Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 17 Հուլիս 2024 13:13

ՏՕՆՒԵՑ ՀՄԱԿ․-Ի ՈՒՐՄԻՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ 70 – ԱՄԵԱԿԸ

Rate this item
(0 votes)

Ուրմիա քաղաքի «Արամ Մանուկեան» ազգային սրահում 2024թ. յուլիսի 11-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ» Կ. հիմնադրման և գործունեութեան 80-ամեակի և Ուրմիոյ մասնաճիւղի հիմնադրման և գործունեութեան 70-ամեակին նւիրւած միջոցառումը։
Ծրագրին ներկայ էր Արժանապատիւ Քհն. Հայր Տէր Մարտիրոս Ղուկասեանը, բարերար Մեջլումեան ընտանիքը, Կենտրոնական վարչութեան անդամ՝ մասնաճիւղի կապ ընկեր Արտոյտ Զոհրաբեանը, Գեարդաբադ մասնաճիւղի վարչական ընկերները և մեծաթիւ արարատական ընկերներ։
Սրահի մուտքի մօտ ցուցադրման էին դրւել տարբեր տարիների լուսանկարներ, յուշանւէրներ, գաւաթներ, Արարատի պատմութեանը նւիրւած գրքեր։
Ծրագիրը սկսեց պետական օրհներգով, ապա Կրտսերների բաժանմունքի անդամները կատարեցին Կազմակերպութեան Հիմներգը։ Վարչութեան ուղերձը ընթերցեց և օրւայ ծրագիրը վարեց վարչական ընկ Ցողիկ Մուրադեանը։
Սրբազան հօր պատգամը ընթերցելու համար բեմ հրաւիրւեց Քհն. Հայր Տէր Մարտիրոս Ղուկասեանը։ Կենտրոնական վարչութեան անունից շնորհաւորանքի խօսքը փոխանցելու համար բեմ հրաւիրւեց ընկեր Արտոյտ Զոհրաբեանը , Երէց ընկերների անունից արտայայտւեց ընկեր Մարտիկ Մեջլումեանը, երաժշտական կատարումով հանդես եկաւ ընկեր Սերժիկ Ամիրանեանը։ Ծրագրի գեղարւեստական մասում ելոյթ ունեցան Արւեստից միութեան ընկերները՝ մեներգերով, դաշնամուրային և կիտառի կատարումներով։
Ցուցադրւեց ֆիլմ արխիւային նկարներից պատրաստւած, որը մեծ աշխուժութիւն առաջացրեց ներկաների մօտ։
Ծրագրի երկրորդ մասում վարչութիւնը հրաժեշտ տւեց արտերկիր մեկնող իր երէց ընկերներ Սամւէլ Բադալեանին , Սեդա Մեջլումեանին և վարչական ընկեր Արմէն Բադալեանին։ Ընկեր Արմէնի աւելի քան 38 տարւայ անդամակցութեան անցեալի և 26 տարւայ վարչական աշխատանքների մասին իր խօսքն ունեցաւ ընկեր Ռիքարդօ Իւհաննան։ Ապա արտայայտւեց և իր շնորհակալական խօսքը ունեցաւ ընկեր Արմէնը։ Ընկերներին յանձնւեցին յուշանւէրներ առ ի յիշատակ։
Ծրագիրը ամփոփւեց տօնական կարկանդակի հատումով և յիշատակի լուսանկարներով։