Հինգշաբթի, 2024 թւականի մայիսի 30-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդէսի դահլիճում տեղի ունեցաւ միջոցառում՝
Թեհրանում ակումբների ստեղծման 100-ամեակի առիթով, ուր մեծարւեցին ամենավաստակաւոր և գործունեայ միութիւնները։
Միջոցառմանը ներկայ էր երկրի Մարզանքի ու Երիտասարդութեան նախարարը, պաշտօնական այրեր և մարզանքի ոլորտում պետական բարձրաստիճան հիւրեր։
Հրաւիրւել էին Թեհրանում աշխատող ակումբները, որոնց թիւը ըստ տրւած զեկոյցի շուրջ 3500-ի է հասնում։
Միջոցառումը մեկնարկեց հիւրընկալը, որտեղ օրւայ առիթով իր խօսքը արտայայտեց, ապա Մարզանքի նախարարը ողջունեց ներկաներին և բացատրութիւններ տւեց ներկայ իրավիճակի մասին, խոստանալով իր ուժերի և հնարաւորութիւնների սահմանում օգտակար լինել մարզական ակումբներին, ունենալու համար նոր մարզաձևեր զարգացնելով եղածը, ապա ներկայացւեց ու մեծարւեց 12 վաստակաւոր և լաւագոյն ակումբները, որոնց յանձնւեց գնահատագրեր ու յիշատակներ։
Ցանկի առաջին երկուսի մէջ են «Շահին»-ը և «Արարատ»-ը, որոնք էլ գնահատւեցին, որպէս
ամենափորձառու, վաստակաւոր, անւանի և բազմաբնոյթ մարզաձևերում աշխատող ակումբներ։
Միջոցառման ընթացքին յիշատակւեց և մեծարւեց Արարատի գործունէութեան 80-ամեակը։
Հարկ է նշել, որ միջոցառման համար պատրաստւած տեսաերիզում մեծ տեղ էր գտնում Արարատ կազմակերպութեան աշխատանքները։
«Արարատ» Կազմակերպութեան կողմից մեծարմանը հրաւիրւել և մասնակցել էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբեգեանը, փոխ նախագահ՝ ընկեր Արմանդ Դրորը, ընկեր Թալին Դարասեանը և վաստակաւոր մարզիկներ ու մարզիչներ՝ ընկերներ Մայիս Միանսեանը, Արսէն Տ․Գէորգեանը և Յովիկ Հաթամզադէն։