Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 26 Օգոստոս 2023 09:13
Rate this item
(0 votes)

Չորեքշաբթի երեկոյեան, 2023 թ.-ի օգոստոսի 23-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ "Արարատ" կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում տեղի ունեցաւ բացառիկ երաժշտական երեկոյ մասնակցութեամբ Հայաստանից ժամանած Խաչատրեան Եռեակի։

Ելոյթը նւիրւած էր հայազգի անւանի երաժիշտ՝ Արամ Խաչատրեանի հարիւր քսան ամեակին։

Երեկոյին ներկայ էին ԻԻՀ Հայաստանի հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատարը և անձնակազմը, Ազգային մարմինների ներկայացուցիչները, անւանի երաժիշտ՝ Լորիս Ճգնաւորեանը, քոյր միութիւնների եւ մարմինների ներկայացուցիչները, "Արարատ" կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ընկերները և համայնքի արւեստագէտ եւ արւեստասէր անձիք։

Խաչատրեան տրիոյի երաժիշտներն ու գործիքաւորումներն են՝ Արմինէ Գրիգորեան դաշնամուր, Կարէն Քոչարեան թաւջութակ և Կարէն Շահգալդեան ջութակ, որոնց ներկայացրեց օրւայ հաղորդավար ընկեր Մեղեդի Նազարեանը։

Ապա եռեակը հանդէս եկաւ՝ Կոմիտասի, Խաչատրեանի, Միրզոյեանի եւ Առնօ Բաբաջանեանի կտորներով։

Խաչատրեանի անւան եռեակը՝ Խաչատրեան Տրիոն, հիմնադրւել է 1999 թւականին որպէս «Արսիկա»։ Խաչատրեանի անւան եռեակը համերգներով հանդէս է եկել աշխարհի աւելի քան  40 երկրների 100 քաղաքում ու համերգասրահներում: Այդ շարքում կարելի է յիշել Վիեննայի Մուզիքֆերեյին, Համբուրգի Լայցհալ, Լայպցիգի Գևանդհաուզ,  Միւնխենի  Գաշտայգ Ֆիլարմոնի, Լոնդոնի Փուրսլ Ռում, Տոկիոյի Սանթուրի և Տորոնտոյի Քըրնըր Հալ  համերգասրահները: Եռեակը նայև անգամներ  մասնակցել է համաշխարհային հռչակաւոր փառատոների ինչպէս՝ Կոստա-Ռիկայում Արւեստների , Մեքսիկայում Սերբանտինո, Համբուրգի Ռուսական Քամերմուզիքֆեստ, Մալտայի Երաժշտական միջազգային և մի շարք այլ փառատօներ: Եռեակի ելոյթները հեռարձակւել են ռադիոյով և հեռուստատեսութեամբ։

Եռեակը թողարկել է 9-ը ձայնասկաւառակ նւիրւած հայկական ու ռուսական երաժշտութեան, ներառեալ Խաչատրեանի ու մալտացի երգահան Ալեքսեյ Շորի երաժշտութիւնը Սոնի ընկերութեան միջոցով։

Եռեակի ստեղծագործական գործունեութիւնն անմիջականօրէն կապւած է Երևանում Արամ Խաչատրեանի տուն-թանգարանի հետ, որտեղ ձայնագրւում են եռեակի ձայնասկաւառակները:
Ելոյթը ողջունւեց և աւարտւեց ներկաների բուռն ծափողջոյններով։