Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 09 Փետրվար 2014 11:36
Rate this item
(1 Vote)

 

 

 

Նկարչութեան եւ խեցեգործութեան ցուցահանդէս՝

«Արւեստի դպրոց»-ի աշակերտների աշխատանքներից

 

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի նախաձեռնութեամբ, թւականիս փետրւարի 6-ին և 7-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ «Նկարչութեան եւ խեցեգործութեան ցուցահանդէս»: Ծրագրին ներկայ էին կազմակերպութեան փոքրիկ արւեստասէրները, իրենց թանկագին ծնողների և բարեկամների ընկերակցութեամբ, որոնք իրենց զաւակների արւեստով հիացած, նկարահանում, գնահատում ու խրախուսական խօսքեր էին փոխանցում թէ՛ ուսուցիչներին և թէ՛ կազմակերպիչ յանձնախմբին, որոնց ամիսների և յատկապէս վերջին շաբաթւայ աշխատանքի արդիւնքն էր ցուցադրւած: Մթնոլորտը ջերմ էր և ուրախ: Ցուցահանդէսի բացմանը, Արւեստից միութեան խօսքը արտայայտեց Մեղեդի Նազարեանը: Նա իր խօսքում նշեց՝ «Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութիւնը, լինելով համայնքիս մշակոյթի եւ արւեստի զարգացման հիմնական օրրանը, 2011 թւականի նոյեմբերին հիմնադրեց մանկական «Արւեստի դպրոց»-ը: Դպրոցի դասարանները կայանում է շաբաթական մէկ պահ, հինգ դասարաններով՝ պար, թատրոն, նկարչութիւն - խեցեգործութիւն, երգ եւ ժուռնալիստիկա՝ 5-ից 7, 8-ից 10 և 11-ից 13 տարեկան երկսեռ երեխաների համար»: Նա աւելացրեց. «Անցեալ երկու տարիների ընթացքում դպրոցի սաները իրենց մասնակցութիւնն են ունեցել Արւեստից միութեան ծրագրերից մի քանիսին, այդ շարանում՝ թատրոնի դասարանների ուսուցիչ՝ Սեդրակ Գոջամանեանի բեմադրութեամբ 2013 թւականին ներկայացւեց «Մկստան» մանկական թատրոնը, որին մաս էին կազմում դպրոցի համարեա բոլոր սաները, պարի դասարանների աշակերտները, ղեկավարութեամբ օրդ. Լինետ Սարգսեանի յաջողեցին 2012 թւականից  սկսեալ միանալ «Արարատ պարի դպրոցի» 4-րդ խմբին և տարեկան ելոյթին բեմ դուրս եկան երկու համարներով: Նաեւ ներկայ ցուցահանդէսի բացմանը առաջին անգամւայ համար բեմ է դուրս գալիս դպրոցի երգչախումբը՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ»:

Ցուցահանդէսում ցուցադրւում էին նկարչութեան եւ խեցեգործութեան դասարանների սաների նկարչութիւնները, որը իրենց տարեկան աշխատանքն էր, տարբեր թեմաներով՝ «Ես իմ քաղաքում», «Գունաւոր աշխարհ», «Իմ ուսուցիչը», «Հայկական բնաշխարհից ծնւած ոգին», «Առասպելական կերպարներ» եւ այլն: Խեցեգործութիւնները, Հայաստանից ժամանած արւեստագէտ-մանկավարժ՝ Արմինէ Յովհաննիսեանի երկշաբաթեայ դասարանների արդիւնքն էր: Աշակերտների միջոցով պատրաստւած շարժւող տիկնիկները շատ հետաքրքրաշարժ տեսարան էին ստեղծել  բեմի վարագոյրից կախւած: 2014 թւականի յունւարին, նկարչութեան եւ խեցեգործութեան դասարանների ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանի առաջարկով, Հայաստանի Հանրապետութեան Գեղագիտական Ազգային Կենտրոնից հրաւիրւեց Արմինէ Յովհաննիսեանը:

Օրւայ առիթով խօսեցին նաև ուսուցիչներ՝ Արմինէ Վարդանեանը եւ Արմինէ Յովհաննիսեանը: Նկարչութեան ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանը կարեւորեց ղեկավար յանձնախմբի ջանքերը «Արւեստի դպրոց»-ի հիմնադրման գործում: Նաեւ նշեց, որ այս երկու տարում ակնյայտ է մասնակցող փոքրիկների մտային աճը: Նա աւելացրեց՝ «Արւեստը այն կարեւոր բաժինն է կեանքում, որը մեզ օգնում է զարգացնել մեր աշխարհաընկալումը, իսկ մշակոյթը գոյն է տալիս ազգերի տարբերութիւներին եւ օգնում երկխօսութեան մտնել այլ ազգերի հետ՝ իւրաքանչիւրը իր բաժինը ներկայացնելով»:

Իսկ Արմինէ Յովհաննիսեանը շնորհակալական խօսք ուղղեց «Արարատ» կազմակերպութեանը, իրեն հիւրընկալելու համար, նաեւ յատուկ շնորհակալութիւն յայտնեց Լիդա Վարդանեանին, Հայաստանում Գեղագիտական Ազգային Կենտրոնի (Գ.Ա.Կ.) եւ «Արարատ» կազմակերպութեան «Արւեստի դպրոց»-ի միջեւ կամուրջ հանդիսանալու առթիւ:

Փոխանցւեց, որ Գ.Ա.Կ.-ում արդէն չորս տարի է, որ տեղի է ունենում «Միջազգային Համահայկական փառատօն», որտեղ մասնակցում են աշխարհի բոլոր հայ մանուկները իրենց ստեղծագործութիւններով: Այս տարի փառատօնին մասնակցել են շուրջ 800 հոգի: Թեհրանից յատկապէս «Արարատ»-ը իր մասնակցութիւնն է բերել եւ շահել է մրցանակներ:

Արմինէ Յովհաննիսեանի կարծիքով «Արւեստի դպրոց»-ի աշակերտները, ապագայում ինչ մասնագիտութիւն էլ ունենան, լաւագոյնն են լինելու, որովհետեւ իրենց մանկուց առիթ է տրւել ստանալ գեղագիտական կրթութիւն, քանի որ այդ դէպքում է, որ իրենց աշխարահայեացքը տարբերւում է: Վերջում նա շնորհաւորելով «Արարատ»-ի 70 ամեակը, մաղթեց եւս 700 տարի այս յարկի տակ, միշտ մնայ արւեստի ոգին:

Այնուհետև Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Համլետ Խալոյեանը Կազմակերպութեան անունից շնորհաւորեց երեխաներին, այս գեղեցիկ ստեղծագործութիւնների համար եւ յատուկ շնորհաւորանք փոխանցեց ուսուցիչներին, որը ոչ մի ջանք չեն խնայել երեխաներին արւեստի ասպարէզում զարգացնելու ուղղութեամբ: Նա աւելացրեց՝ «Յոյսով եմ Կազմակերպութեան եւ սիրելի ծնողների օժանդակութեամբ պիտի կարողանանք յարատեւ շարունակել այս ընթացքը՝ յանուն մեր երեխաներին, յանուն մեր ազգին եւ բնականաբար յանուն մեր նպատակներին»:

Գնահատականներ տրւեց բոլոր այն աշակերտներին, որոնք մասնակցել են «Արւեստի դպրոց»-ին:

Վերջում Լիդա Վարդանեանը ուրախութեամբ յայտնեց, որ այս տարւայ փառատօնին մասնակիցներից երեքի աշխատանքները ընտրւել են թանգարանում ցուցադրւելու համար, որոնցից մէկը յաջողել է ստանալ խրախուսական գնահատական ժուռի կազմի կողմից: Նշելի է փառատօնի կողմից հրատարակւած պատկերագրքում, սոյն երեք աշակերտների աշխատանքները տպագրւած են: Արմինէ Յովհաննիսեանի միջոցով յիշեալ պատկերագրքերը և համապատասխան գնահատականները փոխանցւեց շահող աշակերտներին ու նաև նոյն կենտրոնի կողմից Լեւոն Իգիթեանը, որպէս նւէր կազմակերպութեան յանձնեց «Ջաջուռեցի Մինասը», «Յովհաննէս Թումանեան – հեքիաթներ», «Եղիցի լոյս», «Յովհաննէս Թումանեան – Սասունցի Դաւիթ (էպոս)» և «Աստւածաշունչ մանուկների համար» գրքերը:

Կենտրոնական վարչութեան կողմից յուշանւէր էր պատրաստւել, որը յանձնւեց Արմինէ Յովհաննիսեանին փոխանցելու տնօրէնութեանը:

Ցուցահանդէսը փակւեց հիւրասիութեամբ: