Հինգշաբթի Մարտի 2Օ-ին մեկնարկւեց
Նոր Ջուղայի «Արարատ» Միութեան
26-րդ Գարնանային խաղերը
Խաղերը նւիրւեց Կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին
Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան ԿենտրոնականՎարչութեան խօսքը ընթերցւած Միութեան նախագահ՝ ընկ. Մասիս Մինասեանի միջոցով
Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան Կենտրոնական վարչութեան անունից ողջունում ենք Ձեզ սիրելի մարզիկ-մարզուհիներ, մարզիչներ և պատասխանատուներ:
Բարի էք եկել Նոր Ջուղա
Իւրաքանչիւր տարի բնութեան վեածնունդի և գարնանամուտի պայծառ օրերին, Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան յարկի ներքոյ ուրախութեամբ հիւրընկալում ենք Իրանի, Հայաստանի, Արցախի և Ջաւախքի տարբեր համայնքներից ժամանած մարզական պատւիրակութիւններին:
26-տարի անընդմէջ, բազմաթիւ դժւարութիւններ յաղթահարելով, սակայն անկոտրում կամքով կազմակերպւել է մարզական այս փառատօնը, որը իրանահայութեան մարզական կեանքում նւաճել է իր ուրոյն տեղն ու դերը: Այսօր վստահութեամբ կարող ենք յայտարարել, որ գարնանային խաղերի և համահայկական մարզական այլ փառատօների բովից անցած և իրենց մարզական տւեալները կատարելագործած բազմաթիւ հայ երիտասարդ մարզիկներ պատւաբեր տեղեր են գրաւել մարզական խմբերում, նրանցից որոշները անդամակցել են Իրանի ազգային- հաւաքականին, իսկ ոմանք՝ առաջնակարգ խմբերին՝ բարձր պահելով իրանահայութեան անունն ու պատիւը:
Առողջ և յանձնառու երիտասարդութիւնն ազգային վեհ գաղափարների ջահակիրն է: Իսկ առաւել ևս այսօր՝ մեր պայքարի կարևոր այս հանգրւանին և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, առանցքային և որոշիչ դերակատարութիւն է վերապահւած հայ երիտասարդութեանը: Այս նշանաբանով Հայ Մարզա-մշակութային միութիւնների ու ակումբների պատասխանատուները տասնամեակներ շարունակ դաստիարակել են բազմաթիւ երիտասարդներ, այն հաստատ համոզումով, որ մարզանքը յանձնառու սերունդ դաստիարակելու լաւագոյն միջոցներից մէկն է:
Ուրախութեամբ և հպարտութեամբ յայտնում ենք, որ այս տարի գարնանային խաղերը նւիրւել են մեր գաղափարակից քոյր միութեան՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին:
70- տարի շարունակ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան անւան հետ է շաղկապւել հայկական մազանքը, մշակոյթը և արւեստը Իրանում:
Յարգանք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադիր անդամների յիշատակին և փառք ու պատիւ նրանց գործը շարունակողներին:
Վերջում Նոր Ջուղայի «Արարատ» Մարզա-մշակութային Միութեան ողջ ընտանիքի անունից, որոնց միասնական և համախմբւած աշխատանքի արգասիքն է Գարնանային 26-րդ խաղերը, յաջողութիւն ենք մաղթում բոլոր մարզիկներին և ցանկանում առողջ մրցակցութիւն:
Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային
«Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութիւն
ՈՒՂԵՐՁ
Խօսքը ընթերցւեց Կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկ. Ռուբինա Գալստեանի միջոցով՝
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութըան Կենտրոնական վարչութեան և բոլոր անդամների անունից՝ ջերմօրէն ողջունում ենք Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան հերթական 26-րդ «Գարնանային խաղերը»-ը, որը այս շրջանում, ի ուրախութիւն մեզ՝ նւիրւել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին:
Նոյն նպատակին, սակայն աշխարհագրական տարբեր շրջաններում ծառայող երկու քոյր միութիւններն էլ իրենց միութենական մի քանի սերունդների անմնացորդ և անվերապահ նւիրումի արդիւնքում, վաղուց՝ իրենց ուրոյն տեղն են զբաղեցրել հայ անհատի և ընտանիքի առօրեայում, հասարակական ու ազգային կեանքում, որը վկան է հայկական համայնքների շահերի պաշտպանման, հայկական մշակոյթի զարգացման և հայկական ոգով տոգորւած սեունդների դաստիարակութեան ճամբին ծաւալւած՝ նպատակասլաց աշխատանքների:
Այդ շարանից է նաև «Գարնանային» խաղերը, որի շնորհիւ՝ Իրանի հայահոծ շրջանների մարզիկ-ուհիները հնարաւորութիւն են ունենում համախմբւելու և իւրայատուկ հայկական շունչ ու ոգի ներշնչող մթնոլորտում, մարզական առողջ մրցակցութեան շնորհիւ, միմեանց հետ հարազատանալու՝ ստեղծելով ընկերական անկեղծ և յարատեւող յարաբերութիւններ:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը բարձր է գնահատում արդէն՝ աւանդոյթ դարձած «Գարնանային» խաղերի կազմակերպումը ու խորին շնորհակալութիւն յայտնում Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան յարգոյ վարչութեան այս շրջանի խաղերի անւանակոչման կապակցութեամբ:
Ոյժ ու կորով ենք մաղթում վարչութեան և կազմակերպիչ յանձնախմբին և յաջողութիւն ՝ մրցակցող բոլոր խմբերին:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն
Մարտ 2014-Թեհրան