Հրատարակութիւն

PDF

Ռադիօ-Բեմադրութիւն՝ նւիրւած մեծ Եղեռնի 99-ամեակին

Rate this item
(1 Vote)

«ԱԼԻՔ» - Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ եւ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան համագործակցութեամբ, հինգշաբթի, մայիսի 8-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Մեծ Եղեռնի 99-ամեակին եւ 100-ամեակին ընդառաջ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Ռուբինա Գալստեանը: Այնուհետեւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Յովսէփ Աւետեանը ներկայացրեց նախ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները՝ ընդհանուր առմամբ՝ դրանք դասակարգելով հինգ կէտերում, որոնք են զօրացնել Հայաստանի պետականութիւնը, օժանդակել Արցախի ինքնորոշման հարցին, արձագանգել ջաւախքահայութեան դժւարութիւններին, բարձրաձայնել Նախիջեւանի հայկական լինելու հարցը եւ չէզոքացնել Ադրբեջանի հակահայ նկրտումները, ապա խօսքը կենտրոնացնելով Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների շուրջ՝ անդրադարձաւ այդ յանձնախմբի գործունէութեանը, որն է ի շարս վերը նշւած աշխատանքների Հայ Դատի մարտավարութեան քննարկումը, պարսկական շրջանակներում Հայկական Հարցի արծարծումը, «Պայման» պարբերաթերթի եւ տարբեր գրքերի հրատարակումը, կայքէջի եւ ֆէյսբուքեան էջի առկայութիւնը եւ այլն:

Այնուհետեւ արտայայտւեց Հենրիկ Խալոյեանը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնի 100-ամեակին ընդառաջ՝ այդ ուղղութեամբ կեանքի կոչւած տարբեր յանձնախմբերի աշխատանքները՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի ինքնորոշման հարցի ճանաչեցման, հողային պահանջատիրութեան, Թուրքիայում թուրք մտաւորականութեան եւ ժողովրդի շարքերում հայանպաստ հասարակական կարծիքի ձեւաւորման, կրթա-մշակութային ձեռնարկների, յուշերեկոների եւ ուխտագնացութիւնների կազմակերպման ու հակահայ տրամադրութիւնների եւ գործողութիւնների չէզոքացման բնագաւառներում:
Դասախօսը նաեւ անդրադարձաւ այդ գծով իրանական պետական մակարդակով տարւելիք աշխատանքներին, որոնցում կարող են իրենց դերակատարութիւնն ունենալ Իսլ. խորհրդարանի հայ պատգամաւորները:
Միջոցառման վերջում իրականացւեց Կոմիտասին առնչւող Ռաֆայէլ Արամեանի «Անտունի» գրւածքի հիման վրայ պատրաստւած ռադիօ-բեմադրութիւն՝ Անահիտ Աբադի ղեկավարութեամբ եւ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան անդամների մասնակցութեամբ, որի ընթացքում ջութակով հնչեցւում էին կոմիտասեան մեղեդիներ:

 

 

alikonline.ir -ից