Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 20 Մարտ 2014 19:50
Rate this item
(1 Vote)

 

 

 

 

Այս շրջանի խաղերը նւիրւած են Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակին

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ թւականիս մարտի 19-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկելու են 38-րդ շրջանի Համադպրոցական մարզական խաղերը, որոնք նւիրւած են Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին:
Խաղերի գծով հարցազրոյց ենք ունեցել Կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Սաքօ Ազիզեանի եւ գրասենեակի պատասխանատու Անաշէ Զարգարեանի հետ:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան անդամ Սաքօ Ազիզեանը որպէս Կազմակերպիչ յանձնախմբի պատասխանատու՝ հարցազրոյցի ընթացքում ասաց. «Յանձնախումբը կեանքի կոչւելուց անմիջապէս յետոյ՝ իր առաջին նիստը Մարզական վարչութեան հետ գումարել է յունւարի 13-ին՝ սկսելով նախապատրաստական աշխատանքները: Այս տարի Համադպրոցական խաղերը դժբախտաբար զուգադիպել են Նոր Ջուղայում անցկացւող Գարնանային խաղերին, եւ դժբախտաբար, միջնակարգ օղակի աշակերտները չեն մասնակցելու խաղերին, քանզի նրանցից որոշները միութիւնների մարզական խմբերի շրջագծում մասնակցելու են Գարնանային խաղերին: Թէեւ սկզբնական շրջանում «Սողոմոնեան», «Մարիամ» հաստատութեան, «Գոհար» եւ «Սահակեան» դպրոցները պատրաստակամութիւն էին յայտնել մասնակցել խաղերին, բայց յետոյ հրաժարւեցին:
Դժբախտաբար, աղջկանց բաժնում եւս մասնակից աշակերտուհիների թիւը շատ է նւազել, ուղեցոյց բաժնում չունենք խմբական մարզաձեւերի մասնակցութիւն, իսկ տարրականում եւս թիւը քիչ է: Պէտք է նշեմ, որ այս տարի արձանագրւել են 320 աշակերտ-աշակերտուհիներ, որոնցից 267-ը տարրականից, իսկ մնացեալը ուղեցոյցից են:
Խօսելով մարզաձեւերի մասին՝ պրն. Ազիզեանն աւելացրեց հետեւեալը՝ ունենալու ենք բասկետբոլ, ֆուտբոլ, թեթեւ ատլետ, պինգ-պոնգ, տասնամարտ, ժայռամագլցում, շախմատ եւ հեծանւավազք: Ունենալու ենք նաեւ ասմունքի մրցութիւն: Այս տարի ծրագրել ենք փոքր մեքենաների մասշտաբով մրցութիւն, որը խիստ ընդառաջւել է: Եթէ իրապէս ընդառաջումը յաջող լինի, գալիք տարի դա կաւելացնենք մեր մարզաձեւերի մէջ: Խաղերի բացման հանդիսութիւնը տեղի է ունենալու չորեքշաբթի, մարտի 19-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, եւ խաղերը տեւելու են մինչեւ մարտի 23-ը»:

 Յանձնախմբի անդամներ՝
Նախագահ՝ Սաքօ Ազիզեան
Փոխնախագահ՝ Սարօ Աւագեան
Քարտուղարներ՝ Մեղմիկ Աւագեան եւ Սիոնա Շադքամի
Մարզաձեւերի պատ.՝ Նարբէյ Իսրայէլեան
Նիւթականի պատ.՝ Արբի Ծատուրեան
Գրասենեակի պատ.՝ Անաշէ Զարգարեան
Խորհրդատու՝ Հարւէն Իսաղուլեան

Սաքօ Ազիզեանը խօսելով առգոյ դժւարութիւնների մասին՝ ասաց. «Դժգոհութիւն եմ յայտնում որոշ դպրոցների ծնողական խորհուրդներին եւ կազմերին, որոնք սկզբում պատրաստակամութիւն էին յայտնել մասնակցութեան համար, իսկ յետոյ չմասնակցեցին. նրանց այդ քայլով տուժեցին այլ դպրոցները, որոնք խմբեր էին ներկայացրել:
Խօսելով յանձնախմբի դիմաց ծաւալւած դժւարութիւնների մասին՝ Սաքօ Ազիզեանը աւելացրեց. «Յանձնախմբի կողմից դպրոցներին յղւած մասնակցութեան նամակից յետոյ շատերը մասնակցութեան յայտ ներկայացրեցին, բայց յետոյ հրաժարւեցին մասնակցութիւնից, այդ պատճառով այլ դպրոցները տուժեցին: Յուսանք մեր սիրելի ծնողները աւելի ուշադիր լինեն երեխաների մարզանքի նկատմամբ, որովհետեւ գոյութիւն ունի «Առողջ միտքառողջ մարմին» կարգախօսը»:
Զրոյցի շարունակութեամբ յանձնախմբի գրասենեակի պատասխանատու Անաշէ Զարգարեանը այսպէս արտայայտւեց. «Աղջկանց բաժնում մասնակցում են 98 աշակերտուհիներ, տղայոց բաժնում 232 աշակերտներ: Տղայոց տարրական օղակում բոլոր մարզաձեւերը ընթանալու են, իսկ աղջկանց բաժնում կան բասկետբոլի երկու խմբեր, պինգ-պոնգ չի լինելու, իսկ այլ մարզաձեւերում է՛լ մասնակցութիւնը քիչ է: Աղջկանց ուղեցոյցը մասնակցութիւն չի բերել խաղերին: Ուղեցոյց օղակի տղայոց բաժնում բասկետբոլի եւ ֆուտբոլի երկու խմբեր, թեթեւ ատլետ, պինգ-պոնգ, ժայռամագլցում, ճատրակ, եւ հեծանւավազքը լինելու են:
Մասնակից դպրոցներն են՝ «Ն. Գիւլբենգեան», «Թունեան», «Նայիրի», «Արարատ», «Մարիամ» հաստատութիւն, «Շանթ», «Մարիամեան», «Ռոստոմ» եւ «Արաքս» դպրոցների աշակերտ-աշակերտուհիները:
Պէտք է նշենք, որ այլ դպրոցների չմասնակցելու պատճառով տուժել են «Արաքս», «Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցները՝ պակսեցնելով իրենց մասնակցութեան թիւը»:
Անաշէ Զարգարեանը աւելացրեց, խաղերի հանրային կապը խաղերի չորս օրերի ընթացքում ունենալու է 70 փոքր թղթակիցներ եւ լուսանկարիչներ:
Նրանց ներկայացնելու ենք պատրաստած հարցերը, որոնք կարող են հարցնեն, իսկ իրենց լուսանկարները, որ ուղարկեն մեզ, մենք էլ կը փորձենք «Ալիք»-ի միջոցով, տպագրել նրանց լուսանկարները եւ թղթակցութիւնները:
Վերջում յաջողութիւն մասնակիցներին, յաջող մրցակցութիւն եւ ընկերասիրութիւն: Յուսանք բոլորի համագործակցութեամբ լաւ ու յաջող խաղեր անցկացւեն: Շնորհակալութիւն ենք յայտնում «Ալիք»-ին համագործակցութեան համար»:

Թղթակցութիւնը կազմեց
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ