Հրատարակութիւն

PDF

Արցախեան 44-օրեայ պատերազմի մասնակից տղաները հիւրընկալւել են Հ.Մ. «Արարատ» մարզաւանում

Rate this item
(0 votes)

Փետրւարի 1-ին Թեհրան են ժամանել Հայաստանի ձմեռային Պառամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները, որոնք կը մասնակցեն Իրանում կայանալիք պառալեռնադահուկային սպորտի մրցաշարին, մինչեւ մրցաշարի մեկնելը դահուկորդներն, այդ թւում՝ արցախեան 44-օրեայ պատերազմի մասնակից տղաները հիւրընկալւել են Հ.Մ. «Արարատ» մարզաւանում:

Առաջին օրն «Արարատ» մարզաւանում մարզիկներին դիմաւորել են Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան ընկերները:

Փետրւարի 2-ին, Մարզական միութեան ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելել են Թեհրանի հայոց Թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել են Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանին՝ ստանալով սրբազան հօր հայրական աղօթքը:

Մարզիկներն առաջնորդարան կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ:

Այնուհետեւ, այցելել են «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն եւ ծանօթացել են օրաթերթի պատմութեանն ու աշխատանքներին:

Հայաստանի ձմեռային Պառամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները փետրւարի 2-ի գիշերը Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ, հիւրընկալւել են «Տնակ» ռեստորանում:

Նրանք այսօր՝ փետրւարի 3-ի առաւօտեան մասնակցել են Կազմակերպութեան երէցների միութեան կազմակերպած ամսական ընդհանուր հանդիպմանն, որի դասախօսն է եղել վաստակաւոր ընկ. Վարուժան Առաքելեանը:

Նշենք, որ Իրանում կայանալիք պառալեռնադահուկային սպորտի մրցաշարը կանցկացւի Իրանի «Թոչալ» միջազգային դահուկային կորտում:

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմում ընդգրկւած են դահուկորդներ Հայկ Աբգարեանը, Ստասիկ Նազարեանը, Տիգրան Գրիգորեանը եւ Էրիկ Գրիգորեանը:

Ֆեդերացիայի գլխաւոր նպատակն է Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացումը: Ֆիզիկական եւ հոգեբանական շատ դժւարութիւններ յաղթահարած պառալիմպիկ մարզիկները ունեն առաքելութիւն՝ ճանապարհ հարթել հաշմանդամութիւն ունեցող նոր սերնդի, մասնաւորապէս՝ արցախեան պատերազմի հետեւանքով հաշմանդամութիւն ձեռքբերած տղաների համար՝ պասիւ կեանքից վերադարձնելու աւելի ակտիւ սպորտային կեանք: