Կենտրոնական Վարչութիւն
հոկտեմբերի 22-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի «Մաջնունեան» սրահում տեղի ունեցաւ Կազմակերպութեան «Նոր Միտք» նախաձեռնութեան հաւաք-հանդիպումն, որի օրւայ բանախօսն էր գրող, թարգմանիչ Նորվան Միքայէլեանը:
Նախագծի սկզբում «Նոր մտքի» անունից դոկտ. Շանթ Բաղրամեանը ներկայացրեց օրւայ բանախօսի կենսագրական տւեալները:
Հանդիպմանը Նորվան Միքաէլեանը համապարփակ անդրադարձաւ հայոց լեզւի անաղարտութեան պահպանման անհրաժեշտութեանը: Հայոց լեզւին վերաբերող ելոյթներով հանդէս եկան ծրագրի մասնակիցները:
Միջոցառման ընթացքում օրւայ բանախօսը մասնաւորապէս, կարեւորեց խմբային մտածողութեան զարգացման՝ արւեստի, մշակոյթի, կրթական ոլորտների եւ հասարակութեան դերակատարութեան բարձրացման անհրաժեշտութիւնը՝ հայոց լեզւի իմացութեան մակարդակի բարձրացման ուղղութեամբ:
Նշենք, որ Նորվան Միքայէլեանը ծնւել է 1963 թւականին Իրանի Ղարադաղ գաւառում: Աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Շուրջ 25 տարի է ինչ դասաւանդում է Թեհրանի հայոց դպրոցներում, որպէս հայոց լեզւի եւ գրականութեան ուսուցիչ: Դասախօսել է Իսլ. Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնում, ինչպէս նաեւ՝ Թեհրանի հայրենագիտական երեկոյեան դասընթացներում:
Արժանացել է «Մովսէս Խորենացու» անւան շքանշանին: Մինչ այժմ հրատարակել է բանաստեղծութիւնների 3 գիրք եւ մէկ վիպակ՝ «Այստեղ ձիւները չեն հալչում» խորագրով: Թարգմանել եւ հրատարակութեան է յանձնել «Ահմադ Շամլու»-ի բանաստեղծութիւնների ընտրանին: Նորվանից տասնեակ յօդւածներ են լոյս տեսել հայկական մամուլում:
Սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Կազմակերպութեան միութիւնների նախագահներին, այդ թւում՝ Երէցների միութեան նախագահ ընկ. Հենրիկ Բաբաահարոնին, Սկաուտական միութեան սկաուտապետ ընկ. Արգին Պօղոսեանին եւ Արւեստից միութեան փոխնախագահ ընկ. Գրեթա Հախբանդարեանին:
Հանդիպման սկզբին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց Կազմակերպութեան միութիւնների նախագահներին, այնուհետեւ անդրադարձաւ աշխատանքներին եւ ապագայ ծրագրերին:
Հանդիպման օրակարգում ընդգրկւած էր պատգամաւորական ժողովի հարցը, որի անցկացման թւականի վերաբերեալ Կազմակերպութեան միութիւնների նախագահները եւ Կենտրոնական վարչութեան անդամները յայտնեցին իրենց տեսակէտները:
Կազմակերպութեան նախագահն իր խօսքերում նաեւ միութիւնների ուշադրութեանը յանձնեց աշխատանքների ծրագրման նրբութիւններն ու նկատառումները տարբեր իրավիճակների համար:
Միութիւնների նախագահներն էլ իրենց հերթին անդրադարձան նախկին եւ ապագայ ծրագրերին:
Սգում ենք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման շրջանի վարչութեան անդամ՝
ՌՈՒԶԱՍ ԽՈՅԼԵԱՆԻ
ցաւալի մահը, որը տեղի ունեցաւ շաբաթ, 3 սեպտեմբերի 2022 թ.-ին ԱՄՆ-ում:
Յուղարկաւորութեան կարգը տեղի է ունենալու հինգշաբթի, 22 սեպտեմբեր 2022 թ.-ին, առաւօտեան ժամը 10:00-ին, GLENDALE FOREST LAWN գերեզմանատան CHURCH OF THE RECESSIONAL մատուռում, ապա թաղումը՝ նոյն գերեզմանատնում։
Այս ծանր և անփոխարինելի կորստի առթիւ, անհուն վշտով ցաւակցում ենք Խոյլեան ընտանիքի անդամներին և միւս բոլոր հարազատներին:
Իրանի 53֊րդ Համահայկական խաղերի ընթացքին, երէկ սեպտեմբերի 13֊ի երեկոյեան, Արարատ-Մահրամ ընկերական բասկետբոլի մրցումից յետոյ աշխատանքային թէժ պահին նոյն գիշերւայ պահի, հերթապահ օժանդակներին ու լուսանկարիչներին, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանի և Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանի ընկերակցութեամբ, Հանրութեան հետ կապի գրասենեակ այցելեց՝
ԻԻ Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, ով ողջունելով ընկերներին գնահատեց և ոյժ ու աւիւն մաղթեց աշխատանքը բարեյաջող աւարտին հասցնելու համար։