Հրատարակութիւն

PDF

ՀՄԱԿ-Ի 80-ԱՄԵԱԿԸ ՆՇՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Rate this item
(0 votes)

ՀՄԱԿ-ի 80-ամեակի առիթով, Կենտրոնական վարչութեան կողմից կեանքի էր կոչւել յանձնախումբ Հայաստանում՝ նշելու Արարատի 80-ամեակը, հետևեալ կազմով՝ Կարինէ Ղարախանեան, Թալին Բաղումեան, Ռուբինա Գալստեան, Ռաֆիկ Բաղումեան, Արինէ Զոհրաբեան, Սերոժ Մատթէոսեան և Քրիստինէ Արզումանեան:
Այս յանձնախումբն իր հերթին, կեանքի կոչեց դաշտահանդէսի յանձնախումբ հետևեալ կազմով՝ Ալէն Ասատրեան, Շուշիկ Աբրահամեան, Արթուր Ջրաղացպանեան, Արսինէ Կարապետեան, Արսինէ Սեփանեան, Սիոնա Մարտիրոսեան, Սևան Ծառուկեան, Նւարդ Քեշիշեան:
Յուլիսի 14-ին Հայաստանի Արևիկ հանգստի գօտում, տեղի ունեցաւ ՀՄԱԿ-ի 80-ամեակի առիթով կազմակերպւած դաշտահանդէսը, որին մասնակցում էր աւելի քան 300 հոգի՝ արարատականներ և Արարատի բարեկամներ:
Երբ արդէն համարեայ բոլորը հաւաքւել էին հնչեց Արարատի հիմնը, ապա Կարինէ Ղարախանեանը ընթերցեց 80-ամեակը նշող Հայաստանի յանձնախմբի խօսքը.-

Հայաստանում ՀՄԱԿ-ի 80-ամեակը նշող յանձնախմբի խօսքը՝ նոյն առիթով կազմակերպւած դաշտահանդէսում

«Արարատ» Կազմակերպութեան սիրելի ընկերներ և բարեկամներ,
Բարի էք եկել:
Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան 80-ամյակը նշող Հայաստանի յանձնախմբի անունից, շնորհակալութիւն եմ յայտնում բոլորիդ, որ անսալով մեր հրաւէրին, մէկ անգամ կրկին հաւաքւել էք միասնաբար նշելու մեր սիրելի Արարատի՝ մեր երկրորդ տան 80-ամեակը և յիշելու մեր երանելի օրերը, որոնք անցան այդ հարազատ յարկի տակ:
Ամէն ինչից առաջ, եկէք յիշենք բոլոր ընկերներին՝ հիմնադիրներից սկսած մինչև ընթացիկ տարում մեզնից առյաւետ հեռացած ընկերներին, որոնցից իւրաքանչիւրն իր հետքն է թողել այս կազմակերպութեան գործունէութեան վրայ: Չենք կարող անշուշտ յիշատակել նրանց բոլորի անունները, որովհետև բազմաթիւ են նրանք, սակայն մէկ րոպէի ընթացքում ամէն մէկս իր մէջ թող վերյիշի նրանց՝ մարզիկներ, սկաուտներ, արւեստի սպասաւորներ թէ անխոնջ երէցներ՝ անուն առ անուն:
Մէկ րոպէ լռութեամբ յարգենք յիշատակը առյաւէտ հեռացած բոլոր ընկերների:
**
60-ամյակից սկսած, աւանդույթ է դարձել, կլոր ամեակները նշել նաև Միացեալ Նահանգներում և Հայաստանում, ուր հաւաքւած են բազմաթիւ արարատականներ:
Այս հաւաքները առիթ են, որ ուրախ մթնոլորտում միմեանց վայելելուց բացի, մեր երախտագիտութիւնն արտայայտենք այն Կազմակերպութեանը, որն իր յայտարարած նպատակի համաձայն կրթել ու դաստիարակել է մեզ:
Արարատ Կազմակերպութեան նպատակի մէջ կարդում ենք՝
«Առանց Հայ Դատի նպաստաւոր լուծման՝ այն է ՝ ողջ հայութեան ազատ անկախ և ամբողջական իր հայրենիքի մէջ համախմբւելու կարելիութեան, նրա բարգաւաճման և ինքնահաստատման ուղղութեամբ թափւող ջանքերը, մասնաւորապէս սփիւռքեան պայմաններում, իզօրու չեն ակնկալւած արդիւնքները ապահովել»: Ապա հաստատում է, որ պէտք է ՝ «զօրավիգ կանգնել Հայաստանի և Արցախի պետականութեանց ամրապնդման և հզօրացման գործին»:
Այսօր մեզանից իւրաքանչիւրը՝ ուր էլ որ լինի նա, կրողն է այս նպատակի և իր կարողութեան սահմաններում փորձում է արդարացնել այն:
Իսկ մեր սիրելի Կազմակերպութիւնը, իր անւան նման անփոփոխ նպատակով, մէջքը յենած Արագածին և հայեացքը ուղղած Արարատ լեռան գագաթին, շարունակում է իր երթը՝ կրթելով նոր սերունդներ, որոնք գալու են փոխարինելու աւագներին՝ շարունակելով նոյն ուղին:
Կեցցէ՝ Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւնը
Կեցցէ՝ Հայ ժողովուրդը