Print this page
Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2013 10:35
Rate this item
(1 Vote)

 

Երեցների միութիւն

    Երէցների միութեան գաղափարը գոյութիւն է ունեցել դեռ «Արարատ» ը Կազմակերպութիւն դառնալուց շատ առաջ, դեռ 1944 թւականից, երբ հիմնադրւում է Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան պատւանդանն համարւող միութիւնը...։ Դա յանձինս նւիրեալ անձանց,  կազմաւորւել է դառնալու համար Կազմակերպութեան միտքը, փորձը եւ թիկունքը։

    Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան ամենաբանուկ ու աշխոյժ բաժիններից է՝ «Երէցների միութիւն»–ը, որը համարւում է նաեւ կազմակերպութեան թիկունքը, եւ  որի հիմնադրման 45–ամեակը նշւեց 2009 թւականի  դեկտեմբերի 10–ին, կազմակերպութեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։ Ահա թէ ինչպէս կազմաւորւեց ու կեանքի կոչւեց Կազմակերպութեան բարոյական ու նիւթական թիկունքն համարւող՝ Երէցների միութիւնը։

 

Միութեան պատմական նախադրեալները
    1962 թւականի ապրիլին ժամանակի դիւան-վարչութեան առաջարկով եւ «Արարատ» միութեան 17–րդ նստաշրջանի 17–րդ ընդհանուր ժողովի հաստատումով, մի շարք կառուցային փոփոխութիւններ տեղի ունեցան, որոնց հետեւանքով Հայ Մշակութային «Արարատ» միութիւնը վերակազմաւորւեց, կոչւելով՝ Հայ Մշակութային “Արարատ” Կազմակերպութիւն, բաղկացած հինգ միութիւններից` Երաժշտական,  Սկաուտական, Թատերական, Գրական եւ Մարզական, որոնք ունեցել են իրենց վարչութիւններն ու մէկական ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչութեան կողմից։

 

Երէցների միութեան հիմնադրութիւնը
    Կառուցային փոփոխութիւնների լոյսի տակ, նաեւ այն օրերին գոյութիւն ունեցող դժւարութիւնների պատճառով, երբ աւելի զգալի էր դարձել փորձառու անդամների պակասը, ժամանակի վարչութիւնը մի հրաւէր է կազմակերպում՝ որին մասնակցել են մի շարք նախկին միութենականներ: Հանդիպման ընթացքում ներկաների սեփականութիւն դարձնելով ժամանակի խնդիրները դիմում է նրանց ասելով՝ Սիրելի Երէց Արարատականներ, հնուց եկած խօսք է, «Ծառն՝ արմատով է ծառ, տունը հիմքով տուն»: 

    Կենտրոնական վարչութիւնը մեկնելով այն կարեւորից, որ կազմակերպութիւնից ներս անհրաժեշտ է ունենալ նախկինի փորձառու միութենականներ, որոնք իրենց փորձառութեան բերումով ամէն կերպ օգտակար կարող են հանդիսանալ վարչութիւններին եւ միութենականներին, 1964 թւականին, կատարւած հրաւէրով, «Արարատ»–ի յարկի տակ է մէկտեղել հին միութենականներին եւ պարզելով գոյութիւն ունեցած մտահոգութիւններն ու մարտահրաւէրները, հիմք է դրւում՝ «Երէցների միութեան»։

    Այսպիսով իր կոչն է ուղղում բոլորին կրկին անգամ իրենց մասնակցութիւնը բերելու «Արարատ»–ի աշխատանքներին, ներկաները խանդավառութեամբ ընդառաջելով կոչին, վերանդամագրւում են: 

    Եւ ահա 1964 թւականին՝ նախկին անդամների միջոցով, հիմնադրւում է Երէցների միութիւնը, երբ «Արարատ»–ն արդէն իսկ քսան տարեկան էր:

    Այս թւականից սկսեալ արդէն երկու սերունդ Արարատականներ կողք-կողքի աշխատանք են տարել Կազմակերպութեան յարկի տակ, յանուն Արարատի վեհ նպատակների: 

    Երէցների միութիւնը իր գործունէութեան առաջին տասնամեակում աշխատանք է տարել որպէս մէկ միաւոր, սակայն նրա աշխատանքների ծիրում ներառւած են եղել զանազան բնագաւառի աշխատանքներ:

 

Միութեան գոյութեան նպատակը

    Հ.Մ.Ա.Կ.–ի Երէցների միութեան գոյութեան առանձնայատուկ նպատակն է   ի մի բերել  Կազմակերպութեան մէջ անդամակցութեան անցեալ ունեցող այն անհատներին, որոնք գործի, տարիքի կամ այլ պատճառներով չեն կարողանում գործօն մասնակցութիւն բերել Հ.Մ.Ա.Կ.–ի այլ միութիւնների աշխատանքներին, սակայն ցանկութիւն ունեն Կազմակերպութեան անդամ մնալ եւ իրենց ուժերի ու հնարաւորութիւնների սահմաններում նպաստել նրա նպատակների իրագործմանը։

Երէցների միութեան անդամների մեծամասնութիւնը լինելով համեմատաբար աւելի փորձառու միութենականներ, յատուկ պարտականութիւն ունեն իրենց փորձառութիւնները եւ ստացած ազգային ու հասարակական դաստիարակութիւնը փոխանցելու նոր սերնդին։

    Հ.Մ.Ա.Կ.–ի նպատակների իրագործման ճամբին, Երէցների միութիւնը պարտականութիւն է համարում իր հնարաւորութիւնների սահմաններում, բարոյապէս ու նիւթապէս օժանդակելու Հ.Մ.Ա.Կ.–ի  միւս միութիւններին եւ նրա կազմի մէջ աշխատող մարմիններին, լրացնելու այն բացերը, որոնք գոյութիւն ունեն Կազմակերպութեան ամբողջական գործունէութեան ծիրից ներս, եւ Հ.Մ.Ա.Կ.–ի նպատակները ճանաչեցնելով ու դրանց իրագործման անհրաժեշտութեան շուրջ հասարակական միտք հասունացնելով, ժողովրդային լայն համակրութիւն եւ զօրակցութիւն ստեղծելու նրա նկատմամբ։

    Զարգացնելու համար իր անդամների ազգային, հասարակական, քաղաքական եւ կազմակերպական ըմբռնումները եւ բաւարարելու համար նրանց մշակութային նախասիրութիւնները, Երէցների միութիւնը կազմակերպում է ներքին իմաստով ձեռնարկներ, միութեան բոլոր անդամների մասնակցութեամբ՝ կիրառելով հաւաքական ու միասնաբար աշխատանք տանելու օգտակար եղանակը։

    Հ.Մ.Ա.Կ.–ի ամբողջական գործունէութեան ծիրից ներս, Երէցների միութեան համար յատուկ ուշադրութեան առարկայ են Հայ Դատի, հայեցի դաստիարակութեան եւ տնտեսական ասպարէզներում տարւող աշխատանքները։

 

ՈՒՂԵԳԻԾ

    Երէցների միութեան կազմաւորման առաջին իսկ օրւանից, միութեան կարեւորագոյն նպատակներից է եղել՝

        Ա)- Բարոյապէս ու նիւթապէս օժանդակել Կազմակերպութեան քոյր միութիւններին։

        Բ)– Զարգացնել ու բարձրացնել իր անդամների ազգային, հասարակական, քաղաքական եւ կազմակերպական ըմբռնումները։

        Գ)– Հ.Մ.Ա.Կ.–ի ամբողջական գործունէութեանց սահմաններից ներս, յատուկ ուշադրութեան առարկայ դարձնել Հայ Դատի եւ հայեցի դաստիարակութեան, ինչպէս նաեւ տնտեսական ասպարէզում տարւող աշխատանքները։

    Վերում նշւած նպատակներն իրակացնելու միտումով, Երէցների միութեան 2009 թւականի 14 օգոստոսի արտահերթ Ներկայացուցչական ժողովը հաստատում է 4 գլուխներից ու երկու կէտերից բաղկացած մի ուղեգիծ՝ 6 ամսեայ գործադրման համար։ 

 

 

Երէցների Միութիւնն ունի հետեւեալ բաժանմունքները 

        Հանրային – Հասարակական բաժանմունք

        Արհեստից բաժանմունք

        Հանդէս ձեռնարկ բաժանմունք

    Ներկայում Երէցների միութեան բոլորանւէր գործունէութեան շնորհիւ, Կազմակերպութեան մէջ տարւում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրականութիւն չէին դառնալու եթէ չլինէր՝ Կազմակերպութեան թիկունքն համարւող այս կարգապահ եւ յանձնառու Միութիւնը։  

 

 

        Ու մենք միասին,

        Արարատն ու մենք,

        Պիտի սևեռենք արևին հայրենի,

        Պիտի մագլցենք լեռն յաղթական: