Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 27 Հոկտեմբեր 2013 14:53
Rate this item
(2 votes)


    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» քառաձայն երգչախումբը մաս կազմեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Կոմիտաս Վարդապետ»-ի համահայկական փառատօնին

 

    Ի հետևումն Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից յղւած հրաւէրի՝ «Արարատ» երգչախումբը 2013 թւի սեպտ.-ի 26-ից հոկտ.-ի 3-ը մասնակցեց մշակութային փառատօնին ՝ նւիրւած «Կոմիտաս Վարդապետին»:        

    Փառատօնի  նպատակն էր Հայ մշակոյթի պահպանումն ու զարգացումը որով կստեղծւի ազգային միասնութիւն ու կը սերմանւի սէր և փոխադարձ հանդուրժողականութիւն:

    2013 թւականի սեպտեմբերի 25-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» քառաձայն երգչախումբը, ղեկավարութեամբ օրդ. Արաքս Խաչատրեանի, «Արարատ» մարզաւանից ճանապարհւեց Երեւան, մասնակցելու համար «Կոմիտաս վարդապետ» փառատօնին։

    Խմբի պատասխանատուներն էին Արմինէ Ջորջեանը եւ Ինա Ասլանեանը։

    Սեպտեմբերի 26-ին, 26 ժամ տեւող ճամբորդութիւնից յետոյ խումբն հասաւ Երեւան եւ հաստատւեց «Նայիրի» հիւրանոցում։

    Տեղ հասնելուց ընդամէնը 2 ժամ յետոյ, խումբը մասնակցեց փառատօնի հանդիսաւոր բացման ելոյթին, «Առնօ Բաբաջանեան» սրահում։ Բացման առաջին կատարումը վստահւած էր «Արարատ» երգչախմբին, որը հակառակ գերյոգնածութեան, կարողացաւ պատւով հանդէս գալ։ Համերգից յետոյ, խմբի ղեկավարը եւ պատասխանատուները հրաւիրւեցին յաջորդ առաւօտեան ռադիոկայան, հաղորդագրութիւն ունենալու համար։

    Յաջորդ օրը, խումբը մասնակցեց Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի փոքր դահլիճում կայացած միջոցառման, որտեղ ներկայացւեց Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը, ապա տեղի ունեցաւ «Կոմիտաս վարդապետ» գրքոյկի եւ «Յաւերժի ճամբորդը» ձայնասկաւառակի շնորհանդէսը։

    Ծրագրի վերջում՝ երգչախումբը ելոյթ ունեցաւ, որը ընդառաջւեց ներկաների կողմից։

    Սեպտեմբերի 28-ին, Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի այգում, Կոմիտասի արձանի շրջակայքում, «Կոմիտասը եւ հայ մանուկները» խորագրով համերգ տեղի ունեցաւ։ Փակումը վստահւած էր «Արարատ» եգրչախմբին, որը յաջող ելոյթ ունեցաւ, իսկ վերջում միասնական երգչախմբերի ղեկավարութեան պատիւը տրւեց երգչախմբիս ղեկավար՝ օրդ. Արաքս Խաչատրեանին։

    Համերգի ընթացքում՝ երգչախմբիս մենակատար՝ Բեթինա Յովսէփեանը հանդէս եկաւ մեներգով, իսկ քիչ անց՝ Կոմիտաս վարդապետի յիշատակին իր հեղինակած բանաստեղծութեան արտասանութեամբ, որը մեծ ընդառաջում գտաւ հանդիսատեսի կողմից եւ արժանացաւ բուռն ծափողջոյնների։

    Սեպտեմբերի 29-ին, խումբը մեկնեց Էջմիածին, ուր մասնակցեց սուրբ Պատարագին, ապա ելոյթ ունեցաւ Վեհարանում, իսկ վերջում այցելեց Գէորգեան ճեմարան ուր եւ յաջողութամբ կատարեց հոգեւոր երգեր։

    Սեպտեմբերի 30-ին, փառատօնի ծրագրի շրջագծում, երգչախումբը այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, ուր ծաղիկներ տեղադրւեց նահատակների անմոռաց յիշատակի յուշարձանի առջեւ, հոգեյոյզ ապրումներով առլեցուն երգչախումբը՝ կատարեց «Սիրտ իմ սասանիր»-ը, որը վարակեց միւս այցելուներին նրանց եւս մղելով երգելու։

    Սեպտեմբերի 30-ի երեկոյեան երգչախմբի անդամները մասնակցեցին «Յակոբ Պարոնեան»-ի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացող Կոմիտասեան կատարումներ ճապոնական կօտօ նւագարանի ուղեկցութեամբ ելոյթին եւ «Կարօտի կռունկ» ներկայացման պրեմիերային։

    Հոկտեմբերի 1-ին, վաղ առաւօտեան՝ երգչախումբը փառատօնի ծրագրերի շրջագծում ճանապարհւեց դէպի Գիւմրի։

    Սկզբում՝ այցելեց Հառիճի վանք, ուր ապրել եւ սովորել էր Կոմիտաս վարդապետը, վանքում խումբը երգեց Տէր Ողորմիան, դարձեալ օրինակ հանդիսանալով միւս խմբերին:

    Հառիճի վանքից խումբը ճանապարհւեց դէպի Գիւմրի։

    Թիւ 21 դպրոցի սրահում երգչախումբը շատ յաջող կատարեց «Կալի երգը» եւ մեծ ընդառաջում գտաւ։

    Համերգից յետոյ խումբը հիւրասիրւեց Գիւմրիում, որտեղ ընկերական ջերմ մթնոլորտում, կենացներով եւ ճառերով ողողւած երեկոյի ընթացքում, տեղի ունեցան մեներգեր, խմբերգեր եւ ճառեր՝ աւելի մտերմացնելով սփիւռքի տարբեր գաղթօջախներից Հայաստան հասած խմբերին միմեանց հետ։

    Հոկտեմբերի 3-ի երեկոյեան ժամը 7-ին, «Արամ Խաչատրեան»-ի անւան համերգասրահում տեղի ունեցաւ փառատօնի հանդիսաւոր փակումը, շքահամերգը։

    Երգչախումբը փառատօնի կազմակերպիչների ցանկութեամբ՝ դարձեալ հանդէս եկաւ «Կալի երգ»-ով, որը մեծ ընդառաջում գտաւ հանդիսատեսի կողմից եւ արժանացաւ բուռն ծափողջոյնների ու քաջալերանքի։

    Համերգը փակւեց ներկայ խմբերի եւ Հայասատնի պետական ակադեմիական երգչախմբի միատեղ կատարումներով, որը ղեկավարում էր աշխարհահռչակ խմբավար մայեստրօ Չեքիջեանը։

    Ծրագրի վերջում՝ Հ.Հ.Սփիւռքի նախարարի ողջոյնի խօսքերից յետոյ, գնահատագրեր յանձնւեց մասնակից խմբերին, ընդորում՝ «Արարատ» երգչախումբը գնահատւեց «Հրաշալի երգչախումբ»։

 

    Հոկտեմբերի 3-ի կէսօրին, Սփիւռքի նախարարի հրաւէրով ներկայ գտնւեցինք Նախարարի գրասենեակում, մտերմիկ մթնոլորտում տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, տկն. Նախարարը բարձր գնահատեց «Արարատ» երգչախումբը եւ նրա ղեկավարին։ Հանդիպման վերջում՝ պատասխանատուի միջոցով տկն. Նախարարին յանձնւեց Կազմակերպութեան ուղերձը եւ յուշանւէրը, որ ուշագրաւ էր իր գեղեցկութեամբ, եւ յատուկ գրւած ու պատրաստւած էր նախարարութեան 5-ամեակի համար։ Տկն. նախարարը մեծ բաւականութեամբ ընդունեց ուղերձը եւ յուշանւէրը, եւ ասաց՝ «Արարատը մեզ շատ հարազատ է, եկէք գնանք մեր թանգարանը եւ ես ցոյց տամ ձեր միւս յուշանւէրները եւ այս մէկն էլ տեղադրեմ թանգարանում»։

    Իսկ փակման համերգից յետոյ, բեմի վրայ երբ կարկառուն գործիչները մեդալներ էին ստանում Սփիւռքի նախարարից, օրդ. Արաքս Խաչատրեանը արժանացաւ մայեստրօ Չեքիջեանի եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրեանի բարձր գնահատանքին ու ջերմ խօսքերին։

    Հոկտեմբերի 5-ին, մեծ տպաւորութիւններով, ընկերական թարմացած միասնականութեամբ եւ հայրենիքը թողնելու յուզմունքը սրտերում պահած, եւ նոր առաջարկութիւններով հարստացած՝ խումբը ուղեւորւեց դէպի Թեհրան եւ երկրորդ օրը կէսօրին հասաւ Մարզաւան։

    Ճամբորդութիւնը բազմանշանակ ծառայեց իր նպատակին։