Print this page
Կիրակի, 08 Հունիս 2014 19:20

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով ( 2014.06.02)

Rate this item
(0 votes)

16-րդնստաշրջան
1960 հոկտեմբերի 21 - 1961 հոկտեմբերի 3

* Միութեան ներքին կեանքում, աշխատանքների բազմազանութիւնը առաջացնում էր խաչաձեւումներ ու դժւարութիւններ. վարչութիւնը խորհել է, որ կառուցային հիմնական փոփոխութիւնների ի գին, հնարաւոր կը լինի վերացնել առգոյ դժւարութիւններն ու խաչաձեւումները:
Առ այդ՝ ծրագրել է բաժանմունքները վերածել անկախ միութիւնների՝ իրենց առանձին վարչութիւններով, որոնք ենթակայ կը լինեն կենտրոնական հովանաւորող եւ համադրող մի մարմնի:
Այսպիսով՝ հնարաւոր կը լինի փրկել դրութիւնը ու նաեւ առիթ տալ միութենականներին՝ դրսեւորւելու ղեկավար դերերում եւ ուղղակի պատասխանատւութիւն ստանձնել:
* Թեհրանի հայ գրողների կապը աւելի սերտացնելու եւ կենդանի դարձնելու նպատակով, միութեան յարկի տակ է համախմբել շուրջ 40 գրողների, որոնք ունեցել են իրենց հերթական կանոնաւոր հանդիպումները: Այսպիսով հիմադրւել է Իրանահայ գրողների միութիւնը:
* Վարչութիւնը, հայ համայնքների միջեւ մշակութային կապ ստեղծելու նպատակով, Թեհրան է հրաւիրել հանրածանօթ բանաստեղծ, գրականագէտ եւ ազգային-հասարակական գործիչ Մուշեղ Իշխանին, որը ելոյթներ է ունեցել Թեհրանում, Թաւրիզում եւ Սպահանում: Վարչութիւնը Մուշեղ Իշխանի Իրան այցելութեան առիթով հրատարակել է բանաստեղծի «Հայաստան» քերթւածը:
* Որոշ անհարթութիւնների հետեւանքով՝ հրաժարւել է Երաժշտական բաժանմունքի ղեկավար մարմինը, որի հետեւանքով՝ կազմալուծւել է երգչախումբը: Վարչութեան կողմից նոր ղեկավար մարմին է նշանակւել, որի ջանքերով յաջողւել է վերակազմել երգչախումբը՝ ղեկավարութեամբ Էդիկ Յովսէփեանի: Երգչախումբը ունեցել է իր տարեկան ելոյթը, որը նաեւ ներկայացւել է Թեհրանի հեռուստատեսութեամբ:
* Գրական բաժանմունքի ջանքերով' «Քուշեշ-Դաւթեան» եւ «Մարիամեան» դպրոցների գրական խմբակները մասնակցել են գրական հանդիպումներին, որտեղ ունեցել են վիճաբանութիւններ՝ զանազան նիւթերի շուրջ, մրցումներ եւ այլն:

* Վարչութիւնը նկատի ունենալով այն պարագան, որ վերջին տարիներում Թատերական բաժանմունքն իր աշխատանքները կատարել է մի շարք միութենականների եւ սիրողների համագործակցութեամբ՝ առանց որեւէ մնայուն թատերախմբի, յանձնարարել է բաժանմունքի վարչութեան ներկայացուցիչ Հարփիկ Թամրազեանին' ուսումնասիրելու խնդիրը: Յիշեալի կատարած աշխատանքի որպէս արդիւնք՝ հնարաւոր է եղել միութենականներից կազմել մի թատերախումբ, որը կոչւել է «Արմէն» եւ որի ղեկավարութիւնը յանձնւել է Շահէն Սարգսեանին: Խումբը ունեցել է թատերական արւեստի եւ դիմայարդարման դասընթացներ: Թատերախումբը ունեցել է երեք բեմադրութիւն՝ «Զւարճալիքը», «Յամառութիւն շոգենաւը» եւ «Վանդակը»: Աշխատանք է տարւել նաեւ միութեան շուրջ համախմբւած պահելու սիրողների խումբը, որոնց հետ զբաղւել են Ռուբէն Աթայեանը եւ միութենական Նապոլ Սարվարեանը: Առաջինը յաջողել է կազմակերպել մի ներկայացում՝ Վարդանանքի տօնակատարութեան հանդէսում:
«Արմէն» թատերախմբի դեկորների եւ հագուստների պատասխանատուն է եղել Արբի Յովհաննիսեանը:
* Մարզական ասպարէզում, ծանրամարտի միջին քաշի մրցումներում Էմիլ Եղիազարեանը Թեհրանում գրաւել է 2-րդ տեղը:
Երկրի կռփամարտի մրցումներում Պօղոս Մատթէոսեանը 9-րդ քաշում հանդիսացել է 2-րդ, Էդիկ Թանեանը 4-րդ քաշում 2-րդ եւ Վազգէն Շահնազարեանը 6-րդ քաշում՝ 3-րդ: Խումբը գրաւել է 2-րդ տեղը:
* Սոյն տարւայ ընթացքում սկաուտականը ձեռնարկել է ունենալ ամսական «Տեղեկատու»-ի հրատարակութիւնը, որն անվճար տրւել է սկաուտների եւ միութենականների տրամադրութեան տակ: Հրատարակւել են 7 համարներ: