Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 17 Փետրվար 2014 11:06
Rate this item
(2 votes)

ՓԱՌԱՏՕՆԸ  ՄԵԿՆԱՐԿՒԵՑ

 

Երէկ կիրակի փետրւարի 16-ին, երեկոյեան ժամը 18:30-ին «ՎԱՀԴԱԹ» համալիրի «ՌՈՒԴԱՔԻ» դահլիճում, Իրանի 29-րդ երաժշտական Ֆաջր համաշխարհային փառատօնի խմբերգային կատարումների մրցութային բաժնում ելոյթ ունեցաւ «Արարատ» երգչախումբը:

Տօն էր «Արարատ»-ի մեծ ընտանիքի սրտում, քանի որ ելոյթով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» երգչախումբը խմբավարութեամբ՝ Արաքս Խաչատրեանի:

Ինչպէս արդէն ընթերցողը տեղեկացւել էր «Արարատ» երգչախումբը իր լաւագոյն դրսևորումների շնորհիւ ընտրւել էր մասնակցելու՝ Իրանի 29-րդ ֆաջր երաժշտական համաշխարհային փառատօնին:

Ծրագրի սկզբում ելոյթ ունեցաւ Գորգանի «Ադաք» երգչախումբը, որի անդամները իրենց ելոյթը աւարտելուց յետոյ, գնահատելի կեցւածք ցուցաբերելով չհեռանալով դահլիճից մնացին՝ ունկնդրելու մեր երգչախմբին: Երկրորդ բաժնում՝ հայերէն, պարսկերէն, անգլերէն և լատիներէն լեզուներով 9 փայլուն կատարումներով հանդէս եկաւ Հայ մշակոււթային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախումբը: Յայտագիրը յագեցած էր տարբեր շրջանների ստեղծագործութիւններով, ինչպէս՝ բարոք, դասական, ռոմանտիկ, ժամանակակից եւ Կոմիտաս: Խմբին դաշնամուրով ընկերակցում էր Արին Աւանէսեանը, իսկ «Իրան» երգին թաւջութակով՝ պրն. Բասիր Խամուշին:

Դահլիճը լեցուն էր հայ և պարսիկ հայրենակիցներով: Մեծ հպարտութեամբ ներկայ էին Կենտրոնական վարչութեան անձնակազմը, Արւեստից միութեան վարչականները և առհասարակ «Արարատ»-ի մեծ ընտանիքի անդամները: Ներկաների մէջ աչքի էին ընկնում մի շարք խմբավարներ, մասնագէտ-երաժիշտներ և արւեստագէտներ:

Յատկանշական է, որ «Արարատ» երգչախմբի Կոմիտասի «Լոռու գութան» կատարումը նկարահանելու և համահայկական համաշխարհային մասշտաբով պատրաստւող ֆիլմում ներառելու համար, Հայաստանից Թեհրան են ժամանել Կոմիտասագէտ եւ նոյն անւան կոնսերւատորիայի դասախօս, սփիւռքի նախարարութեան մեդալակիր` Կարինէ Բրուտեանը եւ վաւերագրական բազմաթիւ ֆիլմերի հեղինակ ու մրցանակակիր` Գագիկ Յարութիւնեանը: Երկու հիւրերը նոյնպէս ներկայ էին փառատօնին: Գագիկ Յարութիւնեանին բացառութեան կարգով, արտօնութիւն էր տրւել մի քանի կտոր նկարահանել «Արարատ» երգչախմբի կատարումներից:

Խումբը ծափողջոյնների ներքոյ աւարտեց իր ելոյթը և հանդիսատեսը գոհունակութեամբ թողնելով սրահը տօնական ոգևորութիւնն ու խանդավառութիւնը շարունակեց դրսևորել նաև դահլիճից դուրս՝ բակում, որտեղ դարձեալ դիմաւորեց խմբի անդամներին ու խմբավարին:

Սոյն մրցոյթի արդիւնքները յայտարարւելու են հինգշաբթի փետրւարի 20-ին փառատօնի փակման հանդիսութեան ընթացքին: Դարձեալ յաջողութիւն ենք մաղթում մեր երգչախմբին եւ բոլորս անհամբեր սպասում ենք «Արարատ» երգչախմբի յաղթանակին: