Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 23 Հունվար 2014 10:01
Rate this item
(2 votes)

«Արւեստի դպրոց»-ից նոր լուր

 

    Ուրախութեամբ տեղեկացնում ենք որ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի  Արւեստից Միութեան  հրաւէրով Թեհրանում է գտնւում  Հայաստանի գեղագիտութեան ազգային կենտրոնի Կերպարւեստի և դեկորատիւ կիրառական Արւեստի ստուդիա-քոլէջում մանկավարժ Օր. Արմինէ Յովհանիսեանը:

           Նա աշխատելու է «Արւեստի դպրոցի» աշակերտների հետ խեցեգործութեան և նկարչութեան բնագաւառներում երեք շաբաթ տեւողութեամբ,  «Արարատ» մարզաւանում:    

           Սոյն աշխատանքի արդիւնքը և մինչ այս նկարչութեան ուսուցիչ Տկն. Արմինէ Վարդանեանի միջոցով կատարւած աշխատանքների լաւագոյն ընտրանին ցուցադրւելու է Մարզաւանի «Շահբազեան» սրահում:

          Ցուցահանդէսի բացումը  տեղի է ունենալու հինգշաբթի փետրւարի 6-ի երեկոյեան ժամը 18-21-ը և շարունակւելու է ուրբաթ ժամը 10:30-ից 19:00-ը :

Ցուցահանդէսի մուտքը ազատ է բոլորի համար:

Սիրելիներ Ձեր ներկայութիւնը  կը խրախուսի  մեր փոքրիկ արւեստագէտներին:

 

 

 

 

Արմինէ Յովհաննիսեան

 

Ծնւել է .1983թ.-ին, ապրում և ստեղծագործում է Երևանում, ՀՀ

 

www.armine.am

 

Արմինէ Յովհաննիսեանը 2004թ.-ին աւարտել է Երևանի Հայկական բաց համալսարանի Կերպարւեստի ֆակուլտետը: Սկսած 2003թ.-ից նա մասնակցել է տարբեր միջազգային և տեղային ցուցահանդէսների, սիմպոզիումների և աշխատանքային սեմինարների: Որոշ կարևորագոյն մասնակցութիւնները ներառում են`«Սոցիում, մարմին արւեստ» VII Այլընտրանքային արւեստի ամենամեայ փառատօն (2005,ՆՓԱԿ, Հայաստան), «Գենդերային անհանգստութիւն. Պլատֆորմներ» ցուցահանդէս և սեմինար (2008, 2009, համադրող` Ս.Գիւլամիրեան, կազմակերպւած ԱՄՈՒԼ-ի կողմից), Գիւմրիի միջազգային բիենալեներ (2004-2008, Հայաստան), «Սովետական ԱգիտԱրտ.վերականգնումներ» ցուցահանդէսը Ս.Բաղդասարեանի հետ համագործակցութեամբ (2008, համադրող`Բ.Մադրա, BM SUMA Ժամանակակից արւեստի կենտրոն, Ստամբուլ, Թուրքիա), «Manufacture» արւեստագէտների կացարան- նախագիծ (2007. Բիլգիի համալսարան, Թուրքիա), «Ճանապարհորդութիւն դէպի Արևելք» ցուցահանդէս (2011, համադրող` Մ. Շևչուկ, Վարշաւա, Բիալիստոկ, Լեհաստան), «Havav» նախագիծ (2011, կազմակերպիչներ` Ֆեթիէ Չեթին և Հրանտ Դինք հիմնադրամ, Թուրքիա) և «Քաղաքային երազներ» արւեստագէտների կացարան, ցուցահանդէս «HEICO» նախագծի շրջանակներում (2012, Art Today Association, Բուլգարիա և Արւեստի և մշակութային ուսումնասիրութիւնների լաբորատորիա, Հայաստան):

 

2007թ.-ին Արմինէն ստացել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի Երիտասարդական մրցանակ «Ֆիլմ և կերպարւեստ» բնագավառում:

 

Արմինէի աշխատանքները ներառում են տարբեր մեդիաներ`ինտերակտիւ ինստալացիա, նկարչութիւն, վիդէօ արւեստ  և լուսանկարչութիւն: Սովորաբար հիմնական աշխատանքային մեթոդը ստանում է համագործակցութեան ձև` լինի դա մէկ այլ արւեստագէտի հետ, թէ` ներգրաւածութիւն տարբեր սոցիալական շերտերում: Իր վերջին տարիների գործունէութեան ընթացքում նա քննում է այժմեան հասարակութեան կարծրատիպային պատմողականութիւնների և նորմերի կառուցւածքները ու Սովետական անցեալի հետ գործ ունեցող պատմական և մշակութային մնացորդները: Այս երկու հետաքրքրութիւններով ուղղորդւած` Արմինէն արւեստագիտական սուբվերսիւ ժեստերով հարցաքննում է դրանց ներկայացուցչականութեան մեխանիզմները: Որպէս վերջնական արդիւնք` նա յաճախ առաջարկում է մի փոխգործունէութիւն իրականութեան և յօրինւածքի միջև, ստեղծում նոր սահմաններ «տեսանելիի և անտեսանելիի» միջև` միևնոյն ժամանակ օգտագործելով նոյն նորմատիւ պատկերների, պատմութիւնների և ինքնութիւնների կողմից կիրառող գործիքները:

 

2003թ.-ից Արմինէն աշխատում է Գեղագիտութեան ազգային կենտրոնի Կերպարւեստի և Դեկ. Կիր. Արւեստի ստուդիա-քոլէջում որպէս մանկավարժ: Այս գործունէութիւնը ուղղորդել է նրան նախաձեռնել բազմաթիւ կրթական նախագծեր և մտորել մանկավարժութեան մեթոդների շուրջ: Այս փորձառութիւնից ելնելով` 2005թ. նա հրաւիրւած էր Լիբանան ղեկավարելու աշխատանքային սեմինար «Sarafand» վերականգնողական կենտրոնում: «Ճանապարհորդութիւն դէպի Արևելք» ցուցահանդէսի շրջանակներում կազմակերպել է աշխատանքային սեմինարների շարք երեխաների համար (2011, Վարշաւա, Բիալիստոկ, Լեհաստան):