Հրատարակութիւն

PDF

Մի ամբողջ օր աշխոյժ մթնոլորտ Արարատում

Rate this item
(0 votes)

Արարատ կազմակերպութիւնը հիմնադրման առաջին օրից իսկ սկսեալ, նպատակադրել է դաստիարակել հայ պատանուն ու երիտասարդին հայկական ջերմ միջավայրում և սպասարկել ու ծառայել համայնքին, այնպէս որ իրապէս Արարատը լինի բոլորի երկրորդ ու սիրելի տունն ու պէտք է շեշտել, որ այդ ուղղութեամբ են աշխատում մեր չորս միութիւններն ու մարմիններն ու նման մի ծանրաբեռնւած օր վկայում է թէ ինչ են անում արարատականներն ու Արարատի կողքին կանգնած ընկերները երբ զբաղւած են աշխատանքներով՝

ամբողջը միատեղ ու միաժամանակ։
2023  թւականի ուրբաթ, դեկտեմբերի 22-ի առաւօտեան մեծ
խանդավառութիւն էր տիրում «Արարատ» մարզաւանի չորս կողմերում։
-  Արւեստից միութեան Մանկապատանեկան երաժշտաթատերական խմբի աշակերտներն ու ծնողները, վարչութեան հրաւէրով ներկայ էին մարզաւանում պարի դահլիճում՝ մասնակցելու ապագայ ծրագրերի իրագործման բացատրական հանդիպմանը, որի աւարտին աշակերտները ստացել են  2023 թւականի աշխատանքներին մասնակցելու առիթով գնահատագրեր։
Կողքում՝ «Շահբազեան» սրահում «Արարատ» պարախմբի աշակերտներն ու ծնողներն եկել էին մասնակցելու ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի միջոցով նոր տարւայ առիթով կազմակերպւած  խնջոյքին, որի ընթացքին երեխաները պատրաստել են զարդեր ու իրենց եղեւնին դարձրել տօնածառ և
Նորտարւայ կապակցութեամբ սովորել են ու պարել են յատուկ պար։
Պարախմբի անդամները ևս ստացել են գնահատագրեր և վկայագրեր։
Երաժշտաթատերական խմբի աշակերտները միանալով պարախմբին դիմաւորել են ձմեռ պապին, ստացել են կապոցներ  և անցկացրել ուրախ ժամեր։ Միջոցառմանը ներկայ էին կենտրոնական վարչութեան նախագահն ու Միութեան կապն ու ընկերները։

-  Սկաուտական միութեան անդամները «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում իրենց  ծնողների հետ դիմաւորել են ձմեռ պապին։
կազմակերպւել էին զանազան խաղեր, ուրախ ժամանց և  հիւրասիրութիւն։
Անդամները ստացել են  կապոցներ։

-  Մարզական միութեան վարչութեան հրաւէրով նոր ժողովասենեակում տեղի է ունեցել 46-րդ Համադպրոցական խաղերի առիթով  հանդիպում, որին ներկայ էր ԹՀԹ Կրթական խորհրդի նախագահ՝ պրն․Ալֆրէդ Կարապետեանը և բոլոր դպրոցների ծնողական խորհրդների ներկայացուցիչները։
Ժողովի բացումը կատարել է Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը, նշելով որ 46-րդ Համադրոցական խաղերը նւիրւած է «Արարատ» կազմակերպութեան 80-ամեակին,
և յայտնել է մի շարք բացատրութիւններ։
Այնուհետև խօսքը տրւել է Կրթական խորհրդի նախագահին։
Ներկաները  համեստ ընդունելութեան ընթացքին ունեցել են մտքերի փոխանակում։

-  Երէցների միութեան ամանորի դիմաւորման յանձնախմբի նախապատրաստական աշխատանքները շարունակւում էր։

-  Նախապէս պայմանաւորւածութեամբ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանի հետ նոր տարւայ և հայկական աւանդութիւնների թեմայով ու դրանք միութենական կեանքում իրագործելու կապակցութեամբ հարցազրոյց էր կազմակերպւել RT (Russia today) լրատւական կենտրոնի հետ։

-  Նոյն օրը տեղի է ունեցել Կազմակերպութեան Ֆինասատնտեսական յանձնախմբի հանդիպումը։

-  ՀՄԱԿ-ն թևակոխում է իր հիմնադրման և գործունէութեան 80-րդ տարին։ Ուրբաթ օրը Կազմակերպութեան հիմնադրման  80-ամեակի  յանձնախմբի հրաւէրով հանդիպմանը ներկայ էին ՀՄԱԿ․-ի միութիւնների ու մարմինների նախագահներն,  որտեղ յանձնախմբի փոխ նախագահ՝ ընկեր Լիդա Վարդանեանը մեկնարկել է ժողովը, եղել են մտքերի փոխանակումներ ու առաջադրանքներ։

Հաշւած օրեր են մնացել հրաժեշտ տալու հին տարուն։
Ոչ միայն այս ուրբաթն էր աշխատանքային աշխուժութիւն տիրում այլ տարւայ բոլոր օրերն էլ զանազան ու բազմազան աշխատանքներով են զբաղւում անդամներն, ընկերական ու յիշարժան պահեր անցկացնում միմեանց հետ, սովորում են կեանքի փորձառութիւններ, մարզւում են, արւեստով զբաղւում ու ծառայում անշահախնդիր, միշտ շրջապատւած  ազգային լիցքերով տոգորւած, նւիրեալ ու բարեացակամ բարեկամներով։