Print this page

Պատմական

Rate this item
(2 votes)

ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

 

   Երկրորդ Համաշխարհային պատերազմի  ընթացքում, իրանահայ մշակութային կեանքը նոր թափ ստացաւ:
Վերաբացւեցին ազգային դպրոցները: Նոր ազգային դպրոցներ հիմնւեցին: Դասախօսական երեկոյթներ սկսեցին կազմակերպւել: Նոր հրատարակւած գրքեր հրապարակ իջան եւ այլն...

   Այդ ընդհանուր վերակենդանութեան հետ միասին, հիմնւեցին նաեւ միութիւններ՝ ընդհանրապէս մշակութային աշխատանքների ծրագրերով,  որոնցից կարելի է թւել «Բժշկական եւ Ատամնաբուժական Համալսարանի, Հայ Ուսանողների Միութիւնը», «Թեհրանի Համալսարանի Ճարտարապետական Մասնաճիւղի Հայ Ուսանողների  Միութիւնը»,   «Հայ Կին» Միութիւնը եւ աւելի ուշ  «Միտք եւ Արւեստ»  միութիւնը:

   Այս շարժումը իր արձագանգը գտաւ նաեւ պատանեկութեան մէջ, որի շնորհիւ էլ հիմնւեցին «Լոյս եւ Միտք», «Արշալոյս», «Րաֆֆի», «Շանթ» եւ «Կայծ» միութիւնները, ամէն մէկը 10-40 անդամներով:

   Սկզբում այդ միութիւնների աշխատանքները ներքին բնոյթ ունէին: Հաւաքւում էին անդամների տներում եւ դասախօսութիւն, վիճաբանութիւն կամ ընթերցումներ էին ունենում: Սակայն այս կարգի աշխատանքները չբաւարարեց պատանեկութեանը: Նրանք այժմ պահանջ էին զգում հասարակական տարողութեամբ ձեռնարկներով հրապարակ իջնելու, իսկ միութիւնների հնարաւորութիւնները համապատասխան չէին այդ պահանջի հետ: Մէկ երկու կատարւած փորձերը ապացուցել էին, որ միութիւնները առանձին-առանձին, չունէին նման ձեռնարկներ ունենալու անհրաժեշտ նիւթական ու մարդուժի տարողութիւնը:

   Եւ այսպիսով կարիքն զգացւեց պատանեկան միութիւնները միացնելու, յատկապէս որ ուսանողական միութիւնների միացումը արդիւնաւորւել էր, ստեղծելով՝ «Հայ Համալսարանականների Ընդհանուր  Միութիւն»-ը:

   Պատանեկան Միութիւնների  միացումը կատարւեց 1944 թւի Յուլիս 4-ին, «Մեհր» դպրոցի սրահում գումարւած ընդհանուր ժողովում: Նոր միութիւնը կոչւեց՝  Հայ Պատանեկան Մշակութային Միութիւն: Միութիւնը իր հիմնադրութեան օրերին ունէր  122 անդամ-ուհիներ։

   Իր հիմնադրման առաջին օրերին, միութիւնը  վարձեց մէկ գրասենեակ՝ Հաֆեզ պողոտայի վրայ, ուր հնարաւոր էր միայն վարչական եւ բաժանմունքների ղեկավար մարմինների ժողովները գումարել եւ  պահել միութեան  թղթածրարները: Իսկ միութենական հաւաքումների համար, օգտագործւեց «Մեհր», ապա «Սան Լուի» դպրոցների սրահները, որոնցից շաբաթական մէկ անգամ օգտւելու արտօնութիւն ստացւեց:

   Այսպիսով Հ. Պ. Մ. Միութիւնը սկսեց իր գործունէութիւնը: Միութեան մէջ կազմւեց 4 բաժանմունք՝ Երաժշտական, Թատերական, Մարզական եւ Գրական, ինչպէս նաեւ մէկ նոր միաւոր, մանկահասակների համար, «Օժանդակ» անունով:

   Ամէն բաժանմունք իր առանձին աշխատանքները ծրագրեց եւ  սկսեց գործադրել: Նախ որպէս ներքին ձեռնարկներ՝ միութենականների համար, ապա արտաքին՝ հասարակութեան համար:
Սկզբում փորձերն ու աշխատանքները կատարւում էին անդամների բնակարաններում, որը մեծ դժւարութիւն էր ստեղծում:

   Հազիւ 2 ամիս անց, միութիւնը վարձեց երեք սենեակից բաղկացած մէկ յարկաբաժին՝ Ղաւամ Սալթանէ (այժմ Սիյէ Թիր) պողոտայում, որպէս միութեան կենտրոնատեղի, որը վերացրեց նաեւ վերը յիշւած դժւարութիւնը:

   Թեհրանահայութիւնը երկար տարիներ զրկւած լինելով մշակութային ձեռնարկներից, խանդավառութեամբ էր արձագանգում միութեանս աշխատանքներին: Այսպիսով աճում էր  միութեան անդամների թիւը. յաճախադէպ էր դառնում միութեան ձեռնարկները եւ որ կարեւորն է, ձեռնարկները ունենում էին լեցուն սրահներ եւ կրկնւում էին յաճախ:
   Այս վերելքի պատճառով, այլեւս նեղ էին դառնում միութեան կենտրոնատեղիի ընձեռած հնարաւորութիւնները:
   Այդ պատճառով 1945 թւականի դեկտ.  7-ին կայացած խորհրդակցական ժողովը, որին մասնակցում էին միութեան  անդամ-ուհիների ծնողները, կեանքի կոչեց մի գործադիր յանձնախումբ, որ անմիջապէս գործի անցնելով  հանգանակեց շուրջ 50,000 ռիալ, որով հնարաւոր դարձաւ 1946 թւականի յունւարին վարձել իտալական նախկին ակումբի շէնքը:
Այդ կենտրոնատեղին կոչւեց «Մշակոյթի տուն»: Միութեան Մշակոյթի   տունը հանդիսաւորապէս բացւեց 1946 թւականի մարտի 15-ին: 
   Մինչ  այդ,  միութեան ընդ. ժողովը, որ գումարւեց 1946 թւականի մարտի 11-ին նկատի առնելով անդամների  յառաջացած տարիքը միութեան անունը փոփոխելով՝ դարձրեց «Հայ Երիտասարդական Մշակութային Միութիւն»: Փոխելով հանդերձ միութեան անունը, միութիւնը միշտ մնաց պատանիների դաստիարակութեան համար աշխատող մէկ միաւոր, որի անդամների մեծամասնութիւնը մինչեւ օրս էլ կազմել է պատանեկան հատւածը, սկզբում որպէս  օժանդակ բաժին, հետագայում, 1951 թւականից ի վեր որպէս սկաուտական կազմակերպութիւն:
   Միութեան հիմնադրման օրերի ոգեւորութիւնը  երեքից չորս տարի տեւեց եւ իր գագաթնակէտին հասաւ 1947 թւականին: Որից յետոյ  մէկ ընդհանուր տեղատւութիւն ապրեց թեհրանահայ մշակութային կեանքը ընդհանրապէս, որի մէջ նաեւ  Հ. Ե. Մ. Միութիւնը: Այդ   ընդհանուր տեղատւութեան պատճառները հետեւեալն է.-
   Նախ մշակութային ձեռնարկների  յաճախադէպ կրկնութիւնը պատճառ դարձաւ, որ նրանք հասարակութեան համար սովորական երեւոյթ դառնան, որով այլեւս հասարակութիւնը նախկինի պէս չէր ընդառաջում ձեռնարկներին: Այս վիճակը շեշտւում էր նաեւ Իրանի յետպատերազմեան շրջանի տնտեսական անկումով, որը աւելի ուժեղացաւ 50-ական թւականներին:
   Հինգամեակի տօնակատարութիւնն ու նրա հետ կապւած աշխատանքները, որոշ վերելքի պատճառ դարձան միութեան կեանքում, բայց ընդհանուր տեղատւութիւնը աստիճանաբար  դանդաղեցրեց միութեան գործունէութիւնը:
   Այս տեղատւութիւնը յատուկ  չէր Հ. Ե. Մ. Միութեան,  Թեհրանի միւս միութիւնները եւս ապրում էին նոյն շրջանը:  Անցեալի խանդավառութեան մէջ ստեղծւած «Միտք եւ Արւեստ», «Հայրենիք» եւ ՙԻրանահայ  Երիտասարդական «Միութիւնները եւս» Հ.Ե.Մ.Մ.-ի պէս, կամ դեռ աւելիով ամլութեան շրջան էին ապրում:
   Մտածւեց մշակութային ու միութենական կեանքին նոր թափ տալու նպատակով միացնել չորս վերոյիշեալ միութիւնները:
   Ամիսների բանակցութիւններից  յետոյ, միութիւնն իրականացաւ 1950 թւականի աշնանը եւ միացեալ միութեան անունը որոշւեց՝ «Հայ Մշակութային Արարատ Միութիւն»:
   Սակայն այս միացումը ոչ միայն օգտակար չեղաւ, այլ նոյնիսկ չկարողացաւ կասեցնել Միութեան աստիճանական վայրէջքը: Փաստօրէն միութեան անդամների թիւը, միութիւնների միացումից յետոյ էլ ունեցաւ նախորդ տարիների նւազումը, նոյնիսկ միայն Հ. Ե. Մ. Մ.-ի անդամների թւի համեմատութեամբ: Աշխատանքների դանդաղումը շարունակւեց մինչեւ 1953 թւականը, երբ Միութեան օրւայ վարչութիւնը նոր կենդանութիւն եւ շարժում ստեղծելու համար, փոխեց միութեան կենտրոնատեղին, եւ նիւթական ծանր յանձնառութեան գնով վարձւեց միութեան երրորդ կենտրոնատեղին, որը մեծ նորոգութիւններից յետոյ, յարմարեցւեց միութեան պահանջների հետ: Նորոգութիւնները վերջացել էր արդէն եւ Միութեան տասնամեակի տօնակատարութեան հետ միասին, պիտի տեղի ունենար նաեւ Կենտրոնատեղիի բացման հանդէսը,  երբ դժբախտ պատահարի բերումով հրդեհւեց սրահը:
   Ծրագրւած հանդէսը սակայն տեղի ունեցաւ «Սինեմայ Դիանա»-ի սրահում եւ կենտրոնատեղին վերակառուցւեց 2-րդ անգամ:
Այդ աշխատանքը պահանջեց 5,000,000 ռիալ եւ վերջացաւ 1953 թւականի տարեվերջին: 1953 թւի դեկտ. 6-ին կատարւեց կենտրոնատեղիի պաշտօնական բացումը:

   Եւ վերջապէս 1947-ից սկսած ներգաղթը, ժողովրդի ուշադրութիւնը իրաւամբ կենտրոնացրեց իր վրայ եւ հայրենաբաղձական խանդավառութիւնը, փոխարինեց   արդէն իսկ  վայրէջք ապրող մշակութային խանդավառութեան:
   Անհրաժեշտ ենք նկատում յիշատակել,  որ ներգաղթի ստեղծած այդ խանդավառութիւնը, իր անդրադարձն ունեցաւ նաեւ միութեան մէջ, որի հետեւանքով, յուզումնալից ընդհանուր ժողովներում, եղան խմբական հրաժարումներ եւ տարակարծութիւններ, ներգաղթի ձեւի եւ բնոյթի շուրջ:
   Սակայն այդ դժւարութիւնները ճակատագրական դեր չունեցան միութեան կեանքում: Ճիշտ է միութիւնն ունեցաւ անդամների թւի նւազում, բայց եւ լարեց իր ուժերը եւ 1949 թւականին, մեծ շուքով տօնեց միութեան գործունէութեան հինգ-ամեակը:
 
   Իսկ այսօր,  երբ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը, արդէն անցկացնելով իր   փառապանծ 69 ամեակը, թեւակոխում է իր ազգանւէր ծառայութեան ու գործունէութեան 70–րդ տարին, աւելի հաստատ ու ամրակուռ, աւելի վճռակամ ու գօտեպնդւած՝ քայլում է այն ճանապարհից, որի սկզբնական շառաւիղներն ու ուղեգիծը գծագրեցին  յանձնառութեան զգացողութեամբ տոգորւած երիտասարդ մտաւորականութիւնը՝ 1944 թւականին։ 
   Փառք նրանց նախագծած ուղուն։ Յարգանք դրա ծառայութեան լծւած ուղեւորներին։