Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբեր 2013 18:37
Rate this item
(1 Vote)

«Շանթ» ու «Շանթիկ» -ի 25 ամեակի առիթով.-

 

    Բեմադրիչ պրն. Ռուբէն Մկրտիչ Պետրոսեանը այն սակաւաթիւ արւեստագէտներից է, որ ահա 25 տարիներ շարունակ, առանց լուսանցքային խնդիրներ ստեղծելու, խոհեմ ու համեստաբար ղեկավարում է  Հ.Մ.Ա.Կ.-ի «Շանթ» եւ «Շանթիկ»  պատանեկան ու երիտասարդական թատերախմբերը։

 

    Նա իր ստուդիական – թատերական դասարաններում, ոչ միայն թատերասէր ու բեմական մարդիկ է պատրաստել, այլ հէնց նոյն դասարաններում դաստիարակչական աշխատանք է տարել բեմական եւ բարոյական սերունդներ հասարակութեան մէջ առաքելու համար։ Եւ այսօր նա իր կողքին ունի մեծ հարստութիւն՝ թատերասէր ու ընդունակ երիտասարդ ու պատանի դերասաններ, եւ հաւատարիմ ու աշխատանքին բարոյապէս աջակցող ծնողական մարմին։ Այս ներդաշնակ հաւաքականութիւնը չի առաջանում հէնց այսպէս....

    «Շանթ»  թատերախումբը  պատրաստւում էր իր հիմնադրման 25-ամեակին նւիրւած նոր կատակերգութեան՝ «Նախշուն Զոքանչներ» ի բեմադրութեան համար, որի տեկստը գրել է ինքը բեմադրիչ՝  պրն. Ռուբէն Մկրտիչ Պետրոսեանը, օգտւելով մի հայկական ժողովրդական առակից։ Նոյնը բեմադրւել է նաեւ շուրջ 12 տարի առաջ, սակայն այս անգամ բեմ է հանւում «Շանթ»  ընտանիքի նոր անդամների հետ, որոնք մանկութիւնից սերտել են թէ թատրոնը եւ թէ բեմադրիչ ղեկավարի կարգապահական օրէնքները, որը նաեւ դաստիարակչական է։

    Այցելում ենք վերջին փորձերից մէկին ու մօտկից տեսնում ենք տքնաջան բեմադրիչին, որ հակառակ իր առողջական վիճակին,  համբերատարութեամբ ու համեստութեամբ ցուցմունքներ է տալիս դերակատարներին, դիմայարդարին, բեմայարդարին, լոյսի եւ ձայնի պատասխանատուներին, աջակցող ծնողներին եւ այլնին, որոնք սրտակցութեամբ են աշխատում թատերախմբի եւ անձնազոհ բեմադրիչ՝ պրն. Ռուբէնի հետ։

    Մի անկիւնում զրուցում ենք նրա հետ եւ նկատում ենք, որ նա թատրոնից բացի, նաեւ առաքինի, պարտաճանաչ եւ յանձնառու երիտասարդ պատանիներ  պատրաստելու համար էլ է ջանք տանում։

«Կարեւոր է երեխաներին արժեւորել ու նրանց տեսակէտներն եւս յարգել, ու արդիւնքում նրանք եւս ենթարկւում են տրամաբանական կանոններին։ Ու այս էր պատճառը, որ ես 25 տարիներ շարունակ, առանց նոյնիսկ արձակուրդներից ու հանգստանալու առիթներից օգտւելու, առանց դադարի շարունակել եմ դասարանները երեխաների հետ։ (շեշտում է նաեւ՝ բացի վիրահատութեան  պատճառով հիւանդանուցում բուժւելու շրջանը)։

    ««Նախշուն Զոքանչներ»ը թէեւ նախապէս էլ բեմադրւել է մի այլ սերնդի միջոցով, սակայն մտածեցինք լաւ է, որ 25 ամեակը նշելու եւ տօնական բնոյթ տալու համար, ինչպէս նաեւ աշխատանքների շարունակականութիւնը դրսեւորելու համար լաւ է որ այս կատակերգութիւնը նորից բեմադրւի ուրիշ սերնդի դերակատարութեամբ, որոնք թատրոնի հետ ծանօթացել են հէնց այստեղ։

    «Այս թատերգութիւնը ունի ժողովրդական բնոյթ եւ նկատի ունենալով որ դասարաններում փոխադարձ հաղորդակցութիւն կայ ղեկավարի եւ անդամների միջեւ, սկզբնական շրջանից հետզհետէ ճոխացաւ նիւթը եւ խնդրոյ առարկայ զոքանչների թիւն էլ հասաւ 3-ի եւ որոնք մեր գաղութի տարբեր շրջանների ներկայացուցիչներն են եւ առանց վիրաւորելու բարբառներին ու զոքանչներին, երգիծանքի միջոցով զւարճալի քննարկում ենք կատարում բոլոր հասարակութիւններում էլ խնդրոյ առարկայ դարձած «Զոքանչների» եւ «Փեսաներ»ի երեւոյթին»։

    «Նախշուն Զոքանչներ»-ը «Շանթ» ու «Շանթիկ»  թատերախմբերի 25-ամեակի առիթով բեմադրւեցին չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 30, 31 եւ նոյեմբերի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Նոբահար կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, եւ կրկնւելու է յառաջիկայ հինգշաբթի եւ ուրբաթ՝ նոյեմբերի 7 եւ 8-ին։

    Առանձին առիթով նորից կանդրադառնանք «Նախշուն Զոքանչներ»–ին։

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային Կապ