Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 08 Սեպտեմբեր 2014 14:38

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

28-րդ նստաշրջան

1984 դեկտեմբերի 21 - 1986 դեկտեմբերի 3


* 1986 թւականի վերջերին առաջացած թիւրիմացութեան հետեւանքով, իշխանութիւնների կողմից փակւեց մարզաւանը, որը տեւեց չորս ու կէս ամիս: Մարզաւանի երկարատեւ փակւելը թէ՛ բարոյական, եւ թէ՛ նիւթական առումով մեծ վնաս պատճառեց Կազմակերպութեանը: Ի վերջոյ պատկան հաստատութեան կողմից ութ կէտերից ճշտւած պայմանագրով վերաբացւեց մարզաւանը:
* 1985 թւականին կազմակերպւել են 11-րդ Համադպրոցական՝ Էդիկ Ներսիսեանի անւան վոլիբոլի մրցութիւնները, 19-րդ Համահայկական խաղերը նւիրւած՝ Հ.Մ.Ա.Կ.-ի 40-ամեակին եւ «Արարատեան գաւաթ» խաղերը:
1986 թ.-ից սկսած պետութեան կողմից զինւորացու երիտասարդութեան մուտքի արգելումը որեւէ ակումբ, պատճառ դարձաւ, որ Մարզական միութիւնը կորցնի իր անդամների խոշոր տոկոսը: Կացութիւնը էլ աւելի բարդացաւ Մարզաւանի փակւելով, որով խախտւեց միութեան խմբերի փորձերն ու աշխատանքները: Համադպրոցական խաղերը արտօնութիւն չստանալու պատճառով՝ տեղի չունեցան, իսկ Համահայկական խաղերը տեղի չունեցան մարզաւանի փակ լինելու հետեւանքով:
* 1986 թւականին լուծարքի ենթարկւեց երկրի Սկաուտական կազմակերպութիւնը, որի հեեւանքով որոշւեց 1986 նոյեմբերից Սկաուտական միութիւնը կոչւի «Մարմնակրթական միութիւն», զգեստները նմանւեց մարզական հագուստների եւ զեղչւեցին մի շարք զուտ սկաուտական աշխատանքներ:
Այդ օրերում արտագաղթի եւ զինւորական ծառայութիւն գնալու խնդիրը պատճառ դարձան միութեան աստիճանաւորական կազմերի նւազեցման:
Իսկ մարզաւանը փակւած լինելու ընթացքում՝ միութեան աշխատանքները կենտրոնացել էին Նոբահարի կենտրոնատեղիում, այգիներում եւ անդամների տներում:

140908d01a

* Արւեստից միութեան մէջ, չնայած պետական շրջանակների կողմից առաջացած սահմանափակումների, որը իր ուղղակի ազդեցութիւնն էր թողել միութեան նիւթական վիճակի վրայ, միութիւնը բաւականին աշխոյժ օրեր է ունեցել եւ համայնքին է նւիրել արւեստով լի օրեր. դրանցից յատկանշական են՝
- Շարունակւել է մանկական գրքերի հրատարակութիւնը, հրատարակւել են «Մանկական ընտրեալ երգերի» ձայներիզը եւ գիրքը եւ «Իրանահայ վերջին 50-ամեայ թատրոնի վաստակաւորներ» գիրքը:
- Տկն. Անահիտ Ջանբազեանի երկրից հեռանալու հետեւանքով, «Ջանբազեան» պարախմբի ուսուցիչների առաջարկով, պարախումբը ցանկութիւն է յայտնում աշխատելու Հ.Մ.Ա.Կ.-ի յարկի տակ, որով 1985 թւականի սեպտեմբերին կազմւեց Արւեստից միութեան պարի բաժանմունքը:
- Բեմադրւել են հետեւեալ թատերգութիւնները՝ Պերճ Զէյթունցեանի «Մեծ լռութիւն»-ը (6 գիշեր), բեմադիր՝ Արամայիս Աղամալեան, Դերենիկ Դեմիրճեանի «Քաջ Նազար»-ը (14 գիշեր) բեմադիր՝ Էդիկ Ասլանեան, Լեւոն Շանթի «Հին Աստւածներ»-ը բեմադիր՝ Արամայիս Աղամալեան, Դիւրէն Մաթիի «Ֆիզիկոսներ»-ը (5 գիշեր) բեմադիր՝ Կիտուշ Արզուեան, Գ. Սունդուկեանի «Պեպօ»-ն (10 գիշեր) բեմադիր՝ Ելենա Աւեստիսեան:
- Կազմակերպւել են բազմաթիւ գրական երեկոներ նւիրւած՝ Պետրոս Դուրեանին, Վահան Տէրեանին, Միսակ Մեծարենցին, Մ. Զարիֆեանին, Րաֆֆիի ծննդեան 150-ամեակին, Դանիէլ Վարուժանի 100-ամեակին, ասմունքի երեկոներ՝ Յովհաննէս Շիրազի «Հայոց դանթէական»-ը, Վահագն Դաւթեանի «Օ՜ տայր ինձ զծուխն ծիրանի», Եղիշէ Չարենցի «Մահւան տեսիլ»-ը՝ ասմունք-բեմադրութեան ձեւով. Կազմակերպւել են հայ գրականութեան գիտելիքների եւ ասմունքի մրցութիւններ: Տեղի են ունեցել «Արւեստի երկրորդ սեմինար»-ը թեհրանահայ թատրոնի մասին՝ նւիրւած Ա. Աղամալեանի յիշատակին: Բանախօսութիւն-կլոր սեղաններ եւ այլն:
* 1985 թւականի ապրիլի 28-ին կազմակերպութեան յարկի տակ, աշխատանքային գրասենեակում իր մահկանացուն կնքեց իրանահայ մեծ արւեստագէտ՝ Արամայիս Աղամալեանը, որի շունչն ու հեղինակութիւնը թատերական ասպարէզում ազդու նշանակութիւն ունէր անդամների համար: Նրա մահւան բերումով՝ մէկ շաբաթ դադարեցին Արւեստից միութեան ձեռնարկները եւ կազմակերպութեան թատերախումբը անւանակոչւեց նրա անունով: