Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 25 Օգոստոս 2014 13:37

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

26-րդ նստաշրջան
1981 յունւարի 3 - 1982 դեկտեմբերի 2


Ի հետեւանս երկրում տիրող յեղափոխական իրավիճակի եւ հայ իրականութեան մէջ ապազգային տարրերի աշխուժութեան, թերեւս ինքնապաշտպանութեան բնական մղումով՝ աշխուժանում է ազգային կեանքը, որի ծիրում նաեւ, եւ յատկապէս «Արարատ» կազմակերպութեան գործունէութիւնը: Այսպէս՝ բազմանում են մշակութային եւ մարզական խմբերը եւ հակառակ շարունակւող արտագաղթին՝ շրջանի վերջում անդամների թիւը աճելով՝ հասնում է 1944 հոգու:
* 9-րդ Պատգամաւորական ժողովը (1981 յունւար) մանրամասնօրէն քննարկել եւ հաստատել է կազմակերպութեան «Նպատակ»-ը եւ բաղկացուցիչ բոլոր միութիւնների եւ մասնաճիւղերի ուշադրութեանն է յանձնել այդ նպատակի քննարկումն ու իւրացումը:
lԿենտրոնական վարչութիւնը հանդիպումներ է ունեցել Թեմական խորհրդի եւ Սրբազան Հօր հետ՝ մարզաւանում կառուցւելիք մատուռի մասին: Նախագծի պատրաստումը յանձնարարւել է ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանին:
* Մարզաւանի Վարիչ մարմինը, աշխատանքները լաւագոյնս դասաւորելու եւ մարզաւանը աւելի քան ժողովրդականացնելու նպատակով, կեանքի է կոչել՝ թենիսի, լողաւազանների, շինարարական, նիւթականի, ձեռնարկների, «Երեխաների ամառային ծրագիր»-ի յանձնախմբերը: Կառուցել է երկու սրահ՝ որպէս հաւաքատեղի եւ պինգ-պոնգի խաղասրահ: Կազմակերպել է շաբաթական ֆիլմերի ցուցադրութիւն եւ ուրբաթօրեայ ճաշկերոյթներ՝ հասարակութեան համար:
* 1982-ի ապրիլին «Բոնիադէ մոստազաֆան»-ը (ընչազուրկների հաստատութիւն)՝ որպէս Նոբահարի կենտրոնատեղիի շէնքի նոր սեփականատէր, պահանջել է Հ.Մ.Ա.Կ-ից՝ որպէս վարձւորի, ճշտել կենտրոնատեղիի վիճակը: Կենտրոնական վարչութիւնը մի շարք հանդիպումներից եւ խորհրդակցութիւններից յետոյ՝ շէնքը գնելու առաջարկ է ներկայացրել:
* Կազմակերպութիւնը իր մասնակցութիւնն է բերել Իրան-Իրաք պատերազմի աղէտեալերին շտապ բուժօգնութիւն հասցնելու նպատակով, Իրանահայ բժիշկների միութեան նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպւած աշխատանքներին:

140825d01a

* 1981-ին պառակտւած էր համայնքը, թեհրանահայ որոշ միութիւններ մտադիր էին առանձնաբար նախաձեռնել Համահայկական մրցութիւններ, որը է՛լ աւելի պիտի խորացնէր երկպառակտութիւնը: Ուստի՝ 1981-ին, Կենտրոնական վարչութիւնը անսալով Թեմական խորհրդի եւ թեմակալ առաջնորդի կոչին, կանխեց 17-րդ Համահայկական մրցութիւնները: Ապա հիմք ունենալով Թեմական խորհրդի մտահոգութիւնները, նաեւ քոյր միութիւնների առաջարկները՝ տեղի ունեցած միախառն հանդիպումների որպէս արդիւնք, կազմեց 1982-ի Համահայկական մրցութիւնների կազմակերպման հիմունքները, ըստ որի՝ Կենտրոնական վարչութիւնը պատճառաբանւած կերպով անհրաժեշտ եւ օգտակար գտաւ ունենալու մէ'կ Համահայկական՝ իր հերթական շարանով, այն է 17-րդ՝ նւիրւած ազգային-հասարակական գործիչ, մտաւորական եւ Հ.Մ.Ա.Կ.-ի անցեալի նախագահ Անդրէ Ամուրեանի յիշատակին: Որոշւեց այդ մրցութիւնների գործադիր մարմնի կազմերին մասնակից դարձնել քոյր միութիւնների ներկայացուցիչներին եւ մրցումներից գոյացած շահը բաժանել մասնակից միութիւնների միջեւ: Այսպիսով՝ անկախ պետական տարբեր հաստատութիւնների (մարմնամարզութեան հաստատութիւն, մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութիւն եւ այլն) կողմից առաջացրած խոչնդոտներից՝ 1982-ի սեպտեմբերի 9-ին բացումը կատարւեց 17-րդ Համահայկական մրցութիւնների:
* Մարզական միութիւնը կազմակերպել է մի շարք մրցութիւններ՝ «Հայ նահատակ զինւոր»-ի անւամբ: Առաջին անգամը լինելով՝ կազմակերպել է նաեւ «Արարատեան գաւաթ» վեցամսեայ մրցաշարը: Զոյգ մրցաշարերի հասոյթից, որպէս օգնութիւն պատերազմից տուժածներին, տրամադրւել է «Բոնիադէ շահիդ»-ին (նահատակների հաստատութիւն):
* Արւեստից միութեան մէջ «Արարատ» թիւ մէկ (ղեկավար՝ Էդիկ Քոլեան) եւ «Անի» (ղեկավար՝ Հրաչուհի Մակարեան) երգչախմբերի կողքին, կեանքի է կոչւել «Ծիծեռնակ» մանկական եւ «Սեւան» երգչախմբերը, առաջինը ղեկավարութեամբ՝ Հրաչուհի Մակարեանի, իսկ երկրորդը՝ ղեկավարութեամբ Գուրգէն Մովսիսեանի եւ մասնակցութեամբ տեղիս հմուտ եւ փորձառու երգիչ-երգչուհիների:

140825d01b

* Ամէն տարի 6 գիշեր «Արարատ»-ի սրահում տեղի է ունեցել Արւեստից միութեան կազմակերպած «Գուսանական երգի երեկոյ». 1982-ին ծրագիրը կրկնւել է նաեւ «Սուքերեան», «Սահակեան» եւ «Նայիրի» սրահներում (6 գիշեր) որոնցից գոյացած շահը յատկացւել է նոյն սրահին կապւող դպրոցին եւ կամ միութեանը:
* 1981 թւականի հոկտեմբերին Արւեստից միութեան վարչութեան որոշումով Մշակոյթի օրւայ առիթով, կազմակերպւել է «Մշակոյթի շաբաթ»:
* Աշխոյժ է եղել թատերական կեանքը, բեմադրւել է՝ «Պաղտասար ախպար»-ը (9 գիշեր), բեմադիր՝ Արամայիս Աղամալեան. «Մովսէս Խորենացի եւ Պարոյր Հայկազն» ռադիօ բեմադրութիւնը եւ «Կիլիկիոյ արքան» (5 գիշեր Թեհրանում, 2 գիշեր Թաւրիզում), բեմադիր՝ Կիտուշ Արզուեան. «Մեր ժողովուրդը ինքը» (21 գիշեր), եւ «Մի կաթիլ արեւ» (6 գիշեր), բեմադիր՝ Գէորգ Նուբարեան. «Մոնսերա» (7 գիշեր), բեմադիր՝ Սուրիկ Բաղդասարեան. «Առաջնորդը» եւ «Էյ, ո՞վ կայ այդտեղ» (2 գիշեր), բեմադիր՝ Ռոլանդ Բոլդի: Իւրաքանչիւր բեմադրութեան առիթով կազմակերպւել է նաեւ կլոր սեղան-հանդիպում, ուր քննարկւել է տւեալ բեմադրութիւնը:
* Գրական բաժանմունքը ձեռնարկել է գրական երեկոներ՝ ասմունքի մրցութիւն, կլոր սեղաններ, դասախօսութիւններ, մանկական գրքերի հրատարակութիւն, գրադարանի վերահասութիւն:
* Ֆիլմարւեստի խմբակը պատրաստել է մի ֆիլմ՝ «Տարագիր» անւամբ, որի ռեժիսորն էր Էդիկ Բալայեանը:
* Լուսանկարչութեան խմբակը ապրիլի 24-ի առիթով կազմակերպել է մի մրցութիւն եւ մի ցուցահանդէս:
* Արւեստից միութիւնը, կազմակերպութեան կեանքում առաջին անգամը լինելով, կեանքի է կոչել մանկական պարախումբ՝ օժանդակութեամբ պարուսոյց եւ խորհրդատու մի կազմի:

140825d01c

* Երէցների միութեան հրատարակչական բաժանմունքը տպագրել է Ահարոնեանի «Ազատութեան ճանապարհին» հինգ պրականոց գրքերը, նաեւ ձեռնարկել է Համաստեղի «Սպիտակ ձիաւոր» գրքի վերահրատարակումը՝ 2 հատորով: Տպագրել է փոստրներ՝ Արեւմտեան Հայաստանի պատմական կոթողներից՝ Վահկայ, Լամբրոն եւ Լեւոնկլայ բերդերը: Յիշեալ նկարներից 60 օրինակներ բաժանւել են հայոց դպրոցներին եւ միութիւններին:
* Սկաուտական միութիւնը տօնել է իր հիմնադրման 30-ամեակը, ուր կատարել է նաեւ տարեկան երդման արարողութիւնը: Նոյն առիթով նաեւ հրատարակել է իր պատմութեան գրքոյկը:
Կազմել է Սկաուտական միութեան երգչախումբը՝ խմբավարութեամբ արենուշ Արփի Սիմրոջեանի:
Տպագրել է փոստրներ եւ թռուցիկներ՝ Հրայր Գիլինճեանի եւ Համբիկ Սասունեանի պաշտպանութեան համար:
* 1981-ի օգոստոսին Կենտրոնական վարչութիւնը ընթացք տալով Գեարդաբադից ստացւած դիմումնագրին, տեղում հիմնել է մի մասնաճիւղ: Կ. վարչութեան ներկայացուցչի ներկայութեամբ, գումարւել է ընդհանուր ժողով, որտեղից ընտրւել է մասնաճիւղի վարչութիւնը:
* Աշխոյժ է եղել յատկապէս Ուրմիոյ մասնաճիւղը՝ իր մանկական, պատանեկան եւ երէցների երգչախմբերով, որոնցից առաջին երկուսի ղեկավարն է եղել Լորիկ Ազիզեանը, իսկ երրորդինը՝ Քնարիկ Մանասէրեանը. ունեցել է նաեւ պարախումբ՝ ղեկավարութեամբ Օֆելիա Ազիզեանի:
* Թաւրիզի մասնաճիւղում Թեհրանի Սկաուտական միութեան օժանդակութեամբ հնարաւոր է եղել վերսկսել սկաուտական աշխատանքները:
* Կենտրոնական վարչութիւնը ձեռնարկել է Միջմասնաճիւղային մրցութիւններ՝ Ուրմիայի, Գեարդաբադի եւ Թաւրիզի մասնաճիւղերի միջեւ: