Հրատարակութիւն

PDF

Իմ Արամը

Rate this item
(0 votes)

Իմ Արամը

 

Շատ առումներով ուրիշներից տարբերւում էր Արամը։ Մենք առաջին անգամ հանդիպեցինք վաղուց, շա՜տ վաղուց։ Ինքը 10-11 տարեկան էր, ես՝ 14-15։ Երկուսս էլ Թեհրանի Հայ մշակութային Արարատ կազմակերպութեան Սկաուտական միութեան անդամներ էինք, որը մեր ու էլի շատ ուրիշների կեանքում, մանաւանդ՝ որպէս մարդ ձևաւորւելու գործում, անգնահատելի դեր ունեցաւ։

 

Ես արդէն մէկուկէս-երկու տարւայ անցեալ ունեցող սկաուտ էի, ինքը, սկաուտ դառնալու տարիքին հասած լինելով, եօթ-ութ տարեկիցների հետ միասին «Գայլիկների վոհմակ» կոչւող կրտսեր սկաուտների շարքերից փոխանցւել էր սկաուտների մեր խումբը։ Մեր խմբապետի որոշումով նրանցից կազմւեց մի առանձին, նոր խմբակ, ու ես նշանակւեցի՝ սկզբում խմբակի պատասխանատուի օգնական, ապա պատասխանատու։ Ու այսպէս, մէկս միւսի կեանքում տեղ գտաւ։

 

Դեռ այդ տարիքից հանդարտաբարոյ էր, խելացի, կարգապահ, լաւ պահւածքի տէր։ Մէկ անգամ ընդմիշտ սիրեցի իրեն ու հոգեպէս ամուր կապւեցի իրեն։ Թէև կեանքի այդ տարիների համար մեր տարիքային տարբերութիւնը մեծ էր, բայց ժամանակի ընթացքում մեր յարաբերութիւնները պաշտօնականից հետզհետէ ընկերականի վերածւեցին։

 

Սկաուտական միութեան մէջ՝ դեռահասներին իրենց ունակութիւնները դրսևորելու հնարաւորութիւն ընձեռող այդ առողջ միջավայրում, Արամն ի յայտ բերեց կազմակերպչական ձիրք ու ղեկավարման շնորք, ինչով հետագայում միշտ էլ աչքի ընկաւ։ Մի քանի տարի յետոյ, երբ երաժշտական ուսում առնելու նպատակով Ամերիկա էր մեկնում, Սկաուտական միութեան մէջ նա արդէն սկաուտական խմբի ղեկավար էր։

 

Ես իրենից երկու տարի առաջ էի ուսումնառութեան նպատակով Անգլիա մեկնել։ Մօտ հինգ տարի իրար չէինք հանդիպել։ 1976 թւականի ամռանը երկուսս էլ Թեհրանում էինք: Հանդիպեցինք տարբեր առիթներով ու շատ անգամներ, ընկերական համախմբումներում ու երկուսով առանձին։

 

Այդ անգամ իրենց տանն էինք։ Շէնքի երկրորդ յարկում գտնւող իր հօրաքրոջ յարկաբաժնին կից իր առանձնասենեակում։ Խանդավառութեամբ ինձ պատմում էր երաժշտութեան մասին։ Փորձում էր իր աշխարհը բացել նաև իմ առաջ։ Նւագարկիչով հնչեցրեց Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան՝ «Պաթետիկը», և մեկնաբանեց այն։ Ու յաջողեց ինձ գերել ու իր աշխարհը մտցնել։ Դասական երաժշտութեան հանդէպ իմ սէրը, աւելի ճիշտ, իմ մէջ այդ սիրոյ արթնացումը ես պարտական եմ իմ Արամին։

 

Այդ ամռանը Արարատ կազմակերպութեան Արւեստից միութեան «Թիւ երկու» թատերախումբը պատրաստւում էր բեմադրել Հ. Վարդանեանի «Կիբոսա» թատերգութիւնը։ Արամին առաջարկել էին բեմադրութեան համար յատուկ երաժշտութիւն յօրինել, ու նա ընդունել էր։ Ես սկզբից այդ մասին չգիտէի, յետոյ իմացայ։

 

Միասին ճամբորդում էինք։ Իր ծնողներն այդ օրերին հանգստի համար Կասպից լճի հարաւային ափեզրի Դարեաքենար կոչւող հանգստեան գոտու իրենց առանձնատանն էին գտնւում։ Երկու օրով նրանց մօտ էինք գնում։ Ինքնաշարժն ինքն էր վարում։ Ճամփին ծարաւներս հագեցնելու և մի քիչ հանգստանալու համար ինչ-որ սննդավաճառի մօտ կանգ առանք։ Երկուսս էլ ինքնաշարժից դուրս եկանք, մի քիչ խօսեցինք, ու յետոյ մի քանի րոպէ լռութիւն տիրեց։ Յետոյ ինչ-որ բաներ քթի տակ հմհմացրեց և ինձ դառնալով ու ցուցամատը օդում ճօճելով՝ բացականչեց «գտա՛յ»։ Կիբոսայի երաժշտութեան մեղեդիներից մէկն էր գլխում հասունացրել։

 

«Կիբոսայի» բեմադրութեան ժամանակ ոչ մէկս Թեհրանում չէինք։ Հետագայում նւագարանների փոքր համոյթով կատարւած իր այդ ստեղծագործութեան ձայնագրութեան կրիչն ինձ տւեց։ Երևի դա պատւէրով յօրինւած իր առաջին ստեղծագործութիւնն էր։ Շատ անգամներ եմ լսել վեց-եօթ առանձին մասերից բաղկացած այդ ստեղծագործութիւնն ու ամէն անգամ միևնոյն բանի վրայ եմ զարմացել՝ ժամանակի ինչպիսի՜ շունչ ու դրամատիզմ կա այդ ստեղծագործութեան մէջ, նւագարանների ինչպիսի՜ խելամիտ ընտրութիւն...

 

Նոյն ամռանը յարմարւեց, և ես ու ինքը վեց ուրիշ ընկերների հետ Իրանի հիւսիս-արևմտեան ծայրամասում գտնւող Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքն այցելեցինք։ Կարճ, ընդամենը 3 րոպէ տևող շարժանկար ունեմ այդտեղ նկարահանւած պահերից։ Արամն այդտեղ էլ, նկարահանումից անտեղեակ, ինչ-որ բաներ է հմհմացնում։ Չեմ կասկածում, որ իր գլխում բիւրեղացող «Կիբոսայի» մի հատւածն է...

 

Յետոյ, որքան յիշում եմ, մի ամռան էլ Իրանում հանդիպեցինք ու այնուհետ երկար ժամանակ միմեանցից կտրւեցինք։

 

Մանկութեան, պատանեկութեան տարիներում ձևաւորւած ընկերութիւնների մէջ կախարդական, անհասկանալի, բայց գեղեցիկ մի բան կայ, որ ուրիշ ծանօթութիւնների ու կապակցութիւնների դէպքում չի լինում։ Որքան ժամանակ էլ որ այդ տարիների ընկերներիդ չես հանդիպում, մի տարի, հինգ տարի, տասը տարի, քսան տարի յետոյ էլ հանդիպելիս կարծես ժամանակն այդքան տարի մի տեսակ կանգնած է եղել։ Այսօրւայ ու տարիներ առաջ տեղի ունեցած վերջին հանդիպման միջև անցած-գնացած ոչինչ չկայ։ Մանկական ու պատանեկան անեղծ զգացումներով միմեանց կապւած նոյն մարդիկ, հոգեպարար նոյն ընկերութիւնը, որ յաճախ աւելի խոր է ու աւելի սերտ, քան հետագայում ձևաւորւած «նոր» ընկերութիւնները։

 

Յաջորդ հանդիպումը տեղի ունեցաւ Հայաստանում, որտեղ արդէն մի քանի տարի էր, որ ես հաստատւել էի։ 1994 թւականն էր։ Առաջին անգամւայ համար եկել էր ղեկավարելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախումբը։ Մինչև ելոյթը միմեանց չէինք հանդիպել։ Համերգի աւարտից յետոյ, իրեն հանդիպելու նպատակով համերգասրահի կողքում գտնւող սենեակն անցայ: Շատ մարդ կար։ Շատերն էին եկել իրենց գոհութիւնն ու հիացմունքն արտայայտելու։ Որոշեցի սպասել։ Իրենից քիչ հեռու կանգնած կարօտով դիտում էի նրան։ Իմ Արամն էր. բարեհամբոյր, արժանապատիւ, սիրելի-սիրելի՜։

 

Իր հետ ու իր ներկայութեամբ եղած ու անցած կեանքիս դրւագները, մե՛ր՝ իմ ու իր կեանքի դրւագները, շարժանկարի պէս աչքերիս առջևով անցան, ու երբ ամենավերջին երկու-երեք անձինք էին իրենց սրտի խօսքն ասում, ես մօտեցայ։ Ինձ տեսաւ ու քարացաւ։ Արցունքները խեղդում էին ինձ։ «Արամ...», և ուրիշ ոչ մի խօսք արտաբերել չկարողացայ։ «Նորիկ»,- իրեն յատուկ շեշտադրումով բացականչեց նա, և ուրիշ ոչ մի խօսք... Գգւանքով գրկախառնւեցինք։ Արցունքները երբեմն աւելին են ասում, քան բառերը։

 

Յետոյ, երբ արդէն Հայաստանում հանգրւանեց, շատ անգամներ իրար հանդիպեցինք։ Մեր իւրաքանչիւր հանդիպումը վայելք էր ինձ համար, ուզում եմ կարծել՝ նաև իր համար։ Ամէն ինչի մասին զրուցում էինք՝ անցեալի, ներկայի, ապագայի, յատկապէս՝ իր աշխատանքի ու ծրագրերի մասին։ Երկուսս էլ խանդավառ էինք Հայաստանի անկախութեամբ, որի երազը փայփայողներից էինք։ Դեռ վաղուց երդւել էինք «հաւատարիմ մնալ Աստծուս, ազգիս և հայրենիքիս...»։ Մեր պատւով էինք երդւել։ Ես վկաներից մէկն եմ, որ մինչև վերջ տէրը մնաց իր երդման։

 

Խոր ցաւ եմ ապրում այն բանի համար, որ իր ազգին ու հայրենիքին անմնացորդ նւիրւած արժանաւոր այս հայը, գերազանցապէս բարոյական ու ազնիւ այս մարդը, շնորհալի արւեստագէտը, իմ Արամը, Հայաստանում իր ազգին ծառայելու, նրա հոգևոր վերելքի ճամբին իր լուման ներդնելու գործում աւելին անելու հնարաւորութիւնը չունեցաւ։ Փոքրոգի մարդիկ նենգ արարքներով իր մեծ հոգին խռովքի մատնեցին։ Խարդաւանքներին դէմ-հանդիման նա մնաց ներողութեան իր բարձունքներում, ինքն իրեն հաւատարիմ. մաքուր, վսեմ, արժանապատիւ։

 

Կեանքի հեգնանք էր, որ նա իր ստեղծագործական կեանքը շարունակելու համար վերահաստատւեց Ամերիկայում, թեկուզև ժամանակաւորապէս։ Ինքը տուժեց այնքանով, որ նիւթեղէն հայրենիքի տևական ներշնչանքից զրկւեց։ Մնաց հոգևոր հայրենիքը, որ միշտ էլ իր հետ էր եղել։ Իսկ մե՞նք։ Մենք շատ տուժեցինք։ Զրկւեցինք արւեստի ճամբով ներշնչանքի իր բաշխումից։ Գեղեցիկն ու կատարեալն ըմբոշխնելու վայելքից, որ իր համար նոյնանիշ էին։

 

Որպէս ստեղծագործող, արարող մարդ՝ հիմա նա չկայ։ Իր նւաճած իմացական ու մասնագիտական բարձունքից իր գործով ու արւեստով ուրիշներին բարձրացնելու անհոգնում մղումն ու սէրն այլևս թանձրացեալ մարմին չունի։ Այս փաստի հետ հաշտւելը ծանր է, շա՜տ ծանր։ Մենք աղքատացանք։

 

Բայց կայ մխիթարանք՝ կեանքի ընթացքում այն ամէնն, ինչ նա մեզ տւեց, մեզ նւիրեց, մնաց մեզ, կմնայ՛ մերը. անկորչելի, որքան որ ապրենք։ Իրմով մենք հարստացանք։

 

Ազնիւ, գաղափարական մարդու հմայիչ իր կերպարով, կեանքն արժեցնելու վարակիչ իր օրինակով նա մնայուն տեղ գրաւեց իմ և իրեն ճանաչողներից շատերի ներաշխարհում, որտեղ կապրի քանի դեռ կանք. աննման Արամը, ի՛մ Արամը։

 

«Հայելի»