Հեռախօս «Ալիք»-ին
Հեռախօս «Ալիք»-ին
Որպէս ծնողական խորհրդի անդամ՝ ուզում եմ գնահատել Հ.Մ.Ա.Կ.-ի Համադպրոցական խաղերի Հանրային կապի գրասենեակին և յանձնախմբի կողմից կազմակերպւած բառ-բացատրութեան մրցութեան ծրագրի իրականացնողներին: Այդ ծրագիրը այդ օրերին մեծ եռանդ ու աշխուժութիւն առաջացրեց աշակերտների միջև:
«Մարիամ» հաստատութեան աղջ. բաժնի ծնողական խորհրդի անդամ
«Օրը մի բարի գործ անել»
Սոյն թւականի ուրբաթ ապրիլի 18-ի առաւօտեան, Սկաուտական միութիւնը իր այդ օրւայ աշխատանքը նւիրեց ընդհանուր մաքրութեան:
Ինչպէս միշտ՝ «Միշտ պատրաստ» և «Օրը մի բարի գործ անել» նշանաբանով, Սկաուտական միութեան բոլոր անդամները միասնաբար մաքրեցին սկաուտական մասնաբաժինի և բանակավայրի ամբողջ տարածքը:
Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, ապրիլի 7-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նշւեց Մայրերի տօնը
Սոյն թւականի Ապրիլի 7-ի երեկոյեան ժամը 8:00-ին Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայրութեան եւ Գեղեցկութեան տօնը:
Ծրագրին հրաւիրւած էր՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը: Ներկայ էին Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան եւ Երէցների միութեան վարչութեան անդամները, միութեան անդամները եւ մի շարք հրաւիրեալներ, նաև Հայաստանից ժամանած Հ.Հ. ԳԱԱ հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ- Սփիւռքի հետազօտութիւնների բաժնից 3 հետազօտներ, որոնք հարցաթերթիկներ բաժանեցին ներկաներին լրացնելու համար, հետևեալ օրագրով՝ «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազօտութիւն» ծրագիր:
Բարի գալստեան խօսքը եւ ողջոյնը ընթերցեց միութեան նախագահ՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը: Ապա Սիլւա Կապուտիկեանի բանաստեղծութիւններից ընթերցւեց Երէցների միութեան անդամ՝ ընկեր Էդւարդ Յարութիւնեանի միջոցով: Ջութակի կատարմամբ ելոյթ ունեցաւ Պատրիկ Հախնազարեանը: Ասմունքով հանդէս եկաւ ընկեր Քլար Աբուլեանը՝ «Հայոց մայրեր» բանաստեղծութիւնով:
Օրւայ առիթով արտայայտւեց դոկտ. Կարէն Խանլարեանը: Մօտենալով Հայոց Ցեղասպանութեան 99 ամեակի տարելիցին, նա ներկաներին հրաւիրեց դիտելու իր հեղինակած «Թաքուն հայեր» ֆիլմը եւ բացատրութիւններ փոխանցեց ֆիլմի եւ ցեղասպանութեան վերաբերեալ:
Ծրագրի վերջը ընթացք առաւ ընթրիք-երեկոյով, որից յետոյ ապրիլ ամսւայ ծննդեան տարեդարձների առիթով հատւեց պատրաստւած կարկանդակը:
Հինգշաբթի Մարտի 2Օ-ին մեկնարկւեց
Նոր Ջուղայի «Արարատ» Միութեան
26-րդ Գարնանային խաղերը
Խաղերը նւիրւեց Կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին
Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան ԿենտրոնականՎարչութեան խօսքը ընթերցւած Միութեան նախագահ՝ ընկ. Մասիս Մինասեանի միջոցով
Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան Կենտրոնական վարչութեան անունից ողջունում ենք Ձեզ սիրելի մարզիկ-մարզուհիներ, մարզիչներ և պատասխանատուներ:
Բարի էք եկել Նոր Ջուղա
Իւրաքանչիւր տարի բնութեան վեածնունդի և գարնանամուտի պայծառ օրերին, Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան յարկի ներքոյ ուրախութեամբ հիւրընկալում ենք Իրանի, Հայաստանի, Արցախի և Ջաւախքի տարբեր համայնքներից ժամանած մարզական պատւիրակութիւններին:
26-տարի անընդմէջ, բազմաթիւ դժւարութիւններ յաղթահարելով, սակայն անկոտրում կամքով կազմակերպւել է մարզական այս փառատօնը, որը իրանահայութեան մարզական կեանքում նւաճել է իր ուրոյն տեղն ու դերը: Այսօր վստահութեամբ կարող ենք յայտարարել, որ գարնանային խաղերի և համահայկական մարզական այլ փառատօների բովից անցած և իրենց մարզական տւեալները կատարելագործած բազմաթիւ հայ երիտասարդ մարզիկներ պատւաբեր տեղեր են գրաւել մարզական խմբերում, նրանցից որոշները անդամակցել են Իրանի ազգային- հաւաքականին, իսկ ոմանք՝ առաջնակարգ խմբերին՝ բարձր պահելով իրանահայութեան անունն ու պատիւը:
Առողջ և յանձնառու երիտասարդութիւնն ազգային վեհ գաղափարների ջահակիրն է: Իսկ առաւել ևս այսօր՝ մեր պայքարի կարևոր այս հանգրւանին և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, առանցքային և որոշիչ դերակատարութիւն է վերապահւած հայ երիտասարդութեանը: Այս նշանաբանով Հայ Մարզա-մշակութային միութիւնների ու ակումբների պատասխանատուները տասնամեակներ շարունակ դաստիարակել են բազմաթիւ երիտասարդներ, այն հաստատ համոզումով, որ մարզանքը յանձնառու սերունդ դաստիարակելու լաւագոյն միջոցներից մէկն է:
Ուրախութեամբ և հպարտութեամբ յայտնում ենք, որ այս տարի գարնանային խաղերը նւիրւել են մեր գաղափարակից քոյր միութեան՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին:
70- տարի շարունակ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան անւան հետ է շաղկապւել հայկական մազանքը, մշակոյթը և արւեստը Իրանում:
Յարգանք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադիր անդամների յիշատակին և փառք ու պատիւ նրանց գործը շարունակողներին:
Վերջում Նոր Ջուղայի «Արարատ» Մարզա-մշակութային Միութեան ողջ ընտանիքի անունից, որոնց միասնական և համախմբւած աշխատանքի արգասիքն է Գարնանային 26-րդ խաղերը, յաջողութիւն ենք մաղթում բոլոր մարզիկներին և ցանկանում առողջ մրցակցութիւն:
Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային
«Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութիւն
ՈՒՂԵՐՁ
Խօսքը ընթերցւեց Կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկ. Ռուբինա Գալստեանի միջոցով՝
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութըան Կենտրոնական վարչութեան և բոլոր անդամների անունից՝ ջերմօրէն ողջունում ենք Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան հերթական 26-րդ «Գարնանային խաղերը»-ը, որը այս շրջանում, ի ուրախութիւն մեզ՝ նւիրւել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին:
Նոյն նպատակին, սակայն աշխարհագրական տարբեր շրջաններում ծառայող երկու քոյր միութիւններն էլ իրենց միութենական մի քանի սերունդների անմնացորդ և անվերապահ նւիրումի արդիւնքում, վաղուց՝ իրենց ուրոյն տեղն են զբաղեցրել հայ անհատի և ընտանիքի առօրեայում, հասարակական ու ազգային կեանքում, որը վկան է հայկական համայնքների շահերի պաշտպանման, հայկական մշակոյթի զարգացման և հայկական ոգով տոգորւած սեունդների դաստիարակութեան ճամբին ծաւալւած՝ նպատակասլաց աշխատանքների:
Այդ շարանից է նաև «Գարնանային» խաղերը, որի շնորհիւ՝ Իրանի հայահոծ շրջանների մարզիկ-ուհիները հնարաւորութիւն են ունենում համախմբւելու և իւրայատուկ հայկական շունչ ու ոգի ներշնչող մթնոլորտում, մարզական առողջ մրցակցութեան շնորհիւ, միմեանց հետ հարազատանալու՝ ստեղծելով ընկերական անկեղծ և յարատեւող յարաբերութիւններ:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը բարձր է գնահատում արդէն՝ աւանդոյթ դարձած «Գարնանային» խաղերի կազմակերպումը ու խորին շնորհակալութիւն յայտնում Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան յարգոյ վարչութեան այս շրջանի խաղերի անւանակոչման կապակցութեամբ:
Ոյժ ու կորով ենք մաղթում վարչութեան և կազմակերպիչ յանձնախմբին և յաջողութիւն ՝ մրցակցող բոլոր խմբերին:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն
Մարտ 2014-Թեհրան
Յանձնառութեան Պանծալի Դրսեւորում
Նպատակադրւած կառոյցներն ու միաւորներն են, որ ժամանակների ընթացքում իրենց հետ միասին մեծանում ու կատարելագործւում են նրանք, որոնք յանձնառութեամբ են միանում այդ միաւորին, կազմաւորման, միութեան կամ կազմակերպութեան։ Ահա պատկան միաւորն այն ժամանակ է կարող հպարտանայ իր ծնունդով, եւ արդարացնի իր գոյութիւնն ու առաքելութիւնը, երբ իր կենսունակութեան ժամանակ տեսնում է իր հովանու ներքոյ հասակ նետած միութենականը հաւատարիմ է իրեն ուսուցանած սկզբունքներին։
Այսպիսի պանծալի երեւոյթների ենք հանդիպում մանաւանդ «Համահայկական» կամ «Համադպրոցական» տարեկան մարզական խաղերի ընթացքում, երբ նոյն սերունդները կանգնելով երիտասարդների և պատանիների կողքին, նախ համեստութեան եւ ազնւութեան դասեր են փոխանցում նրանց, եւ ապա իրենք ստանձնում են որեւէ աշխատանքի պատասխանատւութիւնը, առանց հաշւի առնելով կամ բարձրաձայնելու իրենց հանգամանքն ու զբաղեցրած պաշտօնները։
Անցնող տարիների նման, այս տարի եւս «Համադպրոցական» մարզական խաղերի ընթացքում վաստակաւոր մարզիկներին ենք տեսնում, որ խոնարհութեամբ կատարում են իրենց յանձնարարւած պարտականութիւնները։
Տասնամարտի մրցութիւնները կազմակերպելու եւ ընթանալու ընթացքում տեսնում ենք ՖԻԲԱ –ի Ասիայի մրցավարների կոնֆեդերասիոնների նախագահ, բասկետբոլի միջազգային մրցավար` Հերոս Աւանէսեանը մասնակցելով նոյն տասնորդական խաղերի կազմակերպման աշխատանքներին, ամենափոքրիկ դպրոցական մարզիկների հետ շփւելով, չափելով նրանց կշիռը, բոյը, ձեռքերի երկայնութիւնը եւ այն, բացարձակապէս մոռանում է իր միջազգային հանգամանքները, եւ այդ պահին դառնում է մանուկ, պատանի եւ նոյների լեզւով ու հոգեբանութեամբ նրանց պատրաստում է խաղերի համար....
Ասում էին .– «Գիտէք ո՞վ է», եւ լսում ես՝ «Ո՞վ չի ճանաչում Հերոս Աւանէսեանին»։ Ինքը լսելով, քմծիծաղ է տալիս ու շարունակում է իր գործը։
Հերոսն իր այդ գործով ոչ միայն համեստութիւն եւ խոնարհութիւն է ուսուցանում երիտասարդներին, այլեւ իր կողքին դաստիարակում է իր տեսակի նոր սերնդի փաղանգաւորներին։
Հերոսի կողքին՝ Լիւդւիկը, Վրէժը, Ռիտան եւ շատ ուրիշները ..., որոնք գլխիկոր ու համեստութեամբ կատարում են այն ինչը, որոնց իրենց յանձնարարւել է: Նրանք աշխատանքի դաշտ են մտնում ՝«Միմիայն աշխատելու եւ ծառայելու համար։
Արմատ նետած կաղնիացած միաւորների, կազմակերպութիւնների հետեւորդները այսպէս են լինում։
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային կապ