Հրատարակութիւն

PDF

Ծառատնկում նւիրւած՝ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի հիմնադրման և գործունէութեան 80-ամեակին և «Արարատ» մարզաւանի կառուցման 50-ամեակին

Rate this item
(0 votes)

Ուրբաթ, 2024 թ.-ի մարտի 8-ի առաւօտեան «Արարատ» մարզաւանի հիւսիսային հատւածում տեղի ունեցաւ Ծառատնկման ծրագիր նւիրւած՝ Հ.Մ. «Արարատ»Կ.-ի հիմնադրման և գործունէութեան 80-ամեակին և Արարատ մարզաւանի կառուցման 50-ամեակին։ Նշենք, որ երկիր մոլորակը մաքուր և առողջ պահելու միջոցներից մէկը՝ Ծառատնկման աւանդական այս ծրագիրը բազմամեայ անցեալ ունի կազմակերպութեան յարկի ներքոյ, որը կատարւում է ամէն տարի։
Տարածքում, մասնակիցներին ջերմօրէն դիմաւորում էին Մարզաւանի Վարիչ մարմնի անդամները։
Ծրագրի սկզբում «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 80-ամեակի յանձնախմբի նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանը ողջունելով ընկերներին բացատրեց օրւայ բովանդակութեան մասին, այնուհետև հրաւիրեց միութիւնների ու մարմինների ընկերներին ու վարչականներին, որոնց մէջ ընդգրկւած էին ԻԻ խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, Կազմակերպութեան անդամ՝ Արա Շահվերդեանն, 80 տարիքը լրացրած վաստակաւոր ընկերներ, վարչականներ ու կրտսեր անդամներ, ովքեր
նախապէս պատրաստւած փոսերում մէկը միւսի հետևից տնկեցին նւիրւածութեանը համապատասխան՝ 80 դալար տնկիներ իսկ զրնգուն բահերն ու նոր ցնցուղներն էլ ձեռքից ձեռք շրջելով օգնում էին տնկին հողում ամրացնելու գործում։
Աւարտին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանն օրւայ առիթով արտայայտւեց և ընթերցեց տեղակայւելիք յուշատախտակի բովանդակութիւնն ապա 80-ամեակի յանձնախմբի նախագահի հետ պուրակում տեղադրեցին օրւան համապատասխան յուշատախտակն՝ այն էլ մարզաւանի կառուցմանը իւրայատուկ՝ ամպագոյն քարակտորի վրայ։

Ջերմ մթնոլորտում ամրագրւեցին բազմաթիւ լուսանկարներ։
Մի խօսքով բնութիւնն ու ընկերութիւնը՝ Երէց ու կրտսեր համատեղւել էին օրւայ գարնանային հաճելի եղանակին ու վայրը թողնելու ցանկութիւն դեռ երկար ժամ չկար իսկ նոյն միջոցին ընկերները հիւրընկալւում էին համեստ հիւրասիրութեամբ։

ՀՄԱԿ-ի Հանրութեան հետ կապ