը շեշտեց, որ կարեւոր դերակատարութիւն ունի սփիւռքը Արցախի շրջափակման հարցը աշխարհի տարբեր երկրներին ներկայացնելու ուղղութեամբ:

Նա նշեց, որ նամակներ է ուղարկել ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատարին, ԻՒՆԻՍԵՖ-ի գլխաւոր տնօրէնին եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող այլ միջազգային կազմակերպութիւններին ու դերակատարներին:

ՀՀ ԱԺ պատգամաւոր Ասպրամ Կրպէեանն եւս անդրադարձաւ Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական տրամադրութեանը, անտարբերութեան խնդրի յաղթահարման կարեւորութեանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման անհրաժեշտութեանն, ինչպէս նաեւ՝ անջատում յանուն փրկութեան միջազգային իրաւունքի իրացման պայմանների ապահովման ջանքերին: