Երէցների Միութեան փետրւար ամսւայ ընդ. հանդիպումը տեղի է ունենալու երկուշաբթի փետրւարի 5-ի ժամը 8:00-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում :
Նիւթ՝ ռեժիսոր Անահիտ Աբադի միջոցով ներկայացւելու է «Եւա» ֆիլմը:
Յունւարի 18 եւ 19-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի գիշերայինը եւ ուրբաթօրեայ աշխատանքը:
Սկզբում սկաուտները միասնաբար խաղացին, այնուհետեւ տօնեցին խմբի աստիճանաւորներից մէկի տարեդարձը:
Տօնակատարութեանը յաջորդեց դասարան, որը տիեզերական գիտութիւնների մասին էր, դասարանից, յետոյ սկաուտները մասնակցեցին ֆիզիքական աշխատանքներին, որտեղ սովորեցին գետնային ֆիզիքական աշխատանքների հնարքները:
Յատկանշական է որ, յաջորդ օրը՝ ուրբաթ աշխոյժ արենուշները միասնաբար պատրաստեցին ձեռքի աշխատանքներ, ինչն էլ մեծ ոգևորութեան առիթ դարձաւ:
Կայացաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական գիշերայինը
Հինգշաբթի յունւարի 26-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան աստիճանաւորական գիշերայինը, որը նպատակ ունէր միութեան Աստիճանաւորների մօտ զարգացնել ե՝ւ գիտելիքները ե՝ւ փոխյարաբերութիւնը:
Աշխատանքը մեկնարկեց բացման արարողութեամբ, այնուհետեւ սկաուտները բաժանւեցին 4 խմբակների, որոնք էին՝ Արշակունեաց, Կիլիկիա, Արտաշէսեան եւ Ռուբինեանը:
Խմբակների բաժանւած սկաուտները, օրը շարունակեցին ռենջերային խաղով, որը ժամանցային լինելուց բացի սովորեցնում էր ռենջերային գործողութիւններ եւ ինքնապաշտպանութեան հմտութիւններ:
Միւս աշխատանքը ՝ Խ. Արին Մկրտչեանի դասախօսութիւնն էր:
Սկաուտապետը փոխանցեց խմբային աշխատանքների կարեւորութեան հիմնակէտերը, եւ նրա զարգացման ուղիները: Վերջում մասնակիցները սկաուտապետին ուղեցին իրենց յուզող հարցերը, որոնց լրացուցիչ պատասխաններ տւեց դասատուն:
Սկաուտական գիշերային աշխատանքների թւում էր, նաեւ հետախուզականը, որտեղ սկաուտները Արարատի ողջ տարածքում նախօրօք տեղադրւած նամակները փնտրեցին դառնալով իրական հետախոյզներ: Նրանք պատասխանելով նամակներում տրւած հարցումներին զարգացրին իրենց սկաուտական երկրորդ կարգի գիտելիքները:
Հետախուզականում սկաուտներին սպասւում էր հետաքրքիր նւէրներ՝ պատասխանելով հարցերին, նրանք ստանում էին սննդամթերք եւ սննդի պատրաստման պարագաներ: Վերջում, իւրաքանչիւր խմբակ պատրաստեց ընթրիք, որի ժամանակ ջերմ խարոյկի բոցավառւած կրակի շուրջ հաւաքւելով երգեցին մինչեւ ուշ գիշեր: